Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ պահանջատէր հայ աշակերտը ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը

Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ երիտասարդը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի:

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի մեծարման միջոցառումների աշակերտական ծրագրերի շարանում, երէկ՝ ապրիլի 17-ի առաւօտեան, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների աշակերտները համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու՝ Հայոց Ցեղասպանութեան սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացւած գեղարւեստական–պահանջատիրական ծրագրի շրջանակում:

Միջոցառումը յագեցած էր ասմունքային եւ երգչախմբային կատարումներով ֆիլմի ցուցադրութեամբ եւ աշակերտները օրւայ խորհուրդը բնորոշող կարգախօսեր էին վանկարկում, որոնք էլ աւելի էին շեշտադրում եւ խորհրդանշում Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:

Երգչախմբային ելոյթներով հանդէս եկան «Արաքս» աղջ. դպրոցի աշակերտական խումբը, ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի, «Արարատ» եւ «Մարիամեան» դպրոցների երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Էլենա Աղասարեանի եւ ելոյթ ունեցաւ ՀՅԴ «Քրիստափոր» պատանեկան կազմակերպութեան նւագախումբը՝ մեներգիչների հետ միասին: Իսկ ասմունքները իրականացրին «Մարի Մանուկեան», «Շանթ», «Յ. Թովմասեան» եւ «Ռոստոմ» դպրոցի աշակերտները:

Լուրը՝ «Ալիք»-ից