Պետական մարմինների նախաձեռնութեամբ՝ Հայ նահատակների մեծարման արարողութիւն՝ Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը

Թւականիս չորեքշաբթի, սեպտեմբերի. 25-ի առաւօտեան Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան հայ նահատակների բաժնում տեղի ունեցաւ իւրայատուկ արարողութիւն Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով:

Միջոցառումը նախաձեռնել էր Իրանի պահակազօրի մեծ Թեհրանի «Հազրաթ Ռասուլօլլահ» պահակազօրի «Մողաւեմաթէ Մալեք Աշթար» բասիջ աշխարհազօրային զօրամիաւորի կողմից, համագործակցութեամբ՝ ազգային իշխանութեան եւ Անձնուրացների ու նահատակների յանձնախմբի:

Միջոցառումը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, որը կատարեց բանակի նւագախումբը: Նահատակների ընտանիքներին եւ հիւրերին բարիգալստեան խօսք ուղղեց Թեհրանի «Մալեք Աշթար» բասիջի հրամանատար Ջամալ Մաղրուրին, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներին հայ ռազմիկների ու ժողովրդի անձնուրացութիւններին ու սխրագործութիւններին եւ մեծարեց հայ նահատակների յիշատակը:

Միջոցառմանը ներկաներին խօսք ուղղեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին, երկար տարիներ ճակատում ծառայած գեներալ հրամանատար Ասադօլլահին, ով կարեւորութեամբ անդրադարձաւ նահատակներին մեծարելու, եւ ի մասնաւորի՝ Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ ընթացքում նահատակներին յիշելու անհրաժեշտութիւնը:

Միջոցառմանը ներկաներին խօսք ուղղեց Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած հայ նահատակների եւ անձնուրացների յանձնախմբից Արտուշ Իսկանդարեանը, անդրադառնալով հայ նահատակներին եւ այն ամէն ինչին, որ թէ յեղափոխութեան յաղթանակի, եւ թէ պարտադրեալ պատերազմի տարիներին են իրականացրել իրանահայերը, թւային պատկեր ներկայացնելով հայ նահատակների, անձնուրացների, անյայտ կորածների եւ տուժածների մասին:

Ապա հրաւիրւեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, ով յանուն Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութեան, գնահատեց նահատակների յիշատակին կազմակերպւած արարողութիւնը, կարեւորելով Իրանում բոլոր իրանցիների միասնականութիւնը երկրի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու համար: Ապա Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեանի եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Վերջում, պետական հիւրերի, քահանայ հայրերի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ներկայացուցիչների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին նահատակների ընտանիքներին եւ ծաղիկներ տեղադրւեցին նահատակների շիրիմների վրայ: Ծաղիկ տեղադրւեց նաեւ «Իրանին պարտադրւած ութամեայ պատերազմը եւ իրանահայութիւնը» գրքի հեղինակ Իսկանդար Իսկանդարեանի շիրիմին:

Լուրը՝ «Ալիք«-ից
Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեան