Հոգեհանգստեան արարողութիւն՝ հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, ուրբաթ, սեպտեմբերի 27-ին, նախագահութեամբ Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում Ս. պատարագից յետոյ տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Թեմակալ առաջնորդն իր քարոզի ընթացքում շեշտեց՝ «Կասկած չկայ, որ մարդկային կեանքն արժևրւում է նրանով, որին ինքը նւիրւած է: Հայրենիքը մեծագոյն սրբութիւն է և հայրենինքին իր կեանքը նւիրելով, մարդը կը բարձրանայ և կարժևորւի: Եկեղեցու հայրերից մնէկն ասել է՝ Նահատակների թափւած արիւնը երկրի վրայ նոր ծիլեր է արձակում և որպէս բուրումնաւետ ծաղիկ մնում մեր մէջ»:

«Նահատակութիւնը սրբազան առաքելութիւն է, իսկ նահատակն այդ սրբազան առաքելութեան անխոնջ զինւորն է և դրա համար ժողովուրդները հպարտանում են իրենց երկրի համար զոհւած նահատակներով» -յաւելեց Սրբազան Հայրը: Ապա շեշտելով Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում մեր ժողովրդի անմնացորդ սիրով իրենց կեանքը զոհաբերած նահատակների մասին, ասաց՝ «Ես հաւատում եմ, որ այդ ընծայաբերումը Աստծու կողմից ընդունւած է և նրանք այսօր երկնքի բնակիչներն են: Հայրենիքի սիրոյն զոհւած նահատակներն այլևս դառնում են համազգային և համամարդկային արժէքներ և դրա համար է, որ նահատակները սիրելի և յարգելի են բոլորիս մօտ և այդ պատճառով է, որ մեր պապերը նահատակներին կոչել են՝ Սուրբ»:

Կրօնական արարողութեանը ներկայ էին, Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան եւ միութիւնների ներկայացուցիչներ եւ նահատակների ընտանիքներ:

Արարողութեան աւարտին Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ընդունելութիւն: