Մանուկների Դաշտահանդէս

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ և Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 17-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչև կէսօրից յետոյ ժամը 16-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը Արարատ մարզաւանում։

Ծրագիրը ընդգրկում էր հոգևոր բնոյթ ունեցող աշխատանքներ 3-ից 12 տարեկան մանուկների համար, որ մեծ ուրախութեամբ կատարում էին մանուկները։

Աշխատանքները կատարւում էին հետաքրքիր անուն ունեցող տաղաւարներում, օժանդակ խմբերի օգնութեամբ, որոնցից էին՝ «Մեր ճամբորդակից Յիսուսը», «Խճանկար», «Անակնկալ», «Քրիստոս յարեաւ», «Արւեստի կայան», «Երկնային թռիչք», «Քրիստոսի անունները», «Փրկութեան պոէմը», «Ես եւ իմ մանուկները», «Մեր հրաշք այբուբէնը», «Գիտես արդեօ՞ք», «Այն օրը որ Աստւած ստեղծեց, «Փառաբանութիւն» և «Անակնկալ»:

Ծրագրին այցելեց Առաջնորդ Սրբազան Հայր՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և թեմիս Առաջնորդի օգնական Գերշ. Տ․Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։ Առաջնորդ Սրբազան հայրը, յանձնախմբի անդամների ընկերակցութեամբ այցելեց տաղաւարները, դիտեց աշխատանքները և ամբողջութեամբ գնահատեց։

Եղան փոքրիկներ, որ ազատ բեմում երգելով և ասմունքելով ուրախացրին բոլորին։

Ըստ Սովորութեան, տեղի ունեցաւ աւանդական շուրջպարը, Առաջնորդ Սրբազան հօր եւ մանուկների մասնակցութեամբ։

Յաւարտ շուրջպարի, ներկայ մանուկները կրելով Նոյեան տապանի բնակիչ կենդանիների պատկերները, Սրբազան Հայրերի հետ նկարւեցին յանձնախմբի կողմից պատրաստած Նոյեան տապանի մանրակերտի մէջ։

Նշելի է որ այս ծրագրին օժանդակել էին Ս Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը , օժանդակ խումբը եւ Ս․Սարգիս եկեղեցու խորհուրդը։

Իսկ ծրագրի աւարտին, թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանն իր օրհնութեան ու գնահատանքի խօսքը փոխանցեց յանձնախմբին եւ օժանդակ խմբերին։

Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ
Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեաններ