Յիսուս Քրիստոսի Համբարձման առիթով տօնակատարութիւն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Թւականիս մայիսի 30-ի երեկոյեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ իւրայատուկ մի միջոցառում նւիրւած Յիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման, որի նախաձեռնողն էր նոյն եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցը և Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Հոգևոր Եղբայրակցութիւնը:

Ծրագրին ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդական օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ծրագիրը կազմւած էր երկու բաժիններից. առաջին բաժինը, որը տեղի ունեցաւ եկեղեցու մէջ և սկսւեց Տէրունական աղօթքով շարունակւեց օրւան համապատասխան Աւետարանական ընթերցումներով, հոգևոր երգերով ու աղօթքներով:

Այս բաժնում Մեղրիկ սրբազանը ազդեցիկ և տպաւորիչ ոճով ներկայացրեց Քրիստոսի Համբարձման շուրջ իր գեղեցիկ պատգամը, և հաւատաւոր ժողովրդին յորդորեց աղօթքով ու ապաշխարութեամբ աճելու հաւատքի կեանքի մէջ, ի մասնաւորի պատեհ առիթ համարեց այս խորհրդաւոր տասը օրերը (Համբարձումից մինչև Հոգեգալուստ) աղօթքին նւիրւելու և զօրանալու ու լիցքաւորւելու Սուրբ Հուգով: Ապա իր պատգամի ընթացքում մի յուզիչ վկայութիւն բերելով եզրակացրեց թէ ծնողները իրենց զաւակների փրկութեան հարցում՝ այն ժամանակ են կարող օգնել նրանց՝ երբ նախ իրե'նք ընդունած լինեն Տիրոջ փրկութիւնը:

Ծրագրի առաջին բաժինը աւարտւեց «Սուրբ խաչիւ» և «Պահպանիչ» աղօթքներով, որից յետոյ ժողովուրդը անցաւ եկեղեցու բակ շարունակելու ծրագրի երկրորդ բաժինը, որը կատարւեց զւարճալի և ուրախ մթնոլորտում: Աւանդական տարազ հագած երեխաների ներկայութիւնը աւելի էր հարստացնում տօնական այս մթնոլորտը:

Աստծու խօսքով և համբարձման խորհրդով զօրացած, համեստ հիւրասիրութիւնից յետոյ, հաւատաւոր ժողովուրդը թողեց եկեղեցին շատ ուրախ և գոհունակ սրտով:

Թ. Հ. Թ. Քռիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ