Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔՐԻՍՏՈՍ՝ ԻՇԽԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԵՒ ԵՐԱՇԽԻՔ՝ ԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ԿԵԱՆՔԻ

Այսօրւայ տագնապահար, ուղեկորոյս, աղէտահար եւ համաշխարհայնացած աշխարհի դէմ յանդիման կանգնած ինչպիսի մխիթարութիւն եւ խաղաղութիւն է տալիս մարդուն սաղմոսերգու մարգարէի սա խօսքերը. «Խաղաղութեամբ պառկում եւ քնում եմ, որովհետեւ, Տէ՛ր, միայն դու ես ապահովութիւն տալիս ինձ» (Սղ. 4։9)։

Խաղաղութեամբ ապրելը, քնելն ու արթնանալը այնպիսի երանական վիճակներ են, որոնցով մարդ անհատը զգում ու վայելում է Աստծու ներկայութիւնը։ Յանուն երանական այդ խաղաղութեան Աստւած մարդացաւ եւ իբրեւ իրական խաղաղութիւն աշխարհ եկաւ, մարգկանց ալեկոծեալ էութիւնը խաղաղեցնելու եւ նրանց վերադարձնելու աստւածատիպ պատկերը, որ իրենց մեղանչումի հետեւանքով աղաւաղւած էր։

Մեր նախածնողաց մեղանչումով մարդ արարածը հեռացած էր իր Արարչից եւ ընկած մեղքի տիղմի մէջ։ Սակայն բարեգութ ու ողորմածն Աստւած իր անհուն սիրով ու հայրական գորովով, մի անգամ եւս, ուզեց առիթ տալ մեղքի տիղմի մէջ ընկղմւած մարդուն եւ խաղաղեցնել իր վրդովւած հոգին եւ այս անգամ ինք տիեզերաստեղծ Աստւածն Իր աստւածային փառքից՝ երկնքից երկիր իջաւ խաղաղութեամբ օծուն նոր կեանքի հեռանկարն ու տեսիլքը բանալով մարդկութեան առաջ։

Խաղաղութեան իշխանի ծնունդը հրեշտակների եւ երկնային զօրքերի բնորոշումով խաղաղութեան եւ հաճութեան հաստատման Աւետիսն էր որ հնչում էր երկնքից.-

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում
Խաղաղութիւն երկրի վրայ
եւ հաճութիւն մարդկանց միջեւ»

Դարերով մարդիկ հետամուտ են եղել խաղաղութեան։ Ոմանք այն փնտռել են անապատներում, հեռակայ ձորերում, լեռների գագաթին, ուրիշներ փորձել են այն ձեռք բերել զէնքով, պատերազմով, սակայն իզուր…։

Աստւածաշնչային հասկացողութեամբ խաղաղութիւնը հոգեկան այն վիճակն է, որով մարդ էակը խաղաղ ու հանգիստ յարաբերութեան մէջ է իր Արարչի հետ եւ ապրում ու գործում է իր Արարչի կամքի համաձայն։ Շնորհալի հայրապետը խաղաղութիւնը հասկանում է իբրեւ հոգու տիրապետութիւն մարմնի վրայ։

Քրիստոսի հրաշափառ ծննդեան խորհուրդը սիրոյ, հոգու սրբագործման մէջ է կայանում, որովհետեւ քրիստոնէութիւնը ինք պատւանդանւած է սիրոյ վրայ. սէր որ հեռու է վանում թշնամութիւնն ու քինախնդրութիւնը, գոռոզութիւնն ու մեծամտութիւնը եւ մարդ էակին հոգեպէս բիւրեղացնում ու դարձնում Ս. Հոգու բնակարան, որտեղ բնակւում են «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերատարութիւն, ազնւութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն»(Գղ. 5։20)։

Աստւածորդին իրական այս խաղաղութիւնը պարգեւեց աշխարհին, նրա համար ասաց. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ. իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տւած խաղաղութիւնից»(Յհ. 14։27)։ Պօղոս Առաքեալը թելադրում է իր հաւատակիցներին, որ միշտ աղօթամատոյց լինեն առ Աստւած վասն խաղաղութեան «Թող որեւէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղօթքների եւ աղաչանքների մէջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեցէք այն, ինչ որ կարիք էք զգում եւ այն ժամանակ Աստծու խաղաղութիւնը, որ մտքով հնարաւոր չէ հասկանալ, խաղաղ կը պահի ձեր սրտերն ու մտքերը, որոնք միացած են Յիսուս Քրիստոսին»(Փպ.4։6-7)։

Խաղաղութեամբ մարդ էակի կեանքը նմանւում է պտղատու ծառի, որի պտուղները իրենց սնունդով կեանքը պտղաբեր են դարձնում։ Դարերով պատգամախօս մարգարէները իրենց խաղաղութիւնը գտել են Աստծու մէջ։ Մարգարէն թելադրում է «Խուսափէք չարից ու բարիք գործէք, խաղաղութիւն փնտռիր եւ դրան հետեւիր» (Սղ. 33։15)։

Այո, դարերով մարդիկ փնտռել են խաղաղութիւնը։ Յանուն խաղաղութեան պատերազմներ են մղել, եւ սակայն չեն կրցած հասնել իրական խաղաղութեան, որովհետեւ իրական խաղաղութիւնը իրագործւում է երբ մարդ անհատը իր հոգուց դուրս վանէ ագահութիւնը, փառամոլութիւնն ու եսասիրութիւնը այլեւ արծաթասիրութիւնն ու նախանձը։ Իրական ու վաւերական մնայուն խաղաղութիւնը իրագործւում է մտքի ու խղճի հանդարտութեամբ, սիրոյ, կեանքի դրսեւորումով։

Քրիստոս աշխարհ եկաւ մի կողմից մարդուն վերադարձնելու իր աստւածաստեղծ պատկերը եւ միւս կողմից էլ մարդը առաջնորդելու իրական խաղաղութեան։ Լեռան իր քարոզում Քրիստոսն երանի է տալիս բոլոր նրանց ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում «Երանի նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են աշխատում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչւեն» (Մտ. 5։9)։

Մեր ժողովուրդը դարերով խաղաղութեան ու խաղաղացեալ կեանքի համար է աղօթել։ Մեր եկեղեցու աստւածապաշտութեան մէջ տիրական է եղել աղօթքը յանուն խաղաղութեան։ Մեր հայրերի աղօթքները, շարականներն ու տաղերը լի են առ Աստւած առաքւած աղօթքներով յանուն խաղաղութեան, որովհետեւ մեր ժողովուրդը հաւատացած է որ հոգեկան խաղաղութեամբ ապրող մարդ էակը մղւում է ստեղծագործ կեանքի։ Վաւերական ու աստւածային խաղաղութիւնը ստեղծարար ուժով յատկանշում է մարդու անձնական, ընկերային, ընտանեկան թէ ազգային կեանքը։ Աստւածորդին աշխարհ եկաւ, որպէսզի առաւել կեանք ունենանք։ Քրիստոս ասաց «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ կեանքը լինի առաւել լեցուն» (Յհ. 10։10)։
Այսօրւայ աշխարհը տառապում է իրական խաղաղութեան բացակայութիւնից, որովհետեւ մարդկութիւնը հեռացել է կրօնական եւ հոգեւոր կեանքի էութիւնից եւ ինքն իրեն նոր աստւածներ է ստեղծել։ Այսօրւայ խռովեալ քինախնդրութեամբ ու թշնամութեամբ յատկանշւող աշխարհը, իր հակամարտութիւններով, անարդարութիւններով, խաղաղասէր ու խաղաղարար ժողովուրդների իրաւունքների բռնաբարումներով, տնտեսական, հասարակական, ընտանեկան տագնապներով մեզ յիշեցնում է Սոդոմ-Գոմորեան օրերը։

Քրիստոսի հրաշափառ եւ ՛՛մեծ ու սքանչելի՛՛ ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը մեզ հրաւիրում է ինքնաքննութեան, վերատեսելու մեր կեանքը եւ այն ապրելու հաւատարմութեամբ, սիրով եւ վառ յոյսով, այնպէս ինչպէս ապրեցան ու ստեղծագործեցին մեր հայրերը։ Ազգովին կոչւած ենք Ծննդեան խորհուրդով զօրացած մեր սրտերը վերածելու Բեթղեհէմեան քարայրին, որպէսզի Նորածին Իշխանը խաղաղութեան գայ եւ հոն բնակի ու մեզ առաջնորդի իր կամքի համաձայն, աւելին մեզ ինքնութեան ու գոյութենական պայքարի մէջ հաստատ պահէ, յատկապէս այս օրերին, երբ աշխարհը, Ամերիկայի Միացեալ Նահանգների ներկայացուցիչների պալատի եւ Ծերակոյտի պատմական որոշումով՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումով իր ուշադրութեան կենտրոնը դարձուցեր է մեր ժողովուրդը իր պատմութեամբ։ Հետեւաբար մեզ մնում է պատասխանատւութեան բարձրագոյն աստիճանի յանձնառութեամբ կառչենք մեր հոգեւոր եւ ազգային արժէքներին, մեր լեզւին, հաւատքին, պատմութեան եւ մշակոյթին եւ դրանցով վերամկրտւած շարունակենք մեր պահանջատիրական պայքարը յանուն մեր իրաւունքների ձեռքբերման եւ դարաւոր մեր երազի իրականացման։

Այս խոհերով շնորհաւորում ենք մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ կան եւ կաղօթենք մեր եկեղեցու եւ հայրենիքի անսասանութեան համար։ Աղօթք ենք բարձրացնում նաեւ Արցախի Հանրապետութեան եւ իր ժողովրդի խաղաղ ու բարգաւաճ կեանքի համար եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ իր հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարութեան համար։

Աղօթում ենք մեր եկեղեցու նւիրապետական Աթոռների եւ նրանց գահակալների՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի եւ պատրիարքական երկու Աթոռների եւ նրանց գահակալների, ինչպէս նաեւ մեր եկեղեցու թեմակալ Առաջնորդների, հոգեւոր դասի եւ մեր ողջ ժողովրդեան։

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Օրհնեալ է Ծնունդը Քրիստոսի,
Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս. Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

6 Յունւար 2020
Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ