Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակին նւիրւած համագումար

Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումների շարանում երկուշաբթի, յունւարի 14-ի առաւօտեան, Թեհրանի Իսլ. մշակոյթի ու կապի կազմակերպութեան «Ալ Զահրա» դահլիճում կազմակերպւել էր համագումար հետեւեալ խորագրով՝ «Յանուն Իրանի վեհութեան, կրօնների հոգե-մտաւոր միասնականութիւնը»:

Միջոցառումը մեկնարկեց Իրանում տարբեր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների կողմից, այդ կրօնի Սուրբ Գրքից ընթերցումներով: Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան կենտրոնի նախագահ հոջ. Մոհամմադ Մեհդի Թասխիրին, ով կարեւորելով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերը յեղափոխութեան յաղթանակի առումով, ընդգծեց, որ Իրանը միասնական հաւաքականութիւնն է բոլոր իրանցիների:

Համագումարի ծրագիրը յագեցած էր ելոյթներով, արտայայտւեցին Իսլ. մշակոյթի եւ կապի կազմակերպութեան նախագահ Էբրահիմի Թորքամանը, Իրանի Լեզւագիտութեան ակադեմիայի նախագահ դոկտ. Հադդադ Ադէլը, Իսլամ աշխարհի խնդիրներում յեղափոխութեան առաջնորդի խորհրդական այաթ. Թասխիրին, Իսլ. խորհրդարանում հրեաների պատգամաւոր դոկտ. Սիամաք Մորէ Սեդեղը եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ներկայացուցիչները, ովքեր կարեւորութեամբ անդրադարձան Իրանում բոլոր իրանցիների միասնական ջանքը՝ Իրանի վերելքի ճամբին:

Վերջին դասախօսն էր Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, ով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի և Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անունից ողջունելով Իրանի Իսլ. յեղափոխութեան 40-ամեակը, ընդգծեց, որ մենք իրանցիներ ենք, քանի որ իրանահայութիւնը այս երկրի հետ է շաղախել իր արիւնը, եւ հայ ու այլ իրանցի մայրերի արցունքները շաղախւած են միմեանց:

Միջոցառմանը հրաւիրւած էին նահատակների ընտանիքների ներկայացուցիչներ, որոնք գնահատագրեր ստացան եւ մեծարւեցին: Գնահատւեցին 3 Հայ նահատակների ընտանիքի անդամները: