Կրթական Խորհրդի Նոր Տարւայ Ծրագիր

Չորեքշաբթի , Յունւարի 30–ին, Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ, իրականացաւ արդէն աւանդոյթ դարձած Նոր Տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:

Ծրագրին ներկայ էին Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը, Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, Հայոց Ազգային դպրոցների տեսուչները, ուսուցիչ-ուհիները,Կրթական Խորհրդի յանձնախմբերի անդամները, Թեհրանի Հայ Ուսուցիչների Միութեան անդամները, Թեհրանի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների դասախօսները և հիւրեր:

Միջոցառումը յաճոյական և զւարճալի ծրագիր էր և սկսւեց սևակեան հրաշալի խօսքերով՝

- Բ ա՛ ր և, -
Անկարելի բան աշխարհում չկա՜յ,
Եթէ աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
- Բ ա ՛ր և, -

Միջոցառման ընթացքում տրւեցին հետաքրքիր հարցեր և առաջադրանքներ, անդրադարձ եղաւ Հայաստանի առաջին հանրապետութեան 100–ամեակին, տարբեր հայ մեծանուն գրողներին և իրենց ստեղծագործութիւններին, հայրենիքին և նրա սահմանները անառիկ պահող զինւորներին:

Ասմունքի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան Այրինա Նորաւեանը, Շարիս Մելքոն Աբգարը և Արմենուհի Սինանեանը, իսկ անհատական և խմբակային երգերով՝ Նորիկ Ղարաբէգեանը, Հելենա Աղասարեանը և Քաթրին Նազարեանը, որոնք էլ աւելի բարձրացրեցին ներկաների տրամադրութիւնը: Առաջադրանքներին և հարցերին ճիշտ պատասխանող խումբը ստացաւ պարգևներ, Կրթական Խորհրդի կողմից:

Այստեղ հաղորդավարը մէջբերեց Աւետիք Իսահակեանի խօսքը՝ «Հզօր է այն ազգը, որ ունի լաւագոյն ուսուցչութիւն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի և բարի կամք»:

Իր խօսքով հանդէս եկաւ Կրթական Խորհրդի ատենապետ` Անէթ Բաղդասարեանը, ով իր խօսքում կարևորեց Կրթական խորհրդի առանցքային դերը մեր հասարակութեան բարգաւաճման և առաջադիմութեան գործում, ինչպէս նաև ուսուցիչների աշխատանքն ու նրանց դերը երեխաների կեանքում: Անդրադարձաւ Խորհրդի յանձնախմբերի միջոցով իրականացւող տարբեր ծրագրերին ու աշխատանքներին: Աւելացրեց, որ խորհրդի և պատկան յանձնախմբերի կատարած աշխատանքները համայնքին իրազեկելու նպատակով, ստեղծւել է «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՊ» ալիքը՝ https://t.me/joinchat/AAAAAEPbmD0aLXfoZqAVjw, առաջարկելով յղման (link)-ի ակտիւօրէն տարածումը փոխտեսուչների, ուսուցիչների, ծնողական խորհրդի անդամների և աշակերտների միջոցով:

Ամփոփիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան հայրը, իր խօսքի մէջ շեշտը դնելով ուսուցչի աշխատանքի կարևորութեան և մատաղ սերնդի դաստիարակութեան վրայ: Նա մասնաւորապէս անդրադարձաւ հայ զինւորներին, որոնք իրենց կեանքը չեն խնայում հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, որը բոլորիս պարտաւորեցնում է աւելի հետևողական լինել մեր լեզուն պահպանելու և աշակերտների մէջ առաւել հայրենասիրութիւն սերմանելու գործում:

Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ՝ «Շանթ» դպրոցի փոխտեսչուհուն, ծնողական խորհրդի անդամներին, Ռեբեկա Վարդանեանին և բոլոր օժանդակող անձանց:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ