Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չինաստանում եւ նրա սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումը շարունակում է մնալ համաշխարհային լուրջ սպառնալիք եւ ակնյայտ է, որ եթէ համաճարակի տարածումը կարճ ժամանակահատւածում չկանխւի՝ բացի այն, որ կարող է հազարաւոր մարդկանց կեանքեր խլել, կարող է նաեւ լուրջ բացասական ազդեցութիւն ունենալ բոլոր բնագաւառներում ի մասնաւորի համաշխարհային տնտեսութեան վրայ։

Նկատի առնելով Իրանում օրստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը եւ տիրող տնտեսական ճգնաժամը՝ հինգշաբթի թւականիս ապրիլի 2-ին՝ ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ՝ Նորայր Արամեանի։

Ժողովն իր աշխատանքը սկսեց Տերունական աղօթքով, որից յետոյ Սրբազան Հայրը յատուկ աղօթք ասաց՝ 2016 թւականի ապրիլ 2-ի ապրիլեան պատերազմի ժամանակ նահատակւած քաջարի հայորդիների նաեւ վերջերս կորոնովիրուսից մահացած ննջեցեալների հոգու խաղաղութեան համար։

Հանդիպմանը ներկայ էին թեմիս Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանը, Թեմական խորհրդի անձնակազմը, Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանը, «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետուհի՝ Արմինէ Սէթխանեանը, «Ալիք» հաստատութեան ներկեյացուցիչ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ Հայոց ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ֆրէդ Աշուղեանը։

Հանդիպման սկզբին Սրբազան Հայրը յայտնեց, որ այս օրերին ողջ աշխարհը բռնկւած է կորոնավիրուսի պատճառած համաճարակ հիւանդութեամբ եւ ի շարս տասնեակ երկրների Իրանի իսլ. հանրապետութիւնը եւս անմասն չէ այս համաճարակից, ուստի անհրաժեշտ է բոլորս միակամ մեր հաւատքով եւ յոյսով նաեւ բարոյական եւ նիւթական միջոցների օգտագործումով, փորձենք հնարաւորինս մտահոգութիւնները նւազագոյնին իջեցնել եւ բոլոր հնարաւորութիւնները ի գործ դնել հասարակաց թշնամի՝ կորոնավիրուս համաճարակի պատճառած վնասներին դիմագրաւելու առնչութեամբ։

Թեմակալ առաջնորդը կարեւորութեամբ մատնանշեց, որ այս նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է հաւաքական ճիգ, հետեւաբար համայնքիս իւրաքանչիւր անդամն պէտք է իրեն պատասխանատու զգայ եւ իր թէ բարոյական եւ թէ նիւթական ներդրումն ունենայ առողջապահական եւ տնտեսական ճգնաժամային պայմաններին յաղթահարելու կապակցութեամբ։

Սրբազան Հայրը նշեց, որ Կորոնավիրուսը մեծ մարտահրաւէր է բոլոր համայնքների կեանքում, որին յաղթահարելուց յետոյ ամբողջ աշխարհը նոր կեանքի դէմ հանդիման է կանգնելու, հետեւաբար ապագայում անկասկած՝ նոր կեանք, նոր մտածելակերպ եւ նոր գործելաոճ է կիրառւելու, որից մենք նաեւ բացառւած չենք լինելու եւ վստահաբար նոյն հունով ընթանալու։

Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը ողջունեց ժողովականներին եւ յայտնեց, որ թեմական խորհուրդը համաճարակի տարածման լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից փորձել է հնարաւոր միջոցներ խորհելով, առողջապահական յորդորներին հետեւելով եւ տեղեկատւութեամբ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը եւ համայնքիս վարակումներից զերծ պահել։ Այս ուղղութեամբ 100.000.000.ռիալ բիւջէ է տրամադրւել կրթական խորհրդին, դպրոցներում աշակերտութեան առողջութիւնը ապահովելու առնչութեամբ նաեւ նկատի է առնւել 2.000.000.000.-ռիալ բիւջէ «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանին եւ Ծերանոցներին հարկ եղած առողջապահական պարագաները տրամադրելու առնչութեամբ։ Պրն. Արամեանը յաւելեց, որ Խորհրդիս աշխատանքներին զուգահեռ աշխատել է նաեւ այս ուղղութեամբ կեանքի կոչւած շտաբը, սակայն նա եւս շեշտաւորեց այն, որ ազգ. Առաջնորդարանն մնայնակ չի կարող դիմագրաւել ներկայ ճգնաժամային իրավիճակին, հետեւաբար անհրաժեշտ է համագործակցաբար այս ուղղութեամբ գործնական քայլեր ձեռնարկել։

Պրն. Արամեանը համայնքիս կորոնավիրուսից զոհւածների վերջին վիճակագրութեան կապակցութեամբ տեղեկացրեց, որ մինչ օրս փաստացիօրէն կորոնավիրուսով մահացել են 6 հոգի, իսկ կասկածելի են համարւել 4-ը, որը Առողջապահութեան հրամայականից ելնելով, ընդհանուր 10 հանգուցեալները թաղւել են պրոտոկոլային նորմերը հաշւի առնելով։

Պրն. Արամեանը յայտնեց, քանի որ Կորոնավիրուսի կապակցութեամբ յստակ ժամկէտի մասին խօսելն անկարելի է եւ այս առումով անորոշութեան ենք մատնւած, անհրաժեշտ է կարճաժամկէտ ծրագրով առաջնորդւել, սակայն նրան զուգահեռ պէտք է միջոցներ խորհել եւ երկարատեւ ծրագիր ունենալ, հակառակ պարագային նիւթական առաւել բարդ իրավիճակի դիմաց ենք կանգնելու։

Հանդիպման ընթացքում հրաւիրեալները ներկայացրին ընթացիկ աշխատանքների նաեւ համաճարակի կանխարգելման կապակցութամբ մինչ օրս իրականացրած աշխատանքների զեկոյցը, որը վերջին օրերի ընթացքում տարբեր տեղեկատւութիւններով, մանրամասնութեամբ ներկայացւել է հայրենակիցներին։

«Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետուհի՝ Արմինէ Սէթխանեանը յայտնեց, որ կորոնավիրուս համաճարակի տարածման լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից Խնամակալ մարմնի միջոցով, բուժարանին տրամադրւել է հիգիենիկ պարագաներ՝ պաշտպնիչ դիմակներ, միանւագ օգտագործման ձեռնոցներ եւ ախտահանող նիւթեր եւ շեշտաւորւել է օգտագործման անհրաժեշտութիւնը նաեւ շեշտաւորւել է նախքան էնդոսկոպիա, Կոլոնոսկոպիա նաեւ Ատամնաբուժական ծառայութիւններ մատուցւելը դիմորդների կորոնավիրուսի նախնական քննութիւններ (թեստեր) անցկացնելու անհրաժեշտութիւնը եւ առողջութեան ստուգումը։

Իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում Բուժարանը ակտիւօրէն աշխատել եւ գոհացուցիչ աշխատանք է ցուցաբերել, այս ընթացքում ամենօրեայ երեք հերթափոխով, դիմորդներ են ստուգւել ընդհանուր բժիշկների (پزشک عمومی) միջոցով նաեւ տարրալուծարանի բաժնում առօրեայ քննութիւնների (թեստեր) ծառայութիւններից զատ, օրական ախտորոշւել են կորոնավիրուսով վարակման հաւանականութեամբ (ոչ հայ) կասկածելի դէպքեր, որոնք անմիջապէս ուղղորդւել են պատկան բուժկենտրոն կորոնավիրուսի յստակ եւ ստոյգ թեստաւորում անցկացնելու համար։

Տկն. Սէթխանեանը յաւելեց, որ այս ընթացքում Խնամակալ մարմնի միջոցով մի քանի տեղեկատւութիւններ է հաղորդւել Բուժարանում կատարւած աշխատանքների կապակցութեամբ։

Հարկ է նշել, որ Թեմական խորհրդի կողմից առաջարկւեց հայրենակիցներին կորոնավիրուսի կապակցութեամբ առողջապահական խորհուրդներ փոխանցելու նպատակով, Բուժարանում թէժ գիծ գործարկել, որի կապակցութեամբ տկն. Սէթխանեանը յայտնեց, որ ժամանակին այս առաջարկութիւն փոխանցւել է բուժարանի բժիշկներին, սակայն նկատի ունենալով կորոնավիրուսի ճիշտ ախտորոշման կարեւորութիւնը, պարագան բժիշկների կողմից չի ընդառաջւել։

Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետ՝ Մուշեղ Ծատրեանը յայտնեց, որ այս ժամանակահատւածում փորձել են հնարաւորինս մի շարք անհրաժեշտ պարագաներ տրամադրել «Սահակեան» բարեսիրական կենտրոնում բնակւող հայրենակիցներին, սակայն քանի որ ներկայ իրավիճակը, առաւել բացասական ազդեցութիւն է թողնում կարիքաւոր ընտանիքների վրայ եւ ամենօրեայ օժանդակութեան կարիք է զգացւում, հետեւաբար այս ուղղութեամբ առաւել ուշադրութիւն է պահանջւում, որն անհրաժեշտ է տնօրինել։

Նոր Բուրաստան գերեզմանատան հետ կապ՝ Թեմական խորհրդի անդամ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, գերեզմանատան կարգավիճակի կապակցութեամբ յայտնեց, որ մինչ օրս Բուրաստանին լիարժէք հնարաւորութիւններ է տրամադրւել եւ մէկ անգամ եւս շեշտաւորեց, որ կորոնավիրուսով մահացած հանգուցեալները թաղւել են պրոտոկոլային նորմերը հաշւի առնելով եւ այս ուղղութեամբ անհրաժեշտ պարագաների եւ յարմարութիւնների պակաս չի զգացւել։

Հայոց ցեղասպանութեան 105-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Ֆրէդ Աշուղեանը նաեւ իր հերթին անդրադառնալով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակին ընդգծեց, որ յանձնախումբը փորձում է ներկայ պայմանները նկատի առնելով եւ ներկայ իրավիճակի համապատասխան քարոզչական աշխատանքները կատարել, հետեւաբար յանձնախումբը իր գործելակեպը փոխելով, կենտրոնացել է վիրտուալ աշխարհի քարոզչութիւնների վրայ, ինչպէս ինտերնետային կայքէջներ, ֆէյսբուք, թելեգրամ, վաթսափ, ինստագրամ եւ այլն, որոնք նաեւ աւելի տարածուն են, հետեւաբար Ցեղասպանութեան վերաբերւող տեսաերիզները, նիւթերը եւ նկարները, փոխանցւում է վերոնշւած միջոցներով, որի կապակցութեամբ յանձնախմբի հետ համագործակցում են համայնքիս բոլոր կառոյցների եւ միութիւնների ներկայացուցիչները, պրն. Աշուղեանը յաւելեց, որ նիւթերը փոխնցւելու է նաեւ որոշ պարսկական կայքերի միջոցով։

Պրն. Աշուղեանը յայտնեց ծրագրւում է, որպէսզի Կրթական խորհրդի հետ համագործակցաբար հնարաւոր լինի աշակերտութեան կատարած աշխատանքները նաեւ նոյն միջոցներով ցուցադրել։ Նա յայտնեց նաեւ որ յանձնախումբը մտադիր է ձեւեր կիրառել, որպէսզի Ապրիլ 24-ի օրը Ս. Սարգիս եկեղեցու Բիւրաւոր նահատակների յուշարձանի առջեւ սահմանափակ ներկաների մասնակցութեամբ Ծաղկեմատոյց կատարել։

Պրն. Աշուղեանը կարեւորութեամբ մատնանշեց, քանի որ իրավիճակը անկանխատեսելի է, կարելի է ըստ պայմանների նախատեսւած ծրագրերում փոփոխութիւններ կատարւի, որոնց կապակցութեամբ վստահաբար տեղեկատւութիւն է կատարւելու։

Հանդիպման ընթացքում ժողովականների կողմից տարբեր առաջարկութիւններ արձագանքւեցին ներկայ պայմաններում աշխատանքային ընթացքը շարունակելու եւ համայնքիս կորոնավիրուսից տուժած եւ նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքներին օժանդակութիւններ տրամադրելու առնչութեամբ։

Խորհրդակցութեան արդիւնքում որոշում կայացւեց, որ Սրբազան հօր նախագահութեամբ եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանի եւ փոխ ատենապետ՝ Արա Շահվերդեանի ի պաշտօնէ ներկայութեամբ, կեանքի է կոչւելու նւիրահաւաքի յանձնախումբ, որի անձնակազմի անունները շուտով կը յայտնենք։

Յանձնախումբը նպատակադրւած է բարերարների նւիրատւութիւնները կենտրոնացնելու եւ այն ճիշտ նպատակին ուղղորդելու աշխատանքին։

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը յայտնեց, որ Վեհափառ Հայրապետի թելադրանքով Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնի նաեւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութիւնները տեղի չեն ունենալու։

Թեմակալ առաջնորդը մէկ անգամ եւս շեշտաւորեց, որ միայն միասնական ձեւով կարելի է դիմագրաւել դժւարութիւններին եւ մարտահրաւէրներին եւ կարեւորութեամբ յայտնեց, որ աղօթենք միմեանց համար, քանի որ աղօթքը բուժիչ զօրութիւն ունի եւ հաւատացեալներին հոգով իրար է կապում։

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4.04.2020

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ