ԸՆԹԵՐՑՒԵՑ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏԳԱՄԸ ` 2016 ՏԱՐԻՆ «ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ» ՀՌՉԱԿԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ

Ուրբաթ 29 Յունւար 2016-ին մեր եկեղեցիներում, յընթացս Ս. եւ անմահ պատարագի հանդիսաւորապէս ընթերցւեց Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական պատգամը, որով Նորին Սրբութիւնը 2016 տարին հռչակում է «Ծառայութեան տարի»։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում Վեհափառ Հայրապետին պատգամը հանդիսաւորապէս ընթերցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Վեհափառ Հայրապետը իր պատգամում նախ անդրադառնում է ծառայութեան գաղափարին, որ ըստ Վեհափառի այն ՛՛Իր խոր էութեամբ հաւատքի ու նւիրումի շօշափելի արտայայտութիւնն է, Աստծու եւ մեր նմանին հանդէպ ունեցած հաւատարմութեան ու սիրոյ գործնականացման՛՛։ Այնուհետ Վեհափառը վկայութիւններ է բերում Աստւածաշնչի հին եւ նոր կտակարանների հերոսների կեանքից, եկեղեցու հայրերի մտածումներից, որով նրանք մեկնաբանել են ծառայութիւն եզրը։

Վեհափառը իր խօսքի մի այլ բաժնում ծառայութիւնը բացատրում է որպէս կեանքի որակ, կեանքի ճանապարհ եւ կեանքի նպատակ, որոնցով հաւատացեալի կեանքը արժեւորւում, իմաստաւորւում։ Հետեւաբար ծառայութիւնը ամէն մի հաւատացեալի ե՛ւ փառքն ու պատիւը։

Իր պատգամի վերջին մասով Վեհափառը թելադրում է թեմակալ առաջնորդիերին, ազգային իշխանութիւններին եւ համայնքային բոլոր կառոյցներին անխտիր որ ՛՛լուսարձակի տակ բերեն ծառայութեան կենսական կարեւորութիւնը մեր կեանքում եւ զանազան ձեռնարկների միջոցով՝

- Գնահատելու համայնքին ծառայութիւն մատուցած ազգայիններին։

- Յիշեցնելու յատկապէս երիտասարդներին, ազգին ծառայելու հրամայականը՝ մեր հաւաքական կեանքի իրենց գործօն մասնակցութեամբ։

- Կոչ ուղղելու տարբեր կարողութիւններով ու հնարաւորութիւններով օժտւած մեր ազգայիններին որ օգտակար հանդիսանան համայնքի ծաղկեցման, եկեղեցու պայծառացման, հայրենիքի հզօրացման ու ազգային առաջադիմութեան նպաստող ծրագիրներին ու աշխատանքներին։ ՛՛