Կրօնական փոքրամասնութիւնների յարգանքի տուրքը հանգուցեալ էմամ Խոմէյնիի յիշատակին

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 30-րդ տարելիցը մեծարելու նպատակով, չորեքշաբթի մայիսի 29-ին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները ներկայ գտնւելով հանգուցեալ էմամի դամբարանում, յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին եւ ծաղկեպսակ տեղադրեցին հանգուցեալի դամբարանին:

Սոյն ծրագրին մասնակցելու նպատակով, նոյն օրը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից մի պատւիրակութիւն մեկնեց հանգուցեալի դամբարանը: Խմբին անդամակցում էին Արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը, Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը եւ եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները:

Դամբարանում նախ կրօնական և ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչները միասնաբար ծաղկեպսակ տեղադրեցին հանգուցեալ էմամի շիրիմին, որից յետոյ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան տարելիցը նշող Կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւնների յանձնախմբի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին ներկաներին ողջոյնի խօսք ուղղելով, կարևորութեամբ անդրադարձաւ Իրանի ժողովրդի միասնականութեանը:

Միջոցառմանը իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ իր խօսքն ուղղեց հանգուցեալ Էմամ Խոմէյնիի անհատականութեան մասին: Թ.Հ. Թեմի անունից արտայայտւեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, աղօթելով հանգուցեալ Էմամի հոգու խաղաղութեան համար: