Կրթական Խորհրդի Նախաձեռնութեամբ՝ Հայոց դպրոցների ուսուցիչ-ուհիները նշեցին Նոր Տարին

Թ. Հ. Թեմի Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ և անցնող տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, Թեհրանի Հայոց Ազգային դպրոցների ուսուցիչ-ուհիները, շաբաթ յունւարի 23-ի երեկոյեան «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի դահլիճում, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութեամբ նշեցին Նոր Տարին և Աստւածայայտնութեան տօնը:  Ծրագրում ներկայ էին 32 հանգստի կոչւած ուսուցչուհիներ, ներկայ աշխատող՝ 8 ուսուցիչներ և 55 ուսուցչուհիներ և Կրթական Խորհրդի կազմի անդամների մեծամասնութիւնը:

Ծրագիրը սկսւեց ժամը 16:50-ին Սրբազան Հօր Տէրունական աղօթքով, ապա յանուն Կրթական Խորհրդի՝ բացման խօսք ասաց տկն. Ժասմէն Մինասեանը, որը ողջունելով Սրբազան Հօր և ուսուցիչ-ուհիների ներկայութիւնը հանդէսը վարելու համար հրաւիրեց «Յ. Թովմասեան» դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Հրանուշ Սարգսեանին:

Ծրագրի ընթացքում արտայայտւեցին տարբեր դպրոցների փոխտեսուչ և փոխտեսչուհիներ, հանգստի կոչւած և ներկայում աշխատող ուսուցիչ-ուհիներ, որոնք շնորհաւորելով Նոր Տարին, իրենց մաղթանքները յղեցին ներկաներին, հայկական ջերմ մթնոլորտում կատարւեցին գեղեցիկ երգեր ու արտասանութիւններ՝ քաղցրաւենիքներով և մրգերով զարդարւած գեղեցիկ սեղանների շուրջ:

Ծրագրում իր ողջոյնի և շնորհաւորական խօսքն ասաց Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը:

Թեմակալ առաջնորդն իր եզրափակիչ խօսքում գործընկերներ անւանելով բոլոր ներկաներին և նշելով, որ ներկայիս նահանջ է ապրում հայերէնի իմացութիւնը ամենուրէք՝ Հայաստանում թէ Սփիւռքում, շեշտեց «Այս համատարած հիւանդութեան բուժման համար «Արարատ»ի նման ամուր կամք պիտի ունենանք և դա բոլորիս համատեղ աշխատանքն է, որ գոնէ չթողնել, որ աւելիով առաջանայ»: