Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ

11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապահովելու եւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, փետրւարի 16-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների անդամների հետ Զէյթուն քաղաքամասի «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցի դահլիճում:

Սկզբում հանդիպման մասին բացատրութիւններ փոխանցեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ընդգծելով, որ հանդիպման նպատակն է փոխանցել ազգային իշխանութեան քաղաքականութիւնը ընտրութիւններին մասնակցելու մասին առանց անդրադառնալու որեւէ թեկնածուի մասին: Ապա Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըկչեանը նշեց, որ հանդիպումը կազմակերպւել է 11-րդ շրջանի Կենտրոնական ընտրական յանձնախմբի (ԿԸՅ) առաջարկով՝ առաջիկայ ընտրութիւնների թեմայով:

Հանդիպմանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով ելնելով իր առողջական պայմաններից հրաժարւել է 11-րդ շրջանի ընտրութիւնների թեկնածութիւնից, կարեւորութեամբ անդրադարձաւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին, նշելով որ անհրաժեշտ է մասնակցել ընտրութիւններին մի կողմից մեր քաղաքացիական պարտքը կատարելու եւ միւս կողմից մեզ համար Սահմանադրական օրէնսգրքում ճշտւած իրաւունքները ամրագրելու եւ մէկ անգամ եւս այդ իրաւունքներին տէր դառնալու նպատակով:

Նա կարեւորեց ընտրութիւններին տոկոսային առումով համայնքի բարձր թւով մասնակցութիւնը, նաեւ յաղթանակած թեկնածուի քւէների տոկոսային բարձր թւի կարեւորութիւնը: Նա անդրադառնալով Իրանի պատմական տւեալներին եւ խօսելով ներկայի պայմանների մասին, կարեւորեց ընտրութիւններին ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութեանը:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների:

Լուր՝ Ալիքից