Հրաժեշտ Իրանի արձանագործութեան մայր Լիլիթ Տէրեանին

Իրանի արդի արձանագործութեան մայր, Լիլիթ Տէրեանի դին հողին յանձնւեց շաբաթ՝ մարտի 16-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը:

Նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ քահանայից դասի, շաբաթ կէսօրին Ս. Սարգիս մայր եկեղեցում կատարւեց Լիլիթ Տէրեանի թաղման կրօնական արարողութիւնը, որի ընթացքում Սրբազան Հայրն անդրադառնալով Լիլիթ Տէրեանի անհատականութեանը ընդգծեց, որ նա որպէս արւեստագէտ, քանդակագործ, կերպարւեստի վարպետ իր քրիստոնէական հաւատքը դրսեւորեց արւեստի ձեւով եւ նշեց, որ նա «քարին շունչ տւեց, կտորին իմաստ»:

Սրբազան Հայրն ընդգծեց, որ Լիլիթ Տէրեանը ոչ միայն իրանահայութեանն էր պատկանում, այլ նաեւ Իրանին, մարդկութեանը եւ արւեստասէր հասարակութեանը եւ աւելացրեց, որ նրա սէրը հանդէպ իր ծննդավայր հայրենիքին նրան Փարիզից յետ վերադարձրեց Իրան: Թեմակալ առաջնորդը հաւաստեց. «Լիլիթ Տէրեանը դիմել է մեզ տէր կանգնել իր արւեստի գործերին» եւ նշեց, որ թէեւ Լիլիթ Տէրեանն այսօր ֆիզիկապէս հեռացել է մեզանից, սակայն արւեստի ճամբով նրա հոգին ամենուր է, քանի որ նա իր հոգին իր արւեստի մէջ է դրել:

Թաղման կրօնական արարողութիւնից յետոյ, եկեղեցու բակում հանգուցեալի կենսագրութիւնը ներկայացրեց Հայրիկ Աղանեանը, որից յետոյ դին փոխադրւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն եւ հողին յանձնւեց:

Յատկանշական է, որ Նոր Բուրաստան գերեզմանատանը ներկայ էին Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ ճրտգ. Վահիդ Ռեզա Մոհամմադին եւ պատասխանատուներ:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, թաղման արարողութիւնից յետոյ, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում կազմակերպւել էր ընդունելութիւն, որի ընթացքում հանգուցեալի մասին իր խօսքը փոխանցեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, կարեւորելով արւեստագէտի դրական եւ ծաւալուն դերը երկրի մշակութային վերելքի գործում եւ ընդգծեց, որ որպէս իրանահայ համայնքը հպարտ ենք, որ տասնամեակների ընթացքում Իրանի արւեստի, մշակոյթի եւ գիտութեան երկնակամարը համալրել ենք հայ անւանի դէմքերով, որոնք իրենց կարողականութիւններով Իրանում դարձել են միասնականութիւն դրսեւորող դեսպաններ: Նա վերջում ազգային իշխանութեան անունից գնահատանքի խօսք ուղղեց Թեհրանի քաղաքապետ Հանաչիին, արւեստի բնագաւառում նրա խորհրդական Մորադխանիին, Թեհրանի Քաղխորհրդի անդամ Հաղշենասին, Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետին, Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Բահրամ Ղասեմիին, Իսլ. մակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան գեղարւեստ բաժնի կերպարւեստի հարցերով գերատեսուչ Մոզաֆարիին, նոյն նախարարութեան գեղարւեստի հարցերով տեղակալ Հոսէյնիին եւ Իրանի արդի արւեստի թանգարանի տնօրէն Աղայիին, որոնք ցաւակցական գրերով, անձամբ ներկայութեամբ կամ ծաղկեպսակներով յարգել են հանգուցեալի յիշատակը:

Թեմական խորհրդի ատենապետը դիմելով Թեհրանի քաղաքապետին, ցանկութիւն յայտնեց, որ Լիլիթ Տէրեանի բնակարանի փողոցը անւանի հանգուցեալի անունով:

Ընթացքում հրաւիրւեցին արտայայտւելու նրա ժամանակի աշակերտներից Աբբաս Մաշհադիզադէն, Քալհորեանը, իսկ եզրափակիչ խօսքով Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը:

Աւելի ուշ, երեկոյեան 6:30-ին Արւեստագէտների տան «Շահնազ» դահլիճում նախաձեռնութեամբ Իրանի Արձանագործ-արւեստագէտների միութեան եւ ներկայութեամբ Թեհրանի Քաղխորհրդի անդամ Ահմադ Մասջէդ Ջամէիի եւ մեծ թւով արւեստագէտների, կազմակերպւել էր յուշերեկոյ:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից