Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԵՏԱՐԱՆԻ ՈՒ ՀԱՒԱՏՔԻ ԽՈՆԱՐՀ ՄԻ ՀԵՐՈՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

- Ալօ … Ալօ …

Հեռախօսի միջից ծանօթ ձայն է.

- Յովհաննէսն եմ, Սրբազան հայր, հայրս այսօր երկինք ճամբորդեց, աղօթեցէք, որ իր ուղեւորութիւնը խաղաղութեամբ աւարտւի։

Աստւած հոգին լոյսերի մէջ պահի, Յովհաննէս ջան, ասում եմ, Յովհաննէսը շարունակում է. Սրբազան, բայց հայրիկը շատ ուրախ մեկնեցաւ, արդէն վաղուց սպասում էր եւ միշտ յիշեցնում էր մեզ այդ մասին։

Ընկալուչը տեղադրում եմ ու սկսում եմ մտածել։ Քրիստոնէական ինչպիսի խոր, ամուր ու հաստատակամ հաւատք, որով Յովհաննէսը գոհունակութեամբ յայտնում է իր հօր երկինք փոխադրութեան լուրը, ու Յովհաննէսի հետ, ես էլ մի, պահ փոխադրւում եմ Գամիշլի, որտեղ մանկութեանս օրերը ապրեցի, օրեր որոնք այնքան լի են իրերայաջորդ յուշերով կապւած կեանքիս ու գաղափարական աշխարհիս կազմութեան վրայ իրենց անջնջելի կնիքը թողած ուսուցիչների, դասընկերների եւ միութենական ընկերների կեանքին ու գործունէութեան եւ նոյն միջոցին աչքերիս առաջ ուրւագծւում պատկերը Յովհաննէսի հօր՝ Խալօ Սապրոյի, (քեռի Սարգիսի), իր մօր Ղազալի ոտաբոպիկ Գամիշլիի ամայի փողոցներից դէպի եկեղեցի ուղւելիս եւ Ս. Յակոբ եկեղեցին լի բարեպաշտ հաւատացեալներով։

Յովհաննէսն ու իր եղբայրներն ու քոյրերը վաղուց արդէն թողել էին Գամիշլին ու հաստատւել Ֆրանսիա, Հոլանտիա եւ սակայն պահել ու պահպանել էին Գամիշլիից իրենց հօրենական օճախում ստացած քրիստոնէական ու ազգային սովորութիւններն ու աւանդութիւնները, եկեղեցասիրութիւնն ու այլասիրութիւնը իբրեւ վկայութիւն իրենց քրիստոնէական խոր ու անկեղծ հաւատքին։

Գամիշլին իր բնակչութեամբ, որի կէսից աւելին քրիստոնեաներ էին, մեր մանկութեան օրերին մեզի համար անփոխարինելի քաղաք էր, որովհետեւ իր հայոց եկեղեցիով, դպրոցներով, միութիւններով մեզ համար մի փոքրիկ Հայաստան էր, որի բնակիչների սիրտը միշտ տրոփում էր իրենց պատմական հայրենիքի սիրով ու կարօտով։

Գամիշլի քաղաքի այդ հայաբոյր կեանքին մէջ իր ինքնուրոյն դերն ու տեղը ունէր Խալօ Սապրոն, Սարգիսը, որ իր նպարավաճառի համեստ խանութով իր օրապահիկն էր ապահովում եւ իր զաւակներին փոխանցում քրիստոնէական ու հայեցի առողջ եւ առողջարար դաստիարակութիւն։

Բազմանդամ ընտանիք էր Խալօ Սապրոյի ընտանիքը՝ տասնմէկ զաւակներով, որոնցից եօթն աղջիկ էին եւ չորսը տղայ։ Գամիշլիի մէջ բոլորը ճանաչում էին նրան, որովհետեւ Գամիշլիի Ս. Յակոբ եկեղեցու հաւատաւոր ու անձնդիր լուսարար-ժամկոչն էր, քահանայի ընկերակիցն ու խորհրդատուն եւ Աւետարանի անբասիր քարոզիչը։ Իր տունը փոքրիկ եկեղեցի էր, կիրակնօրեայ դպրոց էր։ Զաւակները դպիրներ էին եւ եկեղեցում դպրաց դասի անդամ։

Իր տիկինը հանգուցեալ Ղազալը-Եղնիկը իր ամուսնու հաւատակից ու հաւատարիմ, տարւայ 365 օրը տնից եկեղեցի ոտաբոպիկ գնում էր առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութիւններին մասնակցելու։ Տօնական օրերին եւս եկեղեցու դռները ինքն էր բացում իր ամուսնուն հետ եւ արարողութեանց աւարտին էլ փակում։

Խալօ Սապրոն իր տունը վերածած էր կիրակնօրեայ դպրոցի, որի որմերի ետին շարական ու աղօթք էր լսւում օծուն խունկի բուրմունքով։

Մեր դպրեվանքեան ուսումնառութեան տարիներին երբ ամռան կարճ արձակուրդով Գամիշլի էի գալիս, վայելում էի իր հայրական սէրն ու գուրգուրանքը։ Բարի խրատատու էր բոլորին յատկապէս պատանիներին։

- Շատ ուրախ եմ, կը՛սէր ինծի, որ Անթիլիաս ես գնացել, որոշել եմ իմ Յովհաննէս տղան էլ ղրկել Աստծու կամքով։

Յովհաննէսը դպրեվանքի ժառանգաւորաց եւ ընծայարանի բաժինը աւարտեց ու դպրեվանքեան պատմութեան մէջ առաջինը եղաւ, որ պետական Ֆրանսական Պաքալորիայի մասնակցեց եւ գնահատելի թւանշաններով յաջողեց։

Աստւածավախ ու աստւածաճանաչ Խալօ Սապրոն իր զաւակներին պատրաստեց կեանքին, նրանց տալով անհրաժեշտ կրթութիւն. այսօր իր զաւակներն ու թոռնիկները որտեղ որ կան Լիբանան, Ֆրանսիա, Հոլանտիա եւ Գամիշլի եկեղեցիներում եւ կիրակնօրեայ դպրոցներում ծառայում են։ Բարիզի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու խորանի վրայ երգում էին իր զաւակն ու թոռները, նոյնպէս էլ Բարիզի միւս եկեղեցիներում ծառայում էին իր թոռնիկները, որոնցից մէկը այժմ որպէս ամուսնացեալ քահանայ է ծառայում։

Վերջին երեսուն տարիներին Խալօ Սապրոն ընտանեօք փոխադրւած էր Ֆրանսիա, Քլերմոնթ գիւղաքաղաքը, Բարիզի հիւսիսը, որտեղ էին նաեւ իր զաւակների մէկ մասը, առաջնորդութեամբ իր աւագ որդուն՝ դոկտ. Յովհաննէս Ռաշոյին, որ բացառիկ ունակութիւններով էր զարդարւած իր եղբայրների նման։

Խալօ Սապրոն Քլերմոնթի իր տունը վերածեր էր փոքրիկ աղօթատուն-ժողովարանի, որտեղ այցելող եկեղեցականներն ու աշխարհականները մասնակից էին դառնում աղօթքի։

Որքան հաճելի էր իր ընկերակցութիւնը իր տան մէջ, որտեղ առաւօտ եւ երեկոյ ժամերգութիւն էր կատարւում իր զաւակների եւ թոռների մասնակցութեամբ։

Ֆրանսիա տւած իմ այցելութիւնների ամենահաճելի բաժինը Խալօ Սապրոյի եւ իր զաւակների հետ անցուցած պահերն էին. մի տարի Առաջաւորաց պահքի նախօրեակին էլի իրենց մօտն էի. ամբողջ շաբաթը մեզի համար եղաւ աղօթքով, հոգեւոր խորհրդածութիւններով եւ Աստւածաշնչի ընթերցումով յագեցւած շաբաթ։

Այո՛, այդպիսին եղաւ կեանքը Խալօ Սապրոյին, ազիզ պրն. Սարգիսի, որ վստահ եմ հիմա երկնքից աղօթում է իր զաւակների, թոռնիկների եւ հայ ժողովրդի բոլոր զաւակների համար։ Նա եղաւ ու մնաց Աւետարանի եւ հաւատքի խոնարհ սպասաւորն ու հերոսը։

Հաւատում եմ նաեւ, որ իր բոլոր զաւակներն ու թոռները ապրում եւ գործում են իր կեանքից իրենց փոխանցւած հաւատքով, սիրով եւ ապագայի յոյսով։

Յիշատակդ վառ մնայ սիրելի Խալօ Սապրօ։ Ս. Սարգիս Զօրավարի, իր Որդւոյն Մարտիրոսի եւ 14 զինւորների տօնի այս օրերին, թող այս մի քանի տողերը, լինեն աղօթք քո հոգուդ խաղաղութեան եւ ներշնչում քո զաւակներին եւ թոռներին, որպէսզի միշտ վառ պահեն քո յիշատակը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄի

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ