ԿՈՉ ԶՕՐԱԿՑՈՒԹԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ

Սրտի դառն կսկիծով ականջալուր եւ ականատես եղանք սահմռկեցուցիչ այն լուրին, որով հաղորդւում էր Պէյրութի նաւահանգիստում տեղի ունեցած ահաւոր պայթումի մասին, որի զոհ գնացին հարիւրից աւելի անմեղ զոհեր, չորս հազարից աւելի վիրաւորներ եւ տասնեակ կորածներ։

Մարդկային զոհերի կողքին մեծապէս վնասներ են կրել բազմաթիւ շէնքեր, տուներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիւանդանոցներ, խանութներ եւ գործատեղիներ։

Այս ողբալի կացութիւնից զերծ չմնացին նաեւ հայկական եկեղեցիներն ու դպրոցները, մշակութային կենտրոններ ու ազգային կառոյցները։ Մեծ վնասների է ենթարկւել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի Մայր Տաճարը, Կիլիկեան թանգարանը, մատենադարանը, վեհարանն ու յարակից շէնքերը։

Կրկին եւ այս անգամ աւելի ծանր հարւածի է ենթարկւում Լիբանանի մեր համայնքը, որ արդէն իսկ Լիբանանում տիրող տնտեսական տագնապի եւ կորոնաժահրի համաճարակի հետեւանքով ծանր վիճակի էր մանտւած։

Այս առիթով մենք հեռաձայնային կապ հաստատեցինք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի, Լիբանանի թեմի առաջնորդ Շահէ Արքեպիսկոպոսի եւ Պուրճ Համուդի քաղաքապետ՝ պրն. Մարտիկ Պօղոսեանի հետ եւ մեր ցաւը, վիշտն ու զօրակցութիւնը արտայայտեցինք նրանց։

Հայ համայնքը ունեցած է 11 զոհ եւ մօտաւորապէս 250 վիրաւորներ ըստ Վանայ ձայնի հաղորդումների։

Ի տես եւ ի լուր այս դառն իրականութեան կոչւած ենք նիւթական ու բարոյական մեր օժանդակութեամբ զօրակցելու մեր եղբայրներին եւ քոյրերին, որպէսզի հնարաւորութեան սահմաններում կարելի լինի մեղմացնել նրանց ցաւն ու տառապանքը։

Արդարեւ մեր սրտագին կոչն է մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ առաջնորդւելով ազգային մեր պարտաւորութիւնից մեր նիւթական ու բարոյական զօրակցութիւնը յայտնենք մեր հայ համայնքին։

Հայ ազգը մի մեծ ընտանիք է, բաղկացած համայնքներից ու այդ ընտանիքի անդամներ ենք մենք, արդարեւ երբ ընտանիքի մի անդամներից մին ցաւի, ամբողջ ընտանիքը ցաւում է։ Այսօր Լիբանան հայ ընտանիքը ցաւի ու նեղութեան մէջ է, մեր բոլորի բարոյական պարտականութիւնն է օգնութեան ձեռք երկարել ցաւատանջ ընտանիքին։

Այս առիթով աղօթում եմ անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար, իրենց ընտանեկան պարագաների մխիթարութիւն եւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

5 Օգոստոս 2020