ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՂՕԹՔԻ ՕՐ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Աշխարհի բոլոր կրօնների եւ յատկապէս միաստւածեան կրօնների մէջ աղօթքը առանցքային տեղ եւ դեր է ունեցել եւ ունի։ Աղօթքը ոչ միայն կրօններն ու իրենց հետեւորդները յարաբերութեան մէջ է դնում այլեւ նրանց հայեացքը ուղղում է Աստծուն, որին բոլորն էլ պաշտում են, ամէն մէկը իր կրօնական ուսուցումների համաձայն։

Ամէն տարի, տարւայ մարտ ամսւայ առաջին ուրբաթ օր, աւելի քան 140 երկրների քրիստոնեայ համայնքների եւ եկեղեցիների կանայք ի մի են գալիս եւ միասին աղօթում են աշխարհի խաղաղութեան համար, աշխարհի ղեկավարութեան մտքի պայծառութեան եւ լուսաւորութեան, երկրի առատ բերքի եւ ժողովուրդների միջեւ սիրոյ, փոխադարձ յարգանքի եւ հասկացողութեան համար։

Արդարեւ տնօրինումով թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակի մեր թեմում էլ երկրորդ անգամ լինելով կազմակերպւեց Կանանց Համաշխարհային Աղօթքի օր պատրաստած յատուկ ծրագրով։

Երեկոյեան խաղաղական ժամերգութիւնից յետոյ սկսւեց յայտագիրը առաջնորդութեամբ Մեղրիկ Սրբազանի։ Եղան ընթերցումներ Հին եւ Նոր Կտակարաններից, մեր եկեղեցու հայրերից աղօթքներ ու նաեւ շարականների եւ Աստւածածնայ նւիրւած տաղերի կատարում։ Շարականների ու տաղերի երգեցողութիւնները մէջընդմէջ կատարեցին Գերշ. Տ. Մեղրիկ Սրբազանը, տկն. Կարինէ Մուրադեանն ու տկն. Օֆիկ Մելիքեանը։

Արարողութեան աւարտին թեմիս առաջնորդ Սրբազան հայրը ներկաներին փոխանցեց իր պատգամը, շեշտելով որ «Աղօթքը փառաբանանք է բարձրացւած առ Աստւած. այն սիրոյ կամուրջն է Աստծու եւ մարդու միջեւ։ Աղօթքը ամուր պարիսպ է, որով հաւատացեալը պաշտպանւում է ընդդէմ չարի» ասաց Սրբազան հայրը։

Վերջում Սրբազան հայրը գնահատեց ներկաներին եւ բոլորին հայցեց աստւածային օրհնութիւն։