Իրանում ՀՀ դեսպանութիւնը կազմակերպել էր բացառիկ համերգ՝ նւիրւած մեծանուն երաժշտագէտ Տիգրան Մանսուրեանի 80-ամեակին

«Տիգրանով իմ սերունդը իր խօսքն է խօսում նորոգ ու նորօրեայ մշակոյթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտաւոր էր լինելու»,- այսպէս է ասել Հրանտ Մատթէոսեանը Տիգրան Մանսուրեանի մասին:

Թերեւս համր կը լինէր նաեւ մեր ժամանակակից երաժշտական արւեստը առանց մանսուրեանական ստեղծագործ մտքի եւ նրա բազմաոճ ստեղծագործութիւնների, որոնցից իւրաքանչիւրը իմաստաւորւած է եւ իմաստաւորեց նոյնիսկ հայկական ֆիլմաշխարհը:

Իր արւեստի պէս մաքուր, ջինջ ու ազնիւ մարդ է Տիգրան Մանսուրեանը, որի 80-ամեայ յոբելեանը մեծ շուքով նշում է Հայաստանը ու աշխարհասփիւռ հայութիւնը:
Հէնց նրա 80-ամեակին էր նւիրւած երէկ «Վահդաթ» դահլիճում կայացած համերգային երեկոն: Տաղանդաւոր երաժշտագէտի հետ հանդիպումը բացառիկ ժամեր պարգեւեց հանդիսատեսին եւ դահլիճը լցւեց ու լիացաւ Մանսուրեանի գերմարդկային բարութեամբ: Նրա ներկայութեան ու ոգու բարութեան խօսող վկաները բեմում հնչող ստեղծագործութիւններն էին, որոնք երաժշտասէր հասարակութեանը ներկայացրեց Հայաստանի Պետական կամերային երգչախումբը՝ ղեկավարութեամբ մայեստրօ Ռոբերտ Մլքէեանի:

Տիգրան Մանսուրեանը ստեղծագործել է երաժշտական տարբեր ոճերում՝ ունի նւագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ ստեղծագործութիւններ, բայց լայն հասարակութիւնը առաջին հերթին ճանաչում ու սիրում է ֆիլմերի համար գրած նրա հոգեթով երաժշտութիւնը:

Երկուշաբթի, յուլիսի 22-ին, բեմում հնչեցին մեծ արւեստագէտի երաժշտական այն գոհարները, որոնք Տիգրան Մանսուրեանը ստեղծել է հայանուն հանճարեղ բանաստեղծների՝ Յովհ. Թումանեանի, Աւ. Իսահակեանի, Չարենցի, Կ. Զարեանի խօսքերի հիման վրայ:

Աւելի քան երկու ժամ հանդիսատեսը ակնդէտ հետեւում էր իւրաքանչիւր հնչիւնի կատարողականութեանը եւ նոյն ապրումներով վերջում ծափահարում:

Երգչախմբի կատարումներին զուգահեռ Արտոյտ Զոհրաբեանը նախ ներկայացնում էր բանաստեղծին, ապա նրա ստեղծագործութիւնից ընթերցում հատւածներ:

Դասական այս երեկոյի բացման խօսքում մայեստրօ Ռազմիկ Օհանեանը նշեց, որ այս տարի նշւում է Տիգրան Մանսուրեանի 80-ամեայ յոբելեանը եւ յաւելեց, որ մեծ պատիւ է այդ առիթով մեծանուն երաժշտագէտի ներկայութիւնը այսօր այս դահլիճում: Խօսքի աւարտին նա շնորհակալութիւն յայտնեց նաեւ օպերետային դահլիճի տնօրինութեանը:

Իսկ վերջում. վերջում բեմ բարձրացաւ Տիգրան Մանսուրեանը, ով թէ՛ յուզւած էր, եւ թէ՛ ոգեւորւած: Նա իր հոգու պէս զուլալ խօսքով յայտնեց իր երախտագիտութիւնը բոլոր նրանց, ում ջանքերով կազմակերպել էր այս հրաշալի համերգային երեկոն: Մայեստրօն իր խօսքում անդրադարձաւ նաեւ հայ-իրանական դարաւոր բարեկամութեանը, մշակութային սերտաճած կապերին ու հարուստ ժառանգութեանը, որի կրողն են հէնց երկու ժողովուրդները:

Հանդիսատեսը, ով ողջ էութեամբ ներծծւեց այս երաժշտական գոհարների շնչեղութեանն, տարրերով յոտնկայս երկար ժամանակ ծափահարում էր ու նոյն տպաւորութեամբ էլ թողեց դահլիճը:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարիչ՝ Արտեմ Ղարիբեան