«ԱԼԻՔ» - 1956-2016 թւական, որը խորհրդանշում է թեհրանահայ համայնքի կրթօջախներից հայոց ազգային «Արարատ» դպրոցի հիմնադրման 60-ամեակը:
Փետրւարի 4-ին, ամեակի առիթով գեղարւեստական իւրայատուկ միջոցառում եւ ընդունելութիւն էր կազմակերպւել Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում:
Գեղեցիկ մտայղացմամբ յայտագիրը, որը յագեցած էր երգերի, պարերի եւ ասմունքային կատարումներից, իրականացնում էին, դպրոցի ժամանակի եւ ներկայ սաները:
Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառման ընթացքում ներկայացւեց դպրոցի 60-ամեայ անցած ուղին, թէ՛ բացման խօսքի, եւ թէ՛ սահիկների միջոցով: Արտայայտութիւնների համար բեմ հրաւիրւեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, դպրոցի ներկայ ծնողական խորհրդի նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, եւ եզրափակիչ խօսքի համար՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Ընթացքում թեմակալ առաջնորդի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանի եւ խորհրդի անդամ Հրայր Շահնազարեանի նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին դպրոցի բարերարներին, ուսուցչական ու ծնողական խորհուրդների կազմերին: