ԲԵԹՂԵՀԷՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Այսօր Բեթղեհէմի մանուկների կոտորածի յիշատակի օրն է։ Երբ երեք մոգերը արեւելեան աստղի առաջնորդութեամբ Երուսաղէմ գնացին, մեծն Հերովդէսի ապարանքը մտնելով հարցնում էին․«Ո՞ւր է հրեաների նորածին թագաւորը»:

Այն ժամանակ ամբողջ քաղաքը Հերովդէս Թագաւորով հանդերձ խռովւեց: Արքան կանչելով աւագ քահանաներին ու օրէնքի ուսուցիչներին՝ Սուրբ Գրքերը բանալով ճշտեց Մեսիայի Ծննդեան վայրը ու մոգերին պարտականութիւն տւեց Նրան գտնելուն պէս, հաղորդեն իրեն: Մոգերը կրկինաստղի առաջնորդութեամբ գտան մանուկ Յիուսի գտնւելու վայրը` երկրպագելով նրան մատուցեցին իրենց ընծաները. ապա Աստծու հրեշտակից հրաման ստանալով` ուրիշ ճամբով իրենց երկիրը վերադարձան:

Հերովդէսը մոգերից խաբւած լինելով հրամայեց կոտորել Բեթղեհէմի երկու տարեկանից փոքր մանուկներին:

Ասես սա կրկնելի մի ձեռագիր էր: Նման օրինակ դէպքի, մենք հանդիպում ենք հրեաների ազատարար Մովոէսի ծննդեան ժամանակներում: Փարաւոնը հրամայել էր վերացնել հրեաների արու զաւակներին: Նման օրինակ վայրագութիւն տեղի ունեցաւ նաեւ Տիրոջը պատկանող հայ ազգին։

Այո` ամօթապարտ Փարաւոնի եւ թշւառական Հերովդէսի ու անօրէն թուրքի յետին, չար բելիար` սատանան էր կանգնած:

Ասւում է․ՙՄատաղահասակ մանուկները իրենց անձը Տիրոջ ընծայեցին` եւ զինւորի համար աւելի արժանի ու պանծալի պսակ ի՞նչն է կարող լինել,եթէ ոչ իր հաւատքի զօրագլուխի համար քաջայաղթ մահով պսակւելը՚:

Չարն ու նրա գործակից բռնակալները չգիտակցեցին որ հալածւող Փոքրիկ արքան նոյն ինքն Կեանքն է եւ աշխարհի Փրկիչը, եւ կարող է իր նախատեսած ժամանակին, իր անձը մատնելով բոլորի տեղ, Իր համար զոհւածներին կենդանացնել:

- Ըստ մեր Յայսմաւուրքների, կոտորւած մանուկների թիւը 1462 հոգի էր, ընդհանրապէս Բեթղեհէմի սահմանակից ութսունեւչորս գիւղերից:
- Ըստ յոյների եւ եթովպացիների` այս թիւը շատ աւելի բարձր է, եւ ոմանք հասցնում են մինչեւ 14.000-ի:
- Երբ Հռոմի Օգոստոս Կայսրը լսեց, թէ՝ հրեաների Հերովդէս թագաւորը հրամայել է սպանել երկու տարեկանից վար բոլոր մանուկներին, եւ նրանց հետ սպանել է իր իսկ որդուն, ասաց. ՙԼաւ է Հերովդէսի խոզը լինել, քան` որդին: Որովհետեւ նա, որ խոզ չէր սպանում եւ չէր ուտում, Բեթղեհէմի մանուկների կոտորածի օրն իսկ սպանել տւեց իր Անտիպատրոս անդրանիկ որդուն՚:
- Յովսէփոս պատմիչը հետեւեալ ձեւով է ներկայացնում Հերովդէսի չարաչար օրհասը. ՙՀերովդէսի հիւանդութիւնը գնալով ծանրանում էր, եւ իր գործած անօրէնութիւնների հատուցման պահը մօտենում: Ներքնապէս նա խիստ ջերմում էր ու ներքնապէս մաշւում: Չէր կարողանում ուտել: Աղիքի շուրջը չարորակ վէրք էր առաջացել եւ չարաչար տանջում էր Նրան: Ոտքերը այրւում էին, կուրծքը՝ քերթւում եւ որդնոտում: Շնչահեղձ էր լինում, եւ իր ժահի հոտից սաստիկ տառապում էին ե՛ւ ինք ե՛ւ իր շուրջինները...:

Բժիշկների թելադրութեամբ հանքային ջերմ ջրի մէջ մարմինը ձէթով շփեցին: Եւ երբ ձէթով լեցուն ամանի մէջ մտաւ, թուլացաւ եւ աչքերը դարձան...: Նա բարկութեամբ լցւել էր, եւ ասում էր. «Գիտեմ որ երբ ես մեռնեմ, հրեաները մեծ տօնախմբութիւն պիտի կատարեն: Բայց իմ վրաս սուգ բռնել պիտի տամ նրանց՝լաց ու կոծ անելով»: Հերովդէսը ուզում էր, որ այն բոլոր մարդիկը` որոնք բանտ են դրւել, երբ ինքը մեռնի, նրանց կոտորեն. եւ այս կերպով ամբողջ Հրէաստանը եւ բոլոր տները ակամայ պիտի լային։ Սակայն նրա ցաւերը սաստկանում էին: Ուզում է անձնասպան լինել, բայց առանց կարողանալու, չարաչար ցաւերով մեռնում է:

Այո սիրելի հաւատացեալներ՝ նոյնանման պատուհաս ու պատիժ է սպասւոմ Քրիստոսի հաւատացող հայ ժողովրդի ոխերիմ թշնամի, անապաշխարհ թուրքին, որը դաժանաբար կոտորեց հայ ժողովրդին, թագրանում մի հայ թողնելու տեսլականով․ մոռանալով, որ նոյն ազգի Յարուցեալ Տէրը, կարող է յարուցանել իր ժողովրդին ու իր յարութեան փառքին արժանացնել։