Հանդիսաւոր Ս. Պատարագ և Մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

Շաբաթ 17 յունւարին, Ս. Սարգիս Զօրավարի և իր որդու՝ Մարտիրոսի, նաև 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

Քարոզից առաջ, Ս. Միւռոնով օծւեց Ս. Սարգիս Զօրավարի նկարը, որը նւիրւել է եկեղեցուն Աշգարեան ընտանիքի կողմից ի յիշատակ Հայկազ Աշգարեանի:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ասաց՝ «Ս. Սարգիսը, իր որդին և իր նահատակ ընկերները հանդիսացան այն անձինք, որոնք հաւատացին Քրիստոսին և իրենց հաւատքը չմնաց միայն խօսք և արտայայտութիւն: Նրանք երբ ասացին հաւատում ենք Քրիստոսին, իրօք հաւատացել էին և արհամարհելով ամէն տեսակի դժւարութիւն, խոչընդոտ և արհամարանք, իրենց կեանքը ամբողջութեամբ նւիրաբերեցին Քրիստոսին, որովհետև մի անգամ խոստովանել էին նրան որպէս Տէր և Փրկիչ »:

Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան Հայրը խօսելով սրբերի մասին, շեշտեց՝ «Սուրբն այն մարդն է, որ նախ ունի մարդկային կոչում և քրիստոնէական հաւատքին հաւատարիմ ապրում է և գործում: Սուրբն է այն, որ իր գործի մէջ պարկեշտ և ազնիւ է, որ իր առաքելութիւնը կատարում է ամենայն բծախնդրութեամբ և հաւատարմութեամբ, իր աղօթքով Ասծուն է փառաբանում յարատև կերպով, Աստծու խօսքով է իր օրն սկսում և նրանով իր օրը արժևորում է և փառաւորում, իր աչքերը միշտ երկինք յառած Աստծուց առաջնորդութիւն է հայցում, որպէսզի չսայթաքի իր երկրաւոր կեանքում: Սուրբն նա է, որ Քրիստոսի սիրով լցւած, նախանձով չի դիտի իր նմանին, չի հպարտանայ, ուրիշի ունեցածին աչք չի դնի և ամենից կարևորը՝ իր նմանին կը սիրի իր անձի պէս»:

Սրբազան Հայրն բացատրելով սրբերի նկարների մասին աւելացրեց՝ «Մեր ժողովուրդն իր հայրենի նահատակների և կրօնական ճշմարտութեան համար զոհւածների յուշարձաններն է կառուցում, երկրի վրայ նաև անմահացնելու իրենց յիշատակը: Ամէն անգամ մենք նայելով այդ սրբապատկերներին, պատկերից այն կողմ սուրբի կեանքը և հաւատքն ենք տեսնում: Երբ կանգնում ենք սրբերի պատկերի առաջ, ոչ թէ նիւթեղէնն ենք տեսնում և պաշտում, այլ սուրբի հաւատքն ենք պատկերացնում, իր անասելի չարչարանքները, որը տարաւ ի սէր Քրիստոսի հաւատքին»:

Պատարագի աւարտին, եկեղեցու բակում տեղի ունեցաւ մատաղի (հերիսայի) օրհնութիւն և ապա հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու հիմնադիր բարերարների՝ Սարգսեան ընտանիքի մահացած անդամների հոգիների խաղաղութեան համար, առողջութիւն ու Աստւածային առաջնորդութիւն մաղթելով իրենց զաւակներին և թոռներին:

Այնուհետև, օրհնւած աւանդական հերիսան բաժանւեց բոլոր հաւատացեալներին:

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդը, «Հ.Բ.Ը. Միութեան» սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, քահանայած դասի, Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների անդամների, դպրաց դասի և Ս. Սարգիս եկեղեցու բարերարների համար:

Յայտնենք նաև Ս. Սարգսի տօնին նախորդող ամբողջ շաբաթ, երեկոները, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցաւ հսկում և ժամերգութիւն քահանայ հայրերի կողմից: