ԾՊՏԵԱԼ ՀԱՅԵՐԸ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս թեմայի շուրջ, երեքշաբթի, ապրիլի 30-ին, Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առիթով, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան կենտրոնատեղիում, ելոյթ ունեցաւ, Իրանի իսլ. խորհրդարանի պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը։

Հիմնականում խօսելով Համշենահայերի և Արևմտեան Հայաստանի տարբեր շրջաններում այսօր ապրող բռնի կրօնափոխ դարձած հայերի մասին, օրւայ բանախօսը ներկայացրեց պատմական այն շարժառիթները, որոնց պատճառով հայը իր ֆիզիքական գոյութիւնը պահպանելու համար, ստիպւած հաւատափոխ է դարձել։ Նա իր ելոյթում շեշտեց, որ անցնող հարիւրամեակներում, մասնաւորաբար 1915 թւականին Թուրքիայի կողմից գործադրւած Ցեղասպանութեան հետևանք է, Արևմտահայութեան այս զանգւածների կրօնափոխ դառնալու փաստը։ Պրն. Խանլարեանը նշեց, որ Համշենահայերը պահել են իրենց լեզուն ու բարբառը և որոշ աւանդոյթներ, իսկ Արևմտեան Հայաստանի միւս շրջանների հաւատափոխ դարձած հայերը կորցրել են նաև լեզուն, սակայն այսօր իրենց հայ են զգում և աստիճանաբար վերադառնում են իրենց Ազգային արմատներին։

Բանախօսը շեշտելով, որ իւրաքանչիւր հայ, Հայաստան ասելիս պէտք է հասկանայ Վիլսինեան սահմանագրած ողջ տարածքը, յաւելեց, որ այսօր մեր բռնագրաււած հողերում, հայութեան այդ բեկորներն են, ապագայ Միացեալ Հայաստանի ստեղծման հիմնական դերակատարները։ Եւ այս իրողութիւնից ելնելով համայն հայութիւնը, սկսած Հայաստանի պետական շրջանակից, մինչև հայոց եկեղեցին ու հայկական կուսակցութիւններն ու հասարակութիւնը, ծրագրաւորւած լուրջ և երկարամեայ աշխատանք ունեն կատարելու։

Բանախօսութեան աւարտին եղան հարցումներ , որոնց սպառիչ պատասխանեց դոկտ. Խանլարեանը։

Միջոցառման սկզբում ողջոյնի խօսք ասաց Փերիոյ Կրթասիրաց Միութեան նախագահ՝ Գասպար Ամիրխանեանը, որը նախ վերյիշեց 1991-ի ապրիլի 30-ին, Գետաշէնում և Մարտունաշէնում զոհւած Արցախեան Ազատամարտի հերոսներ՝ Թաթուլ Կրպէեանին և միւս նահատակներին, ապա հակիրճ զեկոյց ներկայացրեց միութեան աշխատանքների վերաբերեալ։

Շուրջ երկու ժամ տևած ծրագիրը աւարտւեց երեկոյեան ժամը 9:45-ին։

Փերիոյ Կրթասիրաց Միութեան Թեհրանի Մասնաճիւղ