Ասմունքի 8-րդ Համահայկական փառատօնը՝ Շուշիում

Յուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Արցախում տեղի ունեցաւ Ասմունքի 8-րդ Համահայկական փառատօնը, որն այս տարի նւիրւած էր Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին: Փառատօնի կարգախօսն էր՝ «Հայրենի հողը կանչում է ...»:

Փառատօնին մասնակցել են թւով 130 հայորդիներ՝ 9-18 տարեկան, որոնք ժամանել են Իրանից, Վրաստանից, ԱՄՆ- ից, Ռուսաստանից, Հայաստանից եւ Արցախի բոլոր շրջաններից:

Այս տարի եւս Թեմական խորհրդի եւ Սրբազան Հօր հովանաւորութեամբ, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպած Մշակութային փառատօնի ասմունքի բաժնում լաւագոյններից 14 աշակերտներ՝ Գեղանի Դերբիդեանը, Մարտին Աղանեանը, Զեփիւռ Նազարեանը, Գալիա Յովսէփեանը, Մոնթէ Իսմայիլեանը, Քաջունի Տէր-Առաքելեանը, Սելին Իսայեանը, Լինա Ղադիմեանը, Սէրլի Ղեւոնդեանը, Լիա Դարուսին, Ամարաս Նազարեանը, Նոյ Նազարեանը, Անայիս Աբնուսին, Դերէն Բարաթեանը իրենց մասնակցութիւնը ունեցան այս հրաշալի փառատօնին:

Թեհրանից այս տարի ներկայացնող ասմունքի խմբին, որպէս պատասխանատուներ ընկերակցում էին «Արարատ» դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Անետ Կարապետեանը եւ «Արաքս» դպրոցի հայոց լեզւի եւ գրականութեան ուսուցչուհի՝ Քամելիա Շիրւանեանը:

Փառատօնի բացումը կատարւեց Շուշիի Խաչատուր Աբովեանի անւան միջնակարգ դպրոցում:

Մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին Յովհաննէս Թումանեանի յիշատակը, ապա միջոցառումը բացւած յայտարարւեց Շուշիի «Աւան Պլազա» հիւրանոցի տնօրէն Սարգիս Գալստեանի միջոցով, որն իր երախտագիտութիւն յայտնեց փառատօնի նախաձեռնող բարերար Ալէք Բաղդասարեանին: Առիթը պատեհ համարելով Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը պատասխանատուների միջոցով ի նշան երախտագիտութեան, շնորհակալագիր յանձնեց սիրելի բարերարին:
Ելոյթով հանդէս եկաւ փառատօնի յանձնախմբի նախագահ Արծրուն Աւագեանը, նա իր խօսքերում ուրախութեամբ նշեց, որ այս աւանդութիւն դարձած փառատօնը դարձել է Արցախի հոգեւոր մշակութային կեանքի կարեւորագոյն իրադարձութիւններից մէկը, եւ առիթ է ստեղծում լինել Հայրենիքի չքնաղ եզերքներից մէկում:

Պրն. Աւագեանն փառատօնի մասնակիցներին ցանկանալով անմոռանալի եւ ուրախ պահեր՝ պապենական հողում, մաղթեց յաջողութիւն եւ վստահեցրեց, որ յանձնախումբը ինչպէս միշտ այս անգամ եւս գնահատման մէջ կը լինի անաչառ:

Երկու օրւայ ընթացքում մասնակիցները ասմունքեցին Թումանեանի ստեղծագործութիւններից ամենատարբեր ժանրերում: Ներկայացնում էին ոչ միայն ասմունք, այլեւ երգ եւ Թումանեանի պոէմներից բեմականացւած փոքրիկ տեսարաններ, որոնք առաւել հետաքրքիր էին դարձնում միջոցառումը:
Փառատօնի օրերին մասնակիցների համար կազմակերպւել էին շրջագայութիւններ՝ Արցախի պատմա-մշակութային վայրեր:

Ցուցադրւեցին խմբերի կողմից պատրաստւած տեսահոլովակներ, որոնց միջոցով ներկայացւում էին բոլոր մասնակից խմբերն եւ համայնքները:

Տեղի ունեցաւ մրցութիւններ՝ «Թումանեանագէտ խումբ» եւ «Տաղանդների երեկոյ», տաղանդաւոր մասնակիցները ելոյթ ունեցան իրենց երգով, պարով եւ երաժշտական գործիքների կատարումներով:

Փառատօնի փակման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ օգոստոսի 1-ին, Բերդաքաղաքի մշակոյթի կենտրոնում, որին ներկայ էին Արցախի նախագահ ՝ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը, Մշակոյթի եւ Սպորտի նախարար Նարինէ Աղաբաբեանը: Երեկոն բացւած յայտարարւեց Արցախի հիմնով, օրւայ առիթով արտայայտւելու նպատակով բեմ հրաւիրւեցին առաջնորդ Սրբազանը, Մշակոյթի եւ Սպորտի նախարարը, լիբանանահայ դերասանուհի եւ նկարչուհի Սիրվարդ Ֆազլեանը, որն արտասանեց Դանիէլ Վարուժանից եւ Սիամանթոյից:

Առաջնութիւն շահած 8 մասնակիցները (իւրաքանչիւրը մէկ երկրի ներկայացուցիչ էր) իրենց ծանօթացնելուց յետոյ հանդէս եկան բանաստեղծութիւնների հիանալի կատարումներով:

Այնուհետեւ հանդէս եկաւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, որն իր խօսքն ուղղելով ներկաներին կարեւորեց ասմունքի, գրականութեան եւ արւեստի դերը երկրի կառուցման եւ արժանաւոր քաղաքացի կերտելու գործում, եւ իր ձեռամբ պարգեւներ յանձնեց մրցանակակիրներին: Այստեղ ուրախութեամբ հարկ է նշել, որ 14-18 տարեկան մասնակիցների խմբում Նոյ Նազարեանը գրաւեց պատւաւոր երրորդ տեղը:

Իր խօսքն ունէր ասելու նաեւ փառատօնի նախաձեռնող բարերարը՝ Ալէք Բաղդասարեանը, ով նշեց, որ Շուշին եղել է ու կը մնայ Մշակութային կենտրոն եւ փառատօնի նպատակն է մատաղ սերնդի ուշադրութիւնը բեւեռել հայրենի գրականութեանը եւ նրանց մօտ սէր առաջացնել հանդէպ իրենց մշակոյթը, նաեւ առիթ ստեղծել, որպէսզի աշխարհի տարբեր երկրներից հազարաւոր հայ պատանիներ ներկայ գտնւեն հայրենի հողում եւ միմեանց հետ հաղորդակցւեն:
Վերջում երեկոյի մասնակիցները վայելեցին յայտնի երգիչ Տիգրան Մկրտչեանի կատարումները, ապա փառատօնի բոլոր մասնակիցները բեմ բարձրանալով շուրջպար բռնեցին:

Յատկանշական է, որ փառատօնի բոլոր մասնակիցները արժանացան պատւոգրերի, յուշանւէրների եւ գրքերի: Նրանք օգոստոսի 2-ին ճանապարհւեցին դէպի Լաչին եւ, որպէս յիշատակ իւրաքանչիւր երկիր «Ասմունքի Համահայկական փառատօնի Արցախեան պուրակ»-ում մի ծառ տնկեց: Աւարտւեց եւս մէկ հիանալի միջոցառում, վստահ ենք նմանօրինակ մշակութային փառատօներ, շարունակական լինելու դէպքում, ազգային ոգի կը ներշնչեն եւ արհեստական սահմաններից զերծ պահելով նոր սերնդին, կը դաստիարակւեն հայրենասէր եւ մշակութասէր գիտակից սերունդ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ