Թեհրանահայ Համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան Տօները

Թւականիս կիրակի յունւար 5-ի երեկոյեան եւ երկուշաբթի յունւար 6-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան եկեղեցական արարողութիւններ եւ մատուցւեցին սուրբ եւ անմահ պատարագ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի եւ Աստւածայայտնութեան տօների առիթով:

Յունւարի 6-ի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում նախագահութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատարագ մատուցեց Տ. Պարոյր վրդ. Շերնեզեանը: Ս. պատարագի աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը, ի յիշատակ Քրիստոսի Մկրտութեան եւ օրհնւած ջուրը բաժանւեց հաւատացեալներին:

Յաւարտ ս. պատարագի եւ Ջրօրհնեաց արարողութեան, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը օրւայ խորհրդի մասին իր քարոզը ուղղեց ժողովրդին:

Մատնանշելի է, Պատարագից անմիջապէս յետոյ առաջնորդարանի դահլիճում Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները ընդունեցին Ծննդեան շնորհաւորանքները:

Այս ուրախ առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Արժ. Տ. Մեսրոպ քհն. Ռաթէոսեանը, Ս. Թարգմանչաց եկեղեցում՝ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. քհն. Ղարախանեանը, Ս. Աստւածածին եկեղեցում՝ Արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը, Ս. Մինաս եկեղեցում՝ Արժ. Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը, Ս. Գէորգ եկեղեցում՝ Արժ. Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը եւ Ս. Վարդանանց եկեղեցում՝ Արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը եւ Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցում՝ Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ