8-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան տնօրէնն այցելեց Հայոց Ազգային «Արարատ» դպրոց

Սոյն թւականի յունւարի 8-ին, Նոր տարւայ և Սուրբ Ծննդեան տօների առիթով Հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին 8-րդ շրջանի Կրթադաստիարակչութեան տնօրէն՝ Տկն. Զամանը, յարակից բաժինների պատասխանատուներ՝ պրն. Ամիրինեժադը և տկն. Դարբանին:

Նրանց դիմաւորեցին Թ.Հ.Թ Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անեթ Բաղդասարեանը, խորհրդի անդամներ՝ պրն. Սաքօ Ազիզեանը և տկն. Մելինդա Քարիմ Մասիհին, դպրոցի տեսչուհի՝ տկն. Դիւանեանը, փոխտեսչուհիներ՝ տկն. Մարգարիտ Խաչատրեանը և տկն. Անեթ Կարապետեանը, ուսուցչական կազմը, ծնողական խորհրդի անդամները և աշակերտները:

Տկն. Զամանին իր ամանորեայ և Սուրբ ծննդեան շնորհաւորանքի ուղերձը յղեց ներկաներին, ինչպէս նաև իր խօսքում անդրադարձաւ աղջիկների լաւ կրթութիւն և դաստիարակութիւն ստանալու անհրաժեշտութեանը, իսկ դպրոցի աշակերտուհիներն իրենց աշխոյժ և ուրախ երգերով, Ձմեռ պապիկն իր այցելութեամբ տօնական և բարձր տրամադրութիւն ստեղծեցին:

Հանդիպումը կայացաւ մտերմիկ մթնոլորտում, հիւրերը դպրոցից հեռացան տպաւորւած և բարձր տրամադրութեամբ:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ