ՈՂՋՈՅՆ ՍՈՒՐԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ԵՒ ՍՈՒՐԻԱՑԻ ԱԶՆԻՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ

 


Ողջունում ենք Սուրիական խորհրդարանի միաձայնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելուն եւ այն դատապարտելու պատմական եւ արդար որոշումին առիթով։

Սուրիան իր ժողովրդով առաջին ականատես վկան է եղել հայ ժողովրդի զանգւածային ջարդերին եւ տեղահանութեան։ Սուրիացի ազնիւ ժողովրդի եւ յակտապէս ցեղապետներից շատեր նոյնիսկ փորձեր են փրկել գաղթականներին նրանց գաղտնի փոխադրելով աւելի ապահով վայրեր։

Այսպէս Սուրիան երկրորդ արաբական երկիրն է, որ ճանաչում է հայոց ցեղասպանութիւնը։ Առաջին արաբական երկիրը Լիբանանը եղած է, որ ճանաչել էր Հայոց Ցեղասպանութիւնը։
Շնորհաւորում եւ գնահատում ենք Սուրիական խորհրդարանն ու երկրի ղեկավարութիւնը գլխաւորութեամբ վսեմաշուք նախագահ դոկտ. Պաշար էլ Ասադին եւ առաւել ուժ, կարողութիւն ենք մաղթում Սուրիական քաջարի բանակին, որպէսզի կարողանայ իր երկիրը մաքրագործէ ահաբեկչական շարժումներից եւ օտար ուժերից։

Յանուն ողջ հայութեան եւ այս պարագային իրանահայութեան մեր երախտագիտութիւնն ենք յայտնում Սուրիացի ազնիւ ժողովրդի զաւակներին, որոնց յիշողութեան մէջ դեռ կենդանի է ցեղասպանութեան ենթարկւած մեր ժողովրդի կրած տառապանքի, սովամահութեան յիշատակը։

Այս առիթով նաեւ կապ հաստատեցինք Իրանում հաւատարմագրւած Սուրիոյ մեծարգոյ դեսպանի հետ, մեր ուրախութիւնն ու շնորհակալութիւնը յայտնելու իրեն եւ իր միջոցաւ Սուրիոյ խորհրդարանին, վսեմաշուք նախագահին եւ ողջ ժողովրդին, միաժամանակ դատապարտելով թուրքական բանակի ոտնձգութիւնները սուրիական սահմաններից ներս։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

14 Փետրւար 2020
Թեհրան