Թեհրանի 7-րդ Շրջանի Քաղաքապետը, Հայոց Ազգային Ռոստոմ Դպրոցում

Հայոց Ազգային «Ռոստոմ» դպրոցը, շաբաթ 29 դեկտեմբեր 2018-ին, հիւրընկալեց Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ՝ Դոկտոր Հաջաւիին և իր անձնակազմին:

Հանդիպման ներկայ էին նաև 7-րդ շրջանի ուսումնադաստիարակչական հաստատութեան Տնօրէն՝ պրն. Ռեբուշէյի կողմից ուղարկւած ներկայացուցիչներ՝ տարրական օղակի տեղակալ՝ տկն. Ռահելէ Մոհամադին, իր անձնակազմով: Ներկայ էր նաև թաղի քահանայ Տ. Արիստակէս քհն. Շամիրեանը:

Ազգային մարմիններից ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բէգլարեանը,Պատգամաւորական ժողովի անդամներ՝ պրն. Յարութիւն Եղնազարեանը, պրն. Շապին Աբրահամեանը և պրն. Արբի Սարգսեանը, Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անեթ Բաղդասարեանը, նոյն խորհրդի անդամներ՝ պրն. Լորիս Մինասեանը և Տկն Մելինէ Բադալը:

Ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով, Իրանի հիմներգով և «Մեր Հայրենիք»-հիմնով:

Նախ Տէր Արիստակէս Շամիրեանը բացատրեց Հայ Առաքելական եկեղեցու յունւարի 6-ը որպէս Ս. Ծնունդ և մկրտութիւն ընդունելու հիմունքները: Ապա քաղաքապետն օրւայ առիթով իր խօսքն ուղղեց ներկաներին:

Այնուհետև ասմունքով հանդէս եկաւ աշակերտներից մէկը և ելոյթ ունեցաւ դպրոցի երգչախումբը: Քաղաքապետարանի արւեստի բաժնի կողմից եղաւ գեղարւեստական կատարումներ:

Ծրագրի աւարտին հիւրերը մասնակցեցին դպրոցի ծնողական խորհրդի միջոցով կազմակերպւած ընդունելութեանը: