Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի տօնակատարութիւնների առիթով, երկուշաբթ փետրւարի 1-ի առաւօտան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել իսլամական յեղափուութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում:
Ինչպէս միշտ, այս տարի ևս Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, այդ թւում նաև Թեհրանի հայ համայնքն իր մասնակցութիւնն է բերել կազմակերպւած արարողութիւններին: Առաւօտեան, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցուց մի պատւիրակութիւն, մասնակցութեամբ Տ. Յակոբ քհն. Քէշիշեանի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչների, մեկնեց հանգուցեալ Էմամի դամբարան, որտեղ կազմակերպւել էր դասախօսական – գեղարւեստական իւրայատուկ միջոցառում, որը մեկնարկւեց այաթ. Խոմէյնիի Իրան ժամանման ժամին:
Օրւայ դասախօսն էր երկրի գլխաւոր դատախազ՝ հոջ. Էբրահիմ Ռէյիսին: Նա նշեց, որ հանգուցեալ էմամի ուսուցմունքները, սահմանւած արժէքներն ու գաղափարախօսութիւնը պէտք է աշխատանքների ուղեցոյցը հանդիսանան: Նա նաև կարևորեց ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը՝ յառաջիկայ խորհրդարանական եւ Բանիմացների խորհրդի ընտրութիւններին:
Նշենք, որ նոյն օրը, առաւօտեան, համայն երկրում մեկնարկեց Իսլամական յեղափոխութեան յաղթանակի միջոցառումները: Այդ կապակցութեամբ, հանգուցեալ էմամի երկիր մուտք գործելու ժամին ղօղանջեցին ու հնչեցին բոլոր եկեղեցիների ու դպրոցների զանգերը: