Սրբոց Ղևոնդեանց Քահանայից Տօնի Ոգեկոչում Թեհրանի Հայոց Թեմում

Երեքշաբթի, 26 փետրւար 2019-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:

Սոյն տօնը, տօնն է նաև քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։

Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը բացատրելով Ս. Ղևոնդի տօնի մասին ասաց. «Մի Խումբ հոգևորականներ, ընդհանուր 7 հոգի, նահատակւեցին իրենց քրիստոնէական հաւատքի համար. խումբը իրենց աւագի՝ Ս. Ղևոնդի անունով, կոչւեց Ղևոնդեաց քահանայից, որովհետև Ղևոնդ Երէցը, որպէս աշակերտը Ս. Մեսրոպ Մաշտոցի և Ս. Սահակ Հայրապետի, նախանձախնդրօրէն և յանձնառու կերպով իր քրիստոնէական հաւատքի պաշտպանութեան համար ամէն զոհողութիւն յանձն է առել»: «Մատենագէտներն ասում են, որ Վարդանաց ճակատարմարտի ոգին և հոգին Ղևոնդ Երէցն էր»- յաւելեց Սրբազան Հայրը:

Ապա շարունակելով ասաց. «Հաւատքն ինչպէս Պօղոս Առաքեալն է սահմանում, նշանակում է վստահ լինել այն բաների, որոնց հանդէպ մենք յոյս ունենք: Եւ համոզւած լինենք այն բաներին, որոնք չեն տեսնւում: Շատ բաներ մենք չենք տեսնում, բայց հաւատում ենք: Հաւատքը Աստծու գոյութեան երաշխիքն է: Երբ հաւատքով ենք լցւած, դա նշանակում է, որ մենք վայելում ենք Աստծու ներկայութիւնը և այդ ներկայութիւնը մեզ զօրացնում և ամրապնդում է»:

Ապա դիմելով քահանաներին շարոնակեց՝ «Մենք բոլորս որպէս եկեղեցու անդամներ և սպասաւորներ, որևէ մէկից աւելի կոչւած ենք հաւատքով, յանձնառութեամբ, պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ փորձելու և աշխատելու Աստծու հովանում և իր առաջնորդութեամբ: Ինչպէս Ներսէս Շնորհալին է ասում՝ դուք մեր ժողովրդի կեանքում լոյս և ճրագ պիտի լինէք, որպէսզի իրենց կեանքը և ճանապարհը լուսաւորէք»: «Մենք որպէս քահանաներ, կոչւած ենք քրիստոնէական եկեղեցու նահատակների կեանքը որպէս օրինակ վերցնելու մեր գործելակերպի և առաքելութեան իրագործման մէջ: Ժողովրդի խնամատարութիւնը, որ մեր վզին է, լաւագոյն կերպով պիտի կատարենք և նրանց Աստծուն ու եկեղեցուն պիտի առաջնորդենք»:

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը, ճաշկերոյթ էր կազմակերպել, ի պատիւ քահանաների: Ներկայ էին քահանայ հայրերն ու եկեղեցական խորհրդների ներկայացուցիչները: