Հայ ժողովրդի երկրորդ կեանք ստանալու կամքի խորհրդով. «Արարատ»-ի սկաուտների միջոցով կատարւեց ծաղկահաւաք եւ ծառատունկ

Հինգշաբթի` ապրիլի 25-ին, Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութիւնը, կազմակերպել էր «Ծաղկահաւաք» միջոցառում: Այս մասին տեղեկացնում է կազմակերպութեան Հանրութեան հետ կապի գրասենեակը:

Սկաուտների համատեղ ջանքերով Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի մօտից հաւաքւեց ապրիլի 23-ին եւ 24-ին խոնարհւած ծաղիկները, այնուհետեւ դրանց ցողունը անջատւեց ծաղկաթերթերից, որից յետոյ ծաղաթերթիկները փոխադրւեցին «Արարատ» մարզաւան:

Ապրիլի 26-ի առաւօտեան, սկաուտները ծաղկաթերթիկները միախառնեցին հողին, այնուհետեւ կատարեցին ծառատնկութիւն:

Ծառատնկութեանը ներկայ էին «Արարատ» կազմակերպութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ, Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները, եւ Սկաուտական միութեան բոլոր սկաուտները:

Նշենք, որ նախաձեռնութիւնը մէկտեղում է ծաղիկներին «երկրորդ կեանք» հաղորդելու խորհուրդը եւ բնապահպանական վերամշակման միջոցով, դրանց կրկին օգտագործելու առաքելութիւնը:

Սկաուտները այս խորհրդանշական նախաձեռնութեամբ ցանկանում էին ներկայացնել հայ ժողովրդի երկրորդ կեանք ստանալու կամքը: Քանի, որ հայ ժողովուրդը, անցեալի բոլոր տառապանքներով, ցաւերով, կորուստներով ու դժւարութիւններով հանդերձ, շարունակեց ապրել եւ արարել:

Լուրը «Ալիք»-ի կայքէզջից