ՎԱՐԴԱՎԱՌ - ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՑ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

Ա. ՏԱՐԻ, թիւ 31, 28 Յուլիս, 2019

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ Տաղաւար տօներից մէկն է Յիսուսի Այլակերպութիւնը կամ Պայծառակերպութիւնը, որ ժողովրդական բացատրութեամբ կոչւում է նաեւ Վարդավառ:

Մի օր Յիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին,Յակոբոս եւ Յովհաննէս եղբայրներին եւ նրանց հանեց մի բարձր լեռ, որտեղ նրանք առանձին մնացին: Այնտեղ Յիսուսը կերպարանափոխւեց: Նրա դէմքը արեգակի նման պայծառ դարձաւ եւ նրա զգեստները լոյսի նման սպիտակ եղան: Եւ ահա երեւացին Մովսէս ու Եղիա մարգարէները, որոնք խօսում էին Յիսուսի հետ: Պետրոսը Յիսուսին ասաց.

- Տէ՜ր, ին՛չ լաւ է այստեղ, եթէ ուզում ես , երեք վրաններ շինենք, մէկը՝ Քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար (Մտ 17.4):
Մինչ Պետրոսը խօսում էր, ահա լուսաւոր մի ամպ ծածկեց նրանց: Ամպի միջից լսւեց մի ձայն, որ ասում էր
- Սա իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, սրա՛ն լսեցէք:
Երբ աշակերտներն այս լսեցին, սարսափահար երեսի վրայ գետին ընկան: Յիսուսը մօտեցաւ, նրանց եւ ասաց.
- Ոտքի՛ ելէք, մի՛ վախեցէք:
Աշակերտներն աչքերը բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուսը պատւիրեց նրանց ասելով.
- Մինչեւ Մարդու Որդին մեռելներից յարութիւն չառնի, ձեր տեսածը ոչ ոքի չպատմէք:
Այն ժամանակ աշակերտները հարցրեցին Յիսուսին.
- Հապա ինչո՞ւ օրէնքի ուսուցիչներն ասում են, որ նախ Եղիան պիտի գայ:

Յիսուսը պատասխանեց.

- Ճիշտ է, Եղիան, նախապէս գալով պիտի պատրաստի ամէն ինչ. բայց իմացէ՛ք, որ Եղիան արդէն իսկ եկել է, սակայն մարդիկ նրան չճանաչեցին եւ նրա հետ վարւեցին, ինչպէս որ ցանկացան: Նոյնպէս եւ Մարդու Որդին կը չարչարւի նրանց ձեռքով:
Այն ժամանակ աշակերտները հասկացան, որ Նա Յովհաննէս Մկրտչի մասին էր խօսում:

* * *
Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեցեցին Վարդավառի տօնը նշում է Զատիկից 98 օր յետոյ: Մեր ժողովուրդը Յիսուսի Այլակերպութիւնը տօնում է մի շարք հեթանոսական սովորութիւններով, օրինակ՝ վարդերով կամ ծաղիկներով զարդարւել, իրար վրայ ջուր սրսկել եւ աղաւնի թռցնել:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հեթանոսական այդ սովորութիւնների մէջ մտցրել է մի քանի քրիստոնէական ընբռնումներ, որոնք են Ջրհեղեղի եւ Նոյեան տապանի եւ Նրա աղաւնու պատմութեան խորհրդանշական յիշատակումը:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝
- Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է:
- Մեր Տէր Յիսուս Քրիստոսը, համաձայն Աւետարանի, Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղօթելու:
- Աշակերտների ապշած աչքերի առջեւ, Քրիստոս խօսում է շուրջ հազար տարի առաջ վախճանւած Մովսէս Մարգարէի եւ հրեղէն կառքով երկինք համբարձւած Եղիա մարգարէի հետ: Նրանք խօսում էին Քրիստոսի երկրային կեանքի վերջին օրերի դէպքերի մասին, որոնք տեղի պիտի ունենային Երուսաղէմում:
- Սուրբ Յովհան Ոսկեբերան Հայրապետ, երեք բացատրութիւններ է տալիս, թէ ինչո՞ւ Տիրոջ յայտնւեցին Ս. Մովսէս եւ Ս. Եղիա մարգարէները.
1.- Երկուսն էլ ունեցել են Աստծու տեսիլքը Մովսէսը Սինա իսկ Եղիան Քորեբ լեռան վրայ:
2.- Նրանք խորհրդաբար ներկայացնում էին մահն ու կեանքը.-
ա.- Մովսէսը մահացաւ առանց տեսնելու խոստացւած երկիրը:
բ.- Եղիան կենդանի կերպով երկինք վերացաւ հրեղէն կառքով:
3.- Յիսուսի պայծառակերպութեան ժամանակ Մովսէսի՝ որպէս նախանձայոյզ օրէնսդիր իսկ Եղիայի՝ որպէս նախանձախնդիր օրինապահի յայտնւելը, յիշեցնում է, որ Քրիստոսն է օրէնսդիրը որ չի դրժում Աստծու Ուխտը: Նա է Տէրը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռեալների, որովհետեւ Մովսէսին մեռեալների միջից վեր հանեց, իսկ Եղիային՝ ողջերի միջից:

Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի ՙՎարդավառ՚ անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. արդարեւ, ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է մնում իր պատեանի մէջ եւ ապա բացւելով երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուսը մինչեւ այլակերպութիւնը, Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով յայտնում է Իր Աստւա-ծութիւնը:

Որպէս Քրիստոնեաներ, Այլակերպւելու համար՝

- Պէտք է Քրիստոս ապրի մեր մէջ (Գղ 2.20: Ա.Կր 1.18):
- Պէտք է Տիրոջ Հոգով իրագործենք մեր փոխակերպումը (Բ.Կր 3.18: Հռ 8.9):
- Պէտք է ապրենք Տիրոջ վայել ձեւով, ամբողջութեամբ իր կամքին համաձայն, ամէն տեսակի բարի գործերով պտղաբեր դառնանք եւ Աստծու իտութեամբ աճինք (Տես՝ Կղ 1.10):
- Պէտք է ապրենք Քրիստոսի հետ հարազատութեամբ (Եփ 2.13):
- Պէտք է ապրենք նորոգւած մտքերով եւ նոր մարդ լինենք, լաւը ընտրենք՝ գիտենալով Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, ընդունելի է իրեն եւ կատարեալ (Հռ 12.2):
- Մի՛շտ յիշենք որ միայն իրենով կարող ենք փրկւել (Գրծ 4.12):
- Կարդա՛ նաեւ Հռ 1.16-17: 8.13-14: Եփ 4.22-24:

Ի վերջոյ Պետրոս Առաքեալ Քրիստոսի Այլակերպութեան մասին այսպէս է վկայում.- ՙԵրբ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի զօրութեան եւ նրա երկրորդ գալստեան մասին խօսեցինք ձեզ, շինծու առասպել չէր որ ներկայացրեցինք, քանի որ անձամբ ականատես եղանք նրա մեծութեան, երբ նա փառք եւ պատիւ ստացաւ Հօր Աստուց որ իր մեծավայելուչ եւ փառաւոր ձայնով նրա համար վկայեց, ասելով. ՙՍա է իմ սիրելի Որդին, որին ես հաճեցայ՚: Մենք անձամբ լսեցինք երկնքիցեկող այդ ձայնը, որովհետեւ Յիսուսի հետ միասին էինք սուրբ լեռան վրայ՚ (Ա.Պտ 1.16-18):

Իսկ Յովհաննէս Առաքեալ ասում է.- ՙՄենք լսեցինք, մեր աչքերով տեսանք եւ մեր ձեռքերով շօշափեցինք Որդուն՝ Բանը, որ սկզբից իսկ կեանքի ստեղծողն էր: Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնւեց: Մենք տեսանք եւ վկայում ենք՝ ձեզ պատմելով նրա մասին, այսինքն՝ յաւիտենական կեանքի մասին, որ Հօր հետ էր եւ այժմ յայտնւեց մեզ: Ինչ որ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դո՛ւք էլ մասնակից դառնաք այն հաղորդութեանը, որ մենք ունենք Հօր եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ, եւ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի: Ահա թէ ինչո՛ւ ենք ձեզ գրում այս նամակը: Այն պատգամը, որ լսեցինք նրանից եւ փոխանցում ենք ձեզ, այս է՝ Աստւած լոյս է, բնաւ խաւար չկայ նրա մէջ: Արդ, եթէ ասենք՝ ՙՀաղորդակից ենք նրան՚, եւ միւս կողմից շարունակենք ապրել խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք գործադրում: Իսկ եթէ քայլենք լոյսի մէջ, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, այն ժամանակ ճշմարտապէս հաղորդակից ենք լինում միմեանց, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մեզ սրբում է ամէն մեղքից:

Պատրաստեց՝ Վրթանէս Քհնյ. Բաբախանեան