ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 28 Յուլիս 2019-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի մեծագոյն տօներից է և մեր Եկեղեցական հայրերը, այդ տօնը մեկնաբանել են որպէս Քրիստոսի կեանքի ամենանւիրական և ամենաէական պահը, երբ Քրիստոս կամաւորապէս ինքն իրեն բացայայտեց իր աշակերտների դիմաց: Իր Աստւածային փառքը յայտնեց իրենց, հաստատելու և փաստելու, որ ինքը եկած է ոչ թէ երկրաւոր թագաւորութիւն հաստատելու, այլ եկած է, որպէսզի մարդկանց առաջնորդէ երկնքի արքայութեան:

Ս. Գրիգոր Լուսաւորիչը, քրիստոնէութեան պետականացումից յետոյ, բազմաթիւ ազգային տօներ, նոր իմաստով կապեց քրիստոնէութեան, որոնցից մէկն է Վարդավառը, այսինքն վարդերի կամ ծաղիկների տօն, որը կապւեց Պայծառակերպութեան տօնին: Ջուրը քրիստոնէական հասկացողութեամբ նոր իմաստ է ստացել: Ջուրը մաքրութեան խորհրդանիշ է և հետևաբար Ս. Գրիգոր Լուսաւորիչը կազմակերպեց, որ Այլակերպութեան տօնին նաև մեր ժողովրդի զաւակները ջրացան կազմակերպեն եկեղեցական արարողութիւնից յետոյ, ասելով՝ թող Աստւածային այս ջուրը սրբի քո մեղքերը, քեզ Աստւածահաճ կեանքով զօրացնի:

Եկեղեցում ներկայ հաւատացեալները, մեծ թէ փոքր, Սուրբ Հաղորդութիւն ստանալուց յետոյ, արարողութեան աւարտին, Վարդավառի աւանդութիւնը վառ պահելով, խանդավառութեամբ եկեղեցիների բակում միմեանց վրայ ջուր թափեցին և ուրախ ժամեր անց կացրին: