Դանիէլ Մարգարէի եւ թարգմանչաց Վարդապետներ՝ Սուրբ Սահակի եւ Սուրբ Մեսրոպի Տօն

Ա. ՏԱՐԻ, թիւ 29, 14 Յուլիս, 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՄԱՏԹԷՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (13.24-30)

Յիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց եւ ասաց.

- Մի մարդ լաւ սերմեր սերմանեց իր արտի մէջ: Մի գիշեր, երբ ամէն մարդ քնի մէջ էր, նրա թշնամին եկաւ, որոմ ցանեց ցորենի մէջ եւ գնաց: Երբ սերմերն աճեցին եւ սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երեւաց եւ այդ որոմը: Տանտիրոջ ծառաներն եկան եւ ասացին նրան. ՙՏէ՛ր, մի՞թէ դու քո արտի մէջ միայն լաւ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը՚: Տէրը պատասխանեց. ՙԹշնամի մարդու արած գործ է դա՚: Ծառաներն ասացին. ՙՈւզո՞ւմ ես, որ գնանք եւ քաղհանենք որոմը՚:

ՙՈ՛չ,- պատասխանեց Տէրը,- որպէսզի չլինի թէ որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անէք: Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցէք, խրձե՛ր կազմեցէք՝ այրելու համար, եւ ապա միայն քաղեցէ՛ք ցորենը եւ ամբարեցէ՛ք իմ շտեմարաններում՚:

Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայութիւնը:
* * *
Այս շաբաթ տօնն է Դանիէլ Մարգարէի եւ թարգմանչաց Վարդապետներ՝ Սուրբ Սահակի եւ Սուրբ Մեսրոպի

Ո՞Վ ԷՐ ԴԱՆԻԷԼ ՄԱՐԳԱՐԷՆ.-

Բաբելոնեան գերութեան ժամանակ Դանիէլ պատանի էր եւ շատերի պէս գերի տարւեց հայրենիքից: Նաբուքոդոնոսոր արքայի հրամանով Դանիէլն իր երեք ընկերների՝ Անանիայի, Ազարիայի եւ Միսայէլի (Բաբելոնում նրանք կոչւեցին Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով) հետ Բաբելոնում ուսանեց քաղդեացիների լեզուն, ինչպես նաեւ զանազան գիտութիւններ: Ծառայութեան մտնելով արքունիք` ժամանակի ընթացքում նա բարձր դիրքի հասաւ, որով կարողացաւ իր ժողովրդին պահպանել կռապաշտութեան վտանգից:

Տակաւին վաղ տարիքից Դանիէլն աչքի էր ընկնում բարեպաշտութեամբ եւ իմաստութեամբ: Միայն նա էր կարողանում մեկնաբանել թագաւորի առեղծւածային երազները: Դրա շնորհիւ Նաբուքոդոնոսոր արքան ընդունեց Իսրայէլի Աստծուն եւ Նրան խոստովանեց որպէս աստւածների Աստւած (Դն 2.47): Բաբելոնը մարերի եւ պարսիկ զօրքերի կողմից գրաւելուց յետոյ էլ Դանիէլը պահպանեց իր բարձր դիրքը արքունիքում: Սակայն նախանձ ու չար պալատական-ների բանսարկութեան հետեւանքով Դարեհ արքայի հրամանով նրան նետեցին փոսը, ուր առիւծներ կային: Աստւած հրաշքով փրկեց Իր հաւատարիմ ծառայի կեանքը, եւ դրա շնորհիւ Աստծու անունը առաւել փառաւորւեց հեթանոսների մէջ (Դն 6):

Դանիէլը, որի իմաստութեան եւ արդարութեան համբաւը տարածւած էր ամենուրէք, իր կեանքի ընթացքում (շուրջ 90 տարի) արժանացաւ զարմանալի ու սքանչելի շատ տեսիլքների, որոնք կանխագուշակում էին մարդկութեան կեանքում կարեւորագոյն իրադարձութիւններ: Նա մարգարէացաւՅիսուս Քրիստոսի թագաւորութեան եւ սուրբ Կոյսից Նրա ծնւելու մասին: Դանիէլ մարգարէի անւան է կապւած նաեւ Շուշան անունով անմեղ մի կնոջ փրկութիւնը, որ երկու ծերունիների անհիմն ամբաստանութիւններին զոհ էր գնացել:

Իսկ Դանիէլի երիտասարդ երեք ընկերները միշտ հաւատարիմ մնացին Աստծուն, նոյնիսկ, երբ նրանց մահ էր սպառնում: Մի առիթով երբ Նաբուգոդոնոսոր թագաւորը բարկացել էր նրանցից, վաթսուն կանգուն բարձրութեամբ եւ վեց կանգուն լայնութեամբ մի ոսկուց պատրաստւած արձան կանգնեցրեց եւ հրամայեց, որ բոլորը երկրպագեն: Դանիէլի երեք ընկերները` Սեդրակը, Միսաքը եւ Աբեդնագովը հրաժարւեցին թագաւորին հնազանդւել եւ ոսկուց պատրաստւած արձանը պաշտել: Այդ պատճառով շիկացած հնոցի մէջ նետւեցին: Սակայն Աստւած նրանց պահպանեց եւ փրկեց կրակի ճիրաններից: Նրանք հնոցի մէջ ոչ միայն չայրւեցին, այլ Աստծուն օրհնութեան երգեր երգեցին: Ականատես լինելով այդ հրաշքին` Նաբուգոդոնոսորը ազատ է արձակում երիտասարդներին, օրհնում եւ փառաւորում ճշմարիտ Աստծուն:

Դանիէլ Մարգարէի երեք ընկերների` Սեդրակի, Միսաքի եւ Աբեդնագովի օրինակով` Հայ Եկեղեցիներում ամէն առաւօտ, ժամերգութեան ընթացքում, ՙՀարց՚ անունով ծանօթ շարականներ ենք երգում, Տիրոջից հայցելով որ նրանց այրւելուց փրկելուն նման մեզ էլ փրկի մեղքերի կրակներից, որոնք միշտ տոչորում ու այրում են մեր մարմիններն ու հոգիները: ՙՀարց՚եր ըկրկնւում են երեք անգամ, քանի որ երեք երիտասարդների երգն է: ՙՀարց՚ի Սաղմոսը վաթսուն համար է, որովհետեւ Նաբուգոդոնոսորի կանգնեցրած արձանը վաթսուն կանգուն բարձրութիւն ունէր (Մովսէս Քերթողահայր, ՙԵրեք մանուկների՚ երգի մեկնութիւն):

Ո՞Վ ԷՐ ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ՀԱՅԱՐԱՊԵՏԸ.-

Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետը ծնւել է 29 Սեպտեմբերի, 348-ին, վախճանւել է 7 Սեպտեմբերի 439-ին: Եղել է հմուտ աստւածաբան, երաժիշտ, բանաստեղծ, հռետոր, իմաստասէր, լեզւագէտ, քաղաքական եւ մշակութային գործիչ: Նա է մեծագոյն նւիրեալը Հայ Ժողովուրդի Ազգային մշակոյթի զարգացման, բայց մանաւանդ Հայոց Գրերի ստեղծման ջատագովը: Սուրբ Սահակ Հայրապետը, Մեսրոպ Մաշտոց Վարդապետի հետ Հայ դպրութեան ու եկեղեցական մատենագրութեան հիմնադիրներն են հանդիսանում, մանաւանդ Աստւածաշունչի թարգմանութեամբ:

Ո՞Վ ԷՐ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏԸ.-

Սուրբ Մեսրոպ Մաշտոցը ծնւել է 361-362-ին, վախճանւել է 17 Փետրւարի, 440-ին: Նա Հայոց Գրերի Գիւտարարն է: Հայի ինքնութեան գլխաւոր դէմքն է: Գրերի Գիւտից յետոյ Սուրբ Սահակ Պարթեւի հետ թարգմանել է Աստւածաշունչ մատեանը, որ կոչւել է «Թագուհի Թարգմանութեանց»: Եղել է նշանաւոր լեզւագէտ, աստւածաբան, երաժիշտ, բանաստեղծ, քարոզիչ եւ ուսուցիչ:

ՄԵՐ ՀԱՅՐԵՐԸ ԱՅՍՊԷՍ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՒԻ ՄԱՍԻՆ.-

Եղիշէ Պատմիչն ասում է. «Յունարէնը մեղմ է, հռոմէական լեզուն` հզօր, յոնարէնը` (Chunni, Hunni, ագաղթական ժողուորդ, այժմ ձուլւած) ահաբեկող, ասորերէնը` աղերսական, պարսկերէնը` պերճ, ալաներէնը` գեղեցկազարդ, գոթերէնը` հեգնական, եգիպտերէնը` տափակախօս ու խաւարաձայն, հնդկերէնը` ճռւողական, հայերէնը` քաղցր, որը միաժամանակ կարող է միւս բոլոր լեզուների յատկութիւններն ամփոփել իր մէջ»:

Վարդան Արեւելցի Վարդապետն ասում է.- «Թարգմանիչ մեր հայրերը երկրաւոր փառքի մեծութիւնը խաւար կոչեցին, անմահ Փեսային՝ Քրիստոսի յոյսին ապաւինելով, անպատմելի Բանին արժանի եղան: Նրանք Հայր Աստծու իմաստութեամբ եւ զօրութեամբ՝ նշանագիրը թարգմանելով, Սուրբ Գրիգորի Աթոռը ամրացրեցին: Նորափետուր խօսքով զարդարւած՝ Հայոց Եկեղեցիները պայծառացրեցին: Արդարեւ, Աստծու փառքի ճշմարիտ լոյսի խորհուրդով՝ կենդանի գիրը կերպաւորւեց՝ մեծն Մեսրոպի մաքուր արգանդի մէջ: Գրերի Գիւտով, նրանք, մեծ սուրբին՝ Մովսէսին նման աստւածագիտութեան ծածուկ խորհուրդը յայտնեցին մեզ: Գրերի գիւտով, աղբիւրի պէս մեր մէջ բնակւեց շնորհքների անսպառ բխումը՝ Սուրբ Հոգին»:

Ղազարոս Աղայեանն ասում է. «Բաւական չէ ազգասէր ու հայրենասէր լինելը, պէտք է մի քիչ էլ լեզւասէր լինել, պէտք է սիրել, պաշտել, գգւել հարազատ մօր հարազատ լեզուն. այս սէրը մեր առջեւ կը բանայ միայն մեր լեզւի անհատնում ճոխութիւնը, նրա նրբութիւնը եւ քաղցրութիւնը»:

Միքայէլ Նալբանդեանն ասում է. «Սուտ է այն լուսաւորութիւնը, որ պիտի լինի օտարի լեզւով: Այդպիսի դիպւածում դուք ձեր զաւակներին օտարացնում էք ձեզանից: Նրանց զաւակները անունով միայն կը լինեն հայ, իսկ յաջորդ սերունդները աւելորդ կը համարեն այդ անունը կրել իրենց վրայ: Ուրեմն խելամիտ եղէք, եւ թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»:

Աւետիք Իսահակեանն ասում է. «Մայրենի լեզւի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզւինը` սովորում, հասկանում, յիշում...»:

Ստեփան Զորեանն ասում է. «Իր մայրենի լեզուն վատ իմացողը կէս մարդ է, չիմացողը` թշւառ, ծառից ընկած մի տերեւ, որ տատանւում է ամէն մի պատահական քամուց...»:

Հայր Ղեւոնդ Ալիշանն ասում է. «Ուր որ հայրենի երգեր կըլսւի` հոն հայրենիքը ողջ է...»:

Ֆրետերիք Ֆէյտի (ֆրանսիացի հայագէտ) ասում է. «Հայերէնը` իբրեւ Արարատեան լեզու, կոչւում է ՙԱղօթքի լեզու՚, այն աստւածային ճոխ ու աննման լեզու է»:

Ճորճ Պայրըն (անգլիացի բանաստեղծ) ասում է. «Ճոխ է հայոց լեզուն, եւ առատօրէն կըվարձատրւի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում»:

Վիկտոր Հիւգո (ֆրանսիացի գրող) ասում է. «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մէջ արեւելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցեալի խորհրդաւոր նշոյլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերէն թարգմանելը»: