Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետն այցելեց Սրբոց Վարդանանց եկեղեցի

Կիրակի յունւարի 3-ի կէսօրից առաջ Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Նեգահբանը, 5-րդ բաժնի քաղաքապետ՝ ճրտգ. Մոսայէբիի, ինչպէս նաեւ 7-րդ շրջանի քաղաքապետարանի 5-րդ բաժնի մի խումբ պատասխանատուների եւ «Արամանէ», «Հեշմաթիէ» եւ «Ղասր« քաղաքամասերի խորհուրդների մի խումբ անդամների ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցի:

Հիւրերին ողջունեց Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհրդի ատենապետ՝ տկն. Անահիտ Միխայեանը: Այնուհետեւ Թեհրանի հայոց թեմական խորհրդի անդամ՝ Սերոժ Մատթէոսեանը եւ լրագրող՝ Վարդան Դաւթեանն անդրադարձան քաղաքամասի պատմութեանը եւ բնակիչների ու քաղաքամասի հայկական մշակութային ու հասարակական կառոյցների դիմագրաւած խնդիրներին:

Այցի ընթացքում 7-րդ շրջանի քաղաքապետը շնորհաւորելով Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ իր եւ 5-րդ բաժնի քաղաքապետարանի կարողութիւնների սահմաններում առկայ խնդիրների կարգաւորման եւ եկեղեցու նորոգութիւններին սատարելու դրական խոստում տւեց: