Խորհրդատւական հանդիպում ` «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ»

Սոյն թւականի յունիսի 21-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդատւական-տեղեկատւական հանդիպում՝ 9-րդ դասարանի աշակերտների և նրանց ծնողների համար «Ծանօթացում 10-րդ դասարանի ուսումնական ճիւղերի հետ» թեմայով՝ (هدایت تحصیلی و تعیین رشته پایه نهم)

Հանդիպմանը ներկայ էին, Կրթական խորհրդի անդամներից՝ փոխատենապետ՝ Կարինէ Բալըկճեանը, անդամներ՝ Անի Միրզախանեանը և Սիլւա Իսաղուլեանը, աշակերտներ, ծնողներ և ծնողական խորհրդի անդամներ: Կարինէ Բալըկճեանը ողջունելով ներկաներին, հակիրճ ներկայացրեց հանդիպման նպատակն ու կարևորութիւնը:

Վերը նշւած թեմայով իր բացատրական տեղեակատւութիւնը ներկայացրեց մասնագիտութեամբ՝ հոգեբան, երկար տարիների փորձառու տեսուչ և կրթական խորհրդատու՝ Վահէ Բաբայեանը: Պրն. Բաբայեանի կողմից մանրամասնօրէն շուրջ 2 ժամ բացատրւեց միջնակարգ Բ օղակում դասաւանդւող ճիւղերը: Ինչպէս նաև անդրադարձաւ հայկական դպրոցներ յաճախելու և հայեցի դաստիարակութիւն ստանալու անհրաժեշտութեանը:

Այսպիսի հանդիպումները հնարաւորութիւն են ընձեռնում աշակերտներին տեղեկացւած լինելու և ճիշտ կողմնորոշւելու ապագայ մասնագիտութիւնների ընտրութեան հարցում:
Ելնելով աշակերտների և ծնողների գոհունակութիւնից և հանդիպման արդիւնաւէտութիւնից խորհուրդս յույս յայտնեց, որ նմանատիպ խորհրդատւական հանդիպումներ կը կազմակերպւեն յետագայ տարիներում ևս:

Կրթական խորհուրդը շնորհակալութիւն է յայտնում Վահէ Բաբայեանից, «Շանթ-Մարիամեան» դպրոցի փոխտեսչից և ծնողական խորհրդի անդամներից, հանդիպման նախապատրաստական աշխատանքներին իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ