«Բարեբախտաբար լաւ լուրերով ենք դիմաւորում յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը՝ «Րաֆֆի»-ում: Տեղեկացւած եմ կալւածային խնդրի լուծման հնարաւորութեան մասին, ինչը հնարաւոր դարձաւ իրանահայ պատգամաւորի՝ Խանլարեանի, Թեհրանի նահանգապետարանի, եւ Սպորտի ու երիտասարդութեան հարցերով նախարարութեան համատեղ ջանքերի արդիւնքում»: Ողջունելով ներկայ հասարակութեանը ընդգծեց Սայիդ Թաղաւին՝ Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի առիթով «Րաֆֆի» համալիրում կազմակերպւած տօնական միջոցառմանը:
Մշակոյթի նախարարութեանը կից փոքրամասնութիւնների հարցերին առընթեր գրասենեակի պետը կարեւորելով մարզական ասպարէզում հայ երիտասարդութեանը կրթելու հարցում «Րաֆֆի»-ի ունեցած դերը, նշեց, որ Իրանը յաջողութեամբ յաղթահարում ու դիմագրաւում է դժւարութիւնները հէնց նոյն այդ սերմանած միակամութեան շնորհիւ, որով Իրանի ժողովուրդը բռունցք դարձած պաշտպանել եւ շարունակելու է պաշտպանել իր սուրբ հողը:
Տօնական միջոցառմանը, որը տեղի ունեցաւ ուրբաթ, փետրւարի 15-ին, ներկայ էր նաեւ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզիչ՝ Մարգար Աղաջանեանը:
Անւանի մարզիչն օրւայ առիթով իր ելոյթում նշեց, որ սիրում է խօսքն ասել «դաշտում», եւ շնորհակալ է իր ժողովրդին մշտարթուն կեցւածքի համար. «Քանի որ, ես նոյնպէս այս մարզադաշտից եմ բարձրացել մեծ ֆուտբոլ»,-նշեց պրն. Աղաջանեանը:
Երեկոյթը մեկնարկեց ժայռամագլցողների ցուցադրական ելոյթով, որով Իրանի Իսլ. Հանրապետութեան դրօշը բարձրացւեց:
Ծրագրի ընթացքում տեղի ունեցան երաժշտական կատարումներ:
Միջոցառումն աւարտւեց միութեան կարատէիստների ցուցադրական ելոյթներով:
Լուրը «Ալիք»-ից
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/2248-2019021802?tmpl=component&print=1#sigProIdffabd301aa