Զեկոյց Կորոնավիրուս համաճարակի կապակցութեամբ իրագործւած աշխատանքների մասին

Ինչպէս արդէն քաջատեղեակ էք, չորեքշաբթի 2020 թւականի փետրւարի 19-ից սկսեալ, կորոնավիրուս համաշխարհային համաճարակը ծնունդ ստացաւ նաեւ Իրանում։ Այս ուղղութեամբ կառավարութեան առաջին քայլը դարձաւ հիւանդներին մեկուսացնելը եւ կրթական հաստատութիւնների աշխատանքի դադարեցումը։
Թեմիս Թեմակալ Առաջնորդը, Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը, համագործակցաբար անմիջապէս լծւեցին աշխատանքի։ Պետութիւնը իր կարգին կրթական բոլոր հաստատութիւնների աշխատանքները դադարեցրեց. այդուհանդերձ Թեմական խորհուրդը խորհրդակցութեամբ պատկան մարմինների հետ որոշեց՝

  1. Աշակերտութեան առողջութիւնը ապահովելու հրամայականից ելնելով, Կրթական խորհրդին 100.000.000.-ռիալ բիւջէ տրամադրւեց, որպէսզի խորհուրդը ապահովութիւն ստեղծի դպրոցներում, հնարաւորինս համաճարակի տարածման կանխարգելման եւ աշակերտութեան առողջութիւնը ապահովելու կապակցութեամբ, որը աշխատանքը անմիջապէս իրագործւեց եւ բոլոր մանկապարտէզներին եւ հայոց դպրոցներին տրամադրւեց մի շարք անհրաժեշտ պարագաներ՝ պաշտպանիչ դիմակներ, միանւագ օգտագործման ձեռնոցներ նաեւ խոնաւ ալկոհոլային անձեռոցիկներ, նախատեսւեց նաեւ տրամադրել աւտոմատ ջերմաչափման համար նախատեսւած թւային ջերմաչափեր եւ ախտահանող նիւթեր, որոնք դպրոցների վերաբացւելուց յետոյ օգտագործւելու են բոլոր դպրոցներում։

  2. Թեմիս աշխատող բոլոր միութիւններին թելադրւեց ժամանակաւոր դադարեցնել բոլոր մարզական եւ մշակութային միջոցառումները եւ ընթացիկ բոլոր աշխատանքները։

  3. Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Կրօնական եւ Թեմական խորհուրդների հետ խորհրդակցելով, որոշում ընդունեց փետրւարի երրորդ շաբաթից սկսեալ, առաջին հերթին երկու շաբաթով դադարեցնել եկեղեցական բոլոր արարողութիւնները, յետագային երկրում տիրող պայմանների համաձայն կողմնորոշւելու պայմանով։
    Այս հանգրւանին առաջնորդ Սրբազան Հայրը յատուկ կոչով ժողովրդին դիմեց, համբերութեամբ հետեւելու պետութեան թելադրանքներին եւ Թեմական խորհրդի կոչերին կապւած ապահովութեան հարցերին։

  4. Թեմական խորհուրդը երկրորդ փուլում, նկատի ունենալով երկրում շարունակւող ճգնաժամային իրավիճակը, մարտի 1-ից սկսեալ Ազգային Առաջնորդարանի աշխատանքային ժամերը, ժամանակաւորապէս կրճատելով, սահմանեց՝ առ. ժամը 7։30-ից մինչեւ 13։00-ը։

    Թեմական խորհուրդը կիրակի թւականիս մարտի 8-ին գումարւած նիստում յանգեց հետեւեալ որոշումներին՝
  1. Սրբազան Հօր յորդորանքով, համաճարակի կապակցութեամբ աշխատանքներին վերահասու լինելու եւ տնօրինելու կապակցութեամբ կեանքի կոչւեց շտաբ հետեւեալ անձնակազմով՝
    • Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեան
    • «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի կապ՝ Քրիստ Արզումանեան
    • Յարաբերական մարմնի կապ՝ Հարմիկ Աւետեան
    • Նոր Բուրաստան գերեզմանատան կապ՝ Ռաֆիկ Մելիքսէթեան
    • Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեան

  2. Հիգիենայի սկզբունքները պահպանելու եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, նկատի առնւեց 2.000.000.000.-ռիալ բիւջէ «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանին եւ Ծերանոցներին, Նոր բուրաստան գերեզմանատան նաեւ բոլոր ենթակայ կառոյցներին հարկ եղած անհրաժեշտ առողջապահական պարագաները տրամադրելու առնչութեամբ, որը մինչ օրս շարունակաբար կատարւել է։

  3. Որոշում կայացւեց շտաբի աշխատանքներին զուգահեռ Թեմական խորհուրդը շաբաթական մէկ պահ կիրակի օրերը նիստ գումարել՝ աշխատանքներին վերահասու լինելու առնչութեամբ։

  4. Որոշում կայացւեց նաեւ, որ թեմիս Կարիքաւորներին օժանդակող մարմնի հետ խորհրդակցաբար եւ ուսումնասիրութեամբ օժանդակութիւն ցուցաբերել՝ այս ուղղութեամբ օժանդակութեան կարիք ունեցող ընտանիքներին։

  5. Վերոնշւած աշխատանքներին զուգահեռ կապ հաստատւեց պետական շրջանակների ինչպէս՝ Առողջապահութեան նախարարութեան, Քաղաքապետարանի, Սննդամթերքի եւ դեղորայքի կազմակերպութեան, Ճգնաժամային կենտրոնական շտաբի եւ Բժշկական սարքաւորումների կառավարման կազմակերպութեան հետ առողջապահական փաթեթներ (քիթեր), պաշտպանողական դիմակներ եւ հականեխիչ նիւթեր նաեւ հարկ եղած օժանդակութիւնները ստանալու կապակցութեամբ։

  6. Այս ժամանակահատւածում Նոր Բուրաստան գերեզմանատանն է տրամադրւել նաեւ բոլոր անհրաժեշտ իրերը եւ յատուկ հագուստներ (գան), որոնք օգտագործւում են կորոնավիրուսից մահացածների թաղման համար, որը կատարւում է պրոտոկոլային նորմերը հաշւի առնելով։

    Հարկ է նշել, որ գերեզմանատան աշխատանքներին անմիջական վերահասու է եղել Թեմական խորհրդի կապը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետը։
    Տւեալների համաձայն մինչ օրս կորոնավիրուս համաճարակից յստակ մահացել են թւով վեց հոգի, ունեցել ենք երեք կասկածելի պարագաներ իսկ չորս մահւան կապակցութեամբ, ըստ պատկան մարմնի թելադրութեան իրենց թաղումը կատարւել է պրոտոկոլային նորմերը հաշւի առնելով։

  7. Թեմական խորհուրդը շարունակական կապի մէջ է եղել «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի, Կարիքաւորներին օժանդակող մարմնի եւ Ծերանոցների կապակցութեամբ՝ Հայ կանանց բարեգործական ընկերութեան նախագահների հետ, անհրաժեշտ պարագաները տրամադրելու առնչութեամբ։

  8. Հինգշաբթի թւականիս ապրիլի 2-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել խորհրդակցական հանդիպում՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ Նորայր Արամեանի։ Հանդիպման ներկայ են եղել թեմիս Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի անձնակազմը, Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանը, «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետուհի՝ Արմինէ Սէթխանեանը, «Ալիք» հաստատութեան ներկեյացուցիչ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ Հայոց ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ֆրէդ Աշուղեանը։
    Յետ հանդիպման Թեմակալ Առաջնորդը հանդէս եկաւ զօրակցութեան կոչով եւ յորդորեց բոլոր հայրենակիցներին, որպէսզի լծւելով բարեսիրական ու մարդասիրական աշխատանքին, իրենց մասնակցութիւնը բերեն՝ կորոնավիրուսից տուժած եւ նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած համայնքիս ընտանիքներին, օժանդակութիւն տրամադրելու կապակցութեամբ։

Թեմական խորհուրդը հիմնւելով իր նիւթական ռեսուրսներին 1.200.000.000.-ռիալ նիւթական օժանդակութիւն է փոխանցել Կարիքաւորներին օժանդակող մարմնին, համայնքիս շուրջ 300 ընտանիքներին պարէն տրամադրելու կապակցութեամբ։
Այս հանգրւանին ակնկալում ենք մեր ժողովրդի աւելի ակտիւ մասնակցութիւնը նւիրահաւաքին։ Ի վերջոյ աշխարհով մէկ կազմակերպութիւններ եւ երկիրներ դիմել են նւիրահաւաքի աշխատանքներին։ Քրիստոնէական մեր պարտականութիւնն է միմեանց օգնելու։

Թեմական խորհուրդը «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հետ համագործակցաբար, կորոնավիրուս համաճարակի պատճառով ստեղծւած առողջապահական ճգնաժամային իրավիճակից ելնելով, ապրիլի 8-ից սկսեալ «Ա.Աւետիսեան» բուժարանում, գործարկել է թէժ գիծ ծառայութիւնը, որի միջոցով բժշկական ոլորտի մասնագէտները պատրաստ են պատասխանել կորոնավիրուսի կապակցութեամբ հարցումներին։

Այս ողջ շրջանում Թեմիս Առաջնորդը կապի մէջ է եղել Իրանի միւս քոյր թեմերի՝ Ատրպատականի եւ Սպահանի Թեմակալ Առաջնորդների հետ եւ միասին խորհրդակցել են Կաթողիկոսարանից իրենց ուղղւած կոչերի կապակցութեամբ եւ այս ուղղութեամբ անհրաժեշտ տնօրինում են կատարել։
Յայտնենք, որ ժողովրդին թելադրւեց CILICIA TV միջոցով եւ ինստագրամով հետեւել Աւագ Շաբաթւայ եւ Ս.Յարութեան տօնի եկեղեցական արարողութիւններին։

Այս շրջանում Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի միջոցով, կապ է հաստատւել համայնքիս բոլոր միութիւնների ատենապետների հետ, յստակ տւեալներ ստանալու եւ կարիքաւոր ընտանիքներին օժանդակութիւն տրամադրելու կապակցութեամբ նաեւ ամենօրեայ կապ է հաստատւել, Կարիքաւորներին օժանդակող մարմնի հետ, պարէն տրամադրելու աշխատանքին վերահասու լինելու եւ ընթացքը արագացնելու կապակցութեամբ։

Հարկ է նշել, որ պրն. Արամեանը ուրբաթ թւականիս ապրիլի 10-ին, այս ուղղութեամբ այցելութիւն է կատարել «Նայիրի» դպրոց եւ տարւած աշխատանքը գնահատելով, խնդրել է օժանդակութիւնները տրամադրելու աշխատանքի ընթացքը աւելի արագացնել ։
Կապ է հաստատւել նաեւ մեր թեմի հեռակայ՝ Անզալի, Ռաշտ, Ղազւին, Սարի, Գորգան եւ Արաք շրջանների պատասխանատուների հետ։

Թեմական խորհուրդը համաճարակի տարածման ճգնաժամային ժամանակահատւածում, առաջին իսկ օրւանից գօտեպնդւելով եւ գործի լծւելով, փորձել է սատարել եւ համայնքիս թեւ ու թիկունքը լինել եւ նոյնիսկ զգօն ու առաջատար է եղել որոշումներ կայացնելու գործընթացում։ Այս ընթացքին Թեմական խորհուրդը միշտ պատրաստ է եղել լսելու շինիչ առաջարկներն եւ ինչուչէ նաեւ քննադատութիւններ։

Յայտնենք որ ազգ. Առաջնորդարանի հետեւեալ՝ 88901634 համարով կարելի է զանգահարել ազգ. առաջնորդարանի աշխատանքային ժամերին եւ յայտնել այս ճգնաժամային կացութեան կապակցութեամբ իրենց առաջարկութիւններն ու խորհուրդները։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ