Գումարւեց ՊԺ-ի հերթական նիստը. Ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրօնական խորհուրդների երկամեայ ծրագրերը

Երեքշաբթի նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

Հերթական նիստի սկզբում ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը ողջունելով նիստի գումարումը, կարեւորութեամբ անդրադարձաւ ՊԺ-ի չորս յանձնաժողովներ՝ կրթական, տնտեսական, հասարակական եւ կանոնագրի աշխատանքների մասին, ընդգծելով, որ 16-րդ ՊԺ-ն առաջին իսկ օրւանից կարեւորութեամբ է վերաբերւել յանձնաժողովների աշխատանքներին եւ փորձել նրանց տեսակէտների հիմամբ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հետ համայնքային աշխատանքները հունաւորել: Նա այդ ոլորտում տնտեսական յանձնախմբերի արդիւնաւէտ աշխատանքներից համարեց «Զանգ» ընկերութեան առումով ուսումնասիրութիւնը եւ այդ հիմամբ իրականացւած դրական քայլը: Ատենապետը ընդգծեց, որ անհրաժեշտ է օր առաջ իրականացնել ՊԺ-ի հաստատւած կէտերը եւ կարեւորեց հետեւեալը, թէ ինչպէս հետամուտ լինել ՊԺ-ի հաստատումները իրականացնելու համար, ի մասնաւորի՝ առաջիկայ մէկ տարւայ ընթացքում, որից յետոյ իր աւարտին է հասնելու 16-րդ ՊԺ-ի շրջանը: Նա որպէս ժողովի հաստատած եւ մինչ օրս չիրականացած հանգամանք, նշեց հետեւեալը, որ անհրաժեշտ է նաեւ կեանքի կոչել ժողովի կողմից հաստատւած թեմի առաջնորդի համայնքում իր ծառայութեան 20-ամեակի առիթով յանձնախումբ, եւ այդ ուղղութեամբ լծւել աշխատանքի: Ատենապետը կարեւորեց մի շարք հարցերի աւելի արագ քննարկումները, ինչպէս նախահաշւի հաստատումը, հաստատւած ծրագրերի իրականացումը եւ առաջիկայ գործունէութեան քննարկումը, որոնց արդիւնքում աւելի արդիւնաւէտ կընթանան աշխատանքները: Այս բաժնում պատգամաւորները ներկայացրին իրենց տեսակէտները, առաջադրանքները, աշխատանքները աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով: Ժողովում նաեւ անդրադարձ եղաւ ՊԺ-ի հերթական նիստերի մի քանի անգամ յետաձգումների պատճառների մասին, ի շարս ամառային արձակուրդները, նոր մարմինների եւ խորհուրդների ցանկերի պատրաստման ընթացքը եւ թեմիս առաջնորդի վիրահատութիւնը:

Ընթացքում ընթերցւեց ժողովին յղւած մի քանի նամակներ:


Ապա ժողովին հրաւիրւեց Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը եւ Հաշւեքննիչ մարմինը:

Սկզբում նորընտիր Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը ժողովին ներկայացրեց խորհրդի անդամների հանգամանքները:

Ժողովը շարունակւեց Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ եւ ունկնդրեց Տ. Սահակ քհն. Խոսրովեանին, ով Կրօնական խորհրդի կողմից ներկայացրեց 2019-2021 խորհրդի երկամեայ ծրագիրը եւ ծրագրի նպատակները, որը բաղկացած էր զանազան գլուխներից, կարեւորելով նոր սերունդի մօտ ազգային- հոգեւոր դաստիարակութեան զարգացումը: Վերջում պատգամաւորները երկամեայ ծրագրի կապակցութեամբ ներկայացրին իրենց հարցադրումները, առաջարկութիւնները եւ քննարկումները եւ նշւեց, որ այս տարի գրքի հերթական ցուցահանդէսի բացը զգալի էր համայնքի կողմից, քանի որ դա լաւագոյն առիթն էր նոր սերունդին հաղորդ պահելու հայ գիր ու գրականութեանը:

Յաջորդ գլխի տակ ժողովականները ունկնդրեցին նորընտիր Թեմական խորհրդի երկամեայ ծրագիրը, որը ընթերցեց խորհրդի փոխատենապետ Արա Շահվերդեանը: Երկամեայ ծրագիրը բաղկացած էր զանազան գլուխներից: Երկամեայ ծրագրի ընթերցումից յետոյ պատգամաւորները ներկայացրին հարցումներ, որոնց պատասխանում էր Թեմական խորհուրդը:

Ժողովը շարունակւելու է չորեքշաբթի 13 նոյեմբերին:

Լուրը՝ «Ալիք»-ից