ԱՄԱՐԱՍ - ՅԻՇԱՏԱԿ ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ

Ա. Տարի - Թիւ 25 - 16 Յունիս, 2019

ԸՆԹԵՐՑՈՒՄ ՂՈՒԿԱՍՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (4.25-30)ԸՆԹԵՐՑՈՒՄ ՂՈՒԿԱՍՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՑ (4.25-30)

Օրինակներով ձեզ ասեմ. Եղիայի օրերին Իսրայէլում բազմաթիւ այրի կանայք կային, երբ երեքուկէս տարի երկնքից անձրեւ չտեղաց, եւ սաստիկ սով տիրեց ամբողջ երկրում: Բայց Եղիան նրանցից ոչ մէկի մօտ չուղարկւեց, այլ ուղարկւեց միայն Սիդոնին մօտիկ Սարեփթա գիւղում բնակւող մի այրի կնոջ մօտ: Նոյնպէս, Եղիսէ մարգարէի օրերին Իսրայէլում բազմաթիւ բորոտներ կային, բայց նրանցից ոչ մէկը չբժշկւեց, այլ` միայն Նէեման անունով մի ասորի:
Այս ակնարկութիւնները լսելով՝ ժողովարանում գտնւողները բարկութեամբ լցւեցին: Վեր կացան, Յիսուսին քաղաքից դուրս հանեցին եւ գահավէժ անելու նպատակով նրան տարան մինչեւ կատարն այն լեռան, որի վրայ կառուցւած էր իրենց քաղաքը: Բայց Յիսուսն անցաւ գնաց նրանց միջով:

ԱՅՍՕՐ ՅԻՇԱՏԱԿՆ Է ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ

ԾԱՆՕԹԱՆԱՆՔ ՆՐԱՆ. Ո՞Վ ԷՐ ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷՆ

Հին Կտակարանեան Թագաւորների Գ. եւ Դ. գրքերում խօսւում է Եղիա Մարգարէի մասին, որպէս նախանձայոյզ, համարձակախօս եւ արդարադատ մի անձնաւորութիւն:
Նա ծնունդով Գաղաադի Թեզբէ գիւղից էր, Ահարոնի տոհմից:
Ապրել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում, Իսրայէլի Աքաաբ (ՔԱ 874-853 թ.) եւ Ոքոզիա (853-852 թ.) թագաւորների օրով:
Աքաաբը ամուսնանում է Սիդոնացիների (Լիբանանի հարաւ արեւմուտքը գտնւող քաղաք, այս օրերին ծանօթ ՙՍայդա՚ անունով) արքայ Յոբաղի դստեր՝ Յեզաբէլի հետ, որ կռապաշտ էր եւ իր հետ Սամարիա, թագաւորանիստ քաղաք է բերում 1000 քուրմ (Հեթանոս քահանայ):
Այդ օրերին, Աքաաբի եւ նրա կռապաշտ կնոջ սպառնալիքների պատճառով, իսրայէլցիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն: Եղիայի հրամանով երեքուկէս տարի Իսրայէլում երաշտ է լինում, բայց Եղիայի աղօթքով յորդառատ անձրեւ է գալիս: 
Աստծուն ճանաչելու եւ կռապաշտութիւնից հեռացնելու համար, Եղիան առաջարկում է Աքաաբին, նրա կռապաշտ կնոջը` Յեզաբէլին եւ քուրմերին, զոհ մատուցել առանց կրակ վառելու, եւ նրա աղօթքով որ զոհի կրակը վառի, նրա աստւածը կը լինի ճշմարիտը եւ պաշտելին: Եղիա մարգարէն, Կարմելոս Լեռան վրայ պարտութեան է մատնում Բահաղի քուրմերին, որովհետեւ Աստւածային հրաշքով Եղիայի խարոյկը վառւում է եւ զոհը` մատուցւում: Իսրայէլցիները տեսնելով հրաշքը, դարձի են գալիս եւ հեռանում են կռապաշտութիւնից, իսկ Աքաաբ Թագաւորի հրամանով սպանւում են քուրմերը:
Յեզաբէլ Թագուհին զայրանում եւ հալածում է Եղիային: Եղիան թաքնւում է մի վտակի մօտ` ամայի վայրում: Աստծու հրամանով ագռաւները ամէն առաւօտ եւ երեկոյ հաց ու միս էին տանում Եղիա մարգարէին, իսկ ծարաւը հագեցնում էր վտակի ջրով: 
Եղիան այն երջանիկ սրբերից մէկն է, որ տեսել է Աստծուն՝ զեփիւռի տեսքով: Աստւած Եղիային, Եղիսէյի աչքի առաջ, հրեղէն կառքով, տանում է երկինք: Եղիան բնական մահով չի մեռնում:

Եղիա մարգարէն իր կենդանութեան օրով եւ յետ մահու 14 հրաշքներ է գործել, որոնց մասին կարող էք կարդալ Թագաւորների Գ. եւ Դ. Գրքերում: ՙԱմարաս՚-ը ձեզ ներկայացնում է երկու հրաշքներ.- 

1.-Երբ Յեզաբէլ Թագուհին զայրանում եւ հալածում է Եղիային, նա գնում է Սարեփթա ու հասնում քաղաքի դարպասը. Աստւածաշունչը այսպէս շարունակումէ հրաշապատումը.-Մի կին այնտեղ փայտ էր հաւաքում: Եղիան ձայն տալով նրան` ասաց. - Ինձ համար ամանով մի քիչ ջուր բե՛ր, որ խմեմ: Կինը գնաց  բերելու: Եղիան նրա յետեւից ձայն տալով` ասաց. - Ինձ համար մի պատառ հաց բե՛ր: Կինն ասաց. - Կենդանի է քո Տէր Աստւածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից: Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխաներիս համար. այն կուտենք ու յետոյ կը մեռնենք: Եղիան ասաց նրան. - Քաջալերւի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար: Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստւածը. ՙԱլիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նւազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կը տեղացնի երկրի վրայ՚: Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան: Եղիան, կինն ու նրա որդիները կերան: Այդ օրւանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնւազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը: Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ: Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց: Այրին ասաց Եղիային. - Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդուս սպանես: Եղիան ասաց կնոջը. - Տո՛ւր ինձ քո որդուն: Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնու վրայ: Եղիան աղաղակելով ասաց. - Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ: Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր: Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն` ասելով. - Տէ՜ր իմ Աստւած, այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու: Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ ու նա կենդանացաւ: Եղիան առաւ մանկանը, վերնատնից տուն իջեցրեց նրան, տւեց իր մօրը` ասելով. - Տես, որ կենդանի է քո որդին՚: Կինն ասաց Եղիային. - Հիմա համոզւեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում (Գ.Թգ 17.10-24): 

2.- Մի օր Եղիա մարգարէն եւ իր աշակերտ Եղիսէն քայլում էին. մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմ-եանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: Եղիսէն նայեց ու աղաղակեց. - Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց: Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ (Դ.Թգ 2.11-12): 

Ո՞Վ ԷՐ ԵՂԻՍԷ ՄԱՐԳԱՐԷՆ


- Երբ խօսում ենք Եղիա Մարգարէի մասին պէտք է անդրադառնալ նաեւ Եղիսէ մարգարէին (Եղիսէ նշանակում է ՙԱստւած Փրկիչ է՚), որովհետեւ նա եղել է Եղիա մարգարէի աշակերտը, օգնականն ու յաջորդը: Եղիսէն խնդրում է իր ուսուցչին իրեն տալ Նրա հոգին, այսինքն` Եղիային տրւած զօրութեան կրկնակի չափը, արդ՝ երբ Եղիան կառքով բարձրանում է երկինք, նրա թիկնոցը ընկնում է ցած, եւ Եղիսէն այն վերցնում է իրեն, որով եւ իրականանում է նրա փափագը: Եղիան մենակեաց էր: Նրա կեանքը մշտական պայքարի մէջ է եղել, վհատութեան պահեր է ապրել` Աստծուց անգամ մահ խնդրելով: Իսկ Եղիսէն, ընդհակառակը, ապրել է մարդաշատ վայրերում, իր կեանքը յաղթանակների եւ յաջողութիւնների մի շարք է եղել: Սիրել է երաժշտութիւնը եւ յաճախ մարգարէանալու համար երաժշտութեան կարիքն է զգացել: Եղիսէն մարգարէացել է 6 իսրայէլցի թագաւորների օրօք 65 տարուց աւելի:

- Աստւածապարգեւ իմաստութեամբ եւ խորագիտութեամբ Նա օգնել է իր երկրի թշնամիների դէմ պայքարում: Արտաքին թշնամիներին Նա շահել է բարիքով եւ բարեկամութեամբ: Պէտք է ասել, որ Իր կեանքը պայքարից աւելի բարեկարգութիւնների եւ կազմակերպչական գործերով է անցել:  

- Եղիսէն Հին Կտակարանի այն մարգարէներից է, ով գործել է ամենամեծ թւով 28 հրաշքներ: Նրա գործած հրաշքներից են Նէեման Ասորիի բժշկութիւնը, Յորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբիւրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը` նրա ամանի միջի իւղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զաւակին յարութիւն տալը եւ այլն: Պատմւում է, որ Իր մահից յետոյ երբ Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակւում է Իսրայէլի վրայ, այդ օրերին, մի մարդու էին թաղում: Երբ թաղողները տեսնում են Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցում են գերեզմանը: Մեռած մարդու դիակը Եղիսէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանանում է ու կանգնում ոտքերի վրայ: