Էմամ Ռէզայի միջազգային համաժողովը

Թւականիս յունւարի 30-ին, առաւօտեան ժամը 8։30-ին, Մաշհադի Ասթան Ղոդս Ռազաւի-ի Ղոդս սրահում, գլխաւորութեամբ Այաթօլլահ Ռէյիսիի, տեղի ունեցաւ «Իմամ Ռեզա եւ Կրօնների Երկխօսութիւն» համագումարը։

Այս համագումարին իր մասնակցութիւնը բերեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որպէս Մեծի Տանն Կիլիկիոյ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. հայրապետի լիազօր նեկայացուցիչ: Թեմակալ առաջնորդին ընկերակցում էր Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի։

Գերաշնորհ Սրբազան հայրն իր խօսքում նախ ողջունեց ներկաները յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ սուրբ աթոռի գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. հայրապետի, յաջողութիւն մաղթելով կրօնների երկխօսութեան այս կարեւոր համագումարի առիթով։ Ապա Սրբազան հայրը իր հոգեկան ցնծութիւն եւ ուրախութիւնը յայտնեց պատկառելի համագումարի կազմակերպման համար եւ իր խօսքում շնորհաւորեց յեղափոխութեան 40-ամեակի առիթով յեղափոխութեան առաջնորդին եւ նախագահին, յիշեցնելով թէ ինչպէս հայ ժողովուրդը ապրելով իրանեան հայրենի հողի վրայ վկայել է այս երկրի իւրաքանչիւր սխրագործութեան յաջողութիւններին եւ որպէս հայրենիք նրա հզօրացման եւ նրա պատմական բոլոր ժամանակաշրջաններին, շեշտելով որ Իրանը կրօնների համակեցութեան գեղեցկագոյն օրինակներից է։

Ապա, Սրբազան Հայրը ներկայացրեց իր յոդւածը կրօններկի երկխօսութեան թեմայով՝ «Կրօնների երկխօոսութիւնը կարեւոր թեմա է համարւում և չի կարելի կասկածել, որ այսօր խաղաղութեան ձգտող մեր աշխարհում երկխօոսութիւնն անհրաժեշտութեան է վերածւել»: Նա շարունակեց. «Էմամ Ռէզան նահատակւեց իր կրօնի և հաւատքի ճամբին եւ որպէս մի էմամ և հոգեւոր առաջնորդ ներշնչող եղաւ: Նա իսլամի մարգարէի գերդաստանի պահապան է եւ բոլոր էմամներն ընդդիմացան բռնութեան ու անարդարութեան տիրակալներին և զոհաբերեցին իրենց կեանքը»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը նաեւ ընդգծեց. «Այսօր տարբեր կրօնների հետեւորդները չեն կարող մեկուսացւած ապրել եւ երկխօսութիւնն առարկայական երեւոյթ է դարձել ու ես հաւատացած եմ, որ երկխօոսութիւնն աստւածային պարգեւ է եւ Աստւած ինքն է սկիզբ դրել իր արարածների հետ երկխօսութեանը»:

Սրբազան հայրը նկատելով, որ վերջին տարիներին քրիստոնէութեան ու իսլամի պատմութիւնը երկխօոսութեան ականատես է եղել, յաւելեց. «Երկխօսութիւնը մեծ փոփոխութիւնների պատճառ է դարձել, հէնց այնպէս որ 20-րդ դարում եւ 21-րդ դարի առաջին երկու տասնամեակներում մեծ ջանքերի ականատես ենք եղել:

Պատմութիւնը նաեւ մուսուլմանների ու քրիստոնեաների միջեւ պատերազմի ու մրցակցութեան վկայ է եղել, սակայն դա այն իմաստով չէ, որ երկխօսութիւն ու փոխանակումներ չեն եղել: Ներկայ հակամարտութիւնները և այլ երկրների ներքին հարցերին գերպետութիւնների միջամտութիւններն սպառնալիք է, որ ծնունդ է տալիս թշնամանքին ու անվստահութեանը»:

Նա ընդգծելով, որ մինչեւ այնքան ժամանակ, երբ կրօնների առաջնորդների միջեւ անկեղծ երկխօսութիւն տեղի չի ունեցել խաղաղութեան, համատեղ գոյակցութեան և համագործակցութեան համար հող չի նախապատրաստւի, ասաց. «Քրիստոնեաներն ու մուսուլմանները պիտի իրենց յարաբերութիւնները մշակեն երկխօսութեան ու համագործակցութեան հիման վրայ ու մինչեւ այնքան ժամանակ, երբ կրօնների առաջնորդների միջեւ երկխօսութիւն չի հաստատւել քաղաքական այրերի միջեւ նոյնպէս անկեղծ երկխօսութիւն տեղի չի ունենա և կրօնների միջեւ երկխօոսութիւնը խաղաղ համակեցութեան հող է նախապատրաստում, հետեւաբար կրօնների հոգեւոր առաջնորդներին կոչ ենք անում վերադարձ կատարել դէպի սուրբ գրքերը, որպէսզի աշխարհում խաղաղութիւն ու համակեցութիւն տարածւի»:

«Ժամանակակից աշխարհում, որտեղ տարբերութիւնները բազում են դարձել, կրօնները չարաշահման են ենթարկւում և դա յանգեցնում է ծայրահեղականութեան եւ կրօնների հոգեւոր առաջնորդները պիտի կրօնը փրկեն ծայրահեղականներից: Ժամանակակից հասարակութեան մէջ հոգեւոր առաջնորդները հոգեւոր արժէքների տարածման ու զարգացման, արդար կեանք հաստատելու, անկեղծ գոյակցութեան և թոյլերին պաշտպանելու ուղղութեամբ դրական դերակատարութիւն ունեն»,-յայտարարեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը նկատելով, որ մեր առաքելութիւնն է անկախ ցեղից ու կրօնից յանուն խաղաղութեան հաստատման ջանք գործադրել:

Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը նաեւ ընդգծելով, որ հոգեւոր առաջնորդները բարոյական համատեղ արժէքների յայտնաբերման ուղղութեամբ շարունակական ջանք պիտի գործադրեն, ասաց. «Եթէ դա տեղի ունենայ անկասկած խաղաղութեան և արդար աշխարհ ունենալու ենթահող կպատրաստւի»: