Թեհրանահայ համայնքը նշեց Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները

Կիրակի, յունւարի 6-ին, Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօնի առիթով Ս. և անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի բոլոր եկեղեցիներում:

Նոյն տօնի առիթով Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը, որ Առաջնորդ Սրբազան Հօր հրաւէրով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողկիոսի տնօրինութեամբ Թեհրան էր ժամանել Ամանորեան և Ս. Ծննդեան տօների առիթով:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզում բացատրեց Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան զոյգ խորհուրդների իմաստը, ինչպէս նաև դրանցից եկող գլխաւոր պատգամների և օրհնութիւնների մասին, կոչ ուղղելով ժողովրդին, որ հաստատ մնան իրենց քրիստոնէական հաւատքի մէջ և հաւատարմութեամբ կառչեն աստւածային խորդներին, հոգևոր և ազգային մեր անգնահատելի արժէքներին: Նա իր խօսքի աւարտին աղօթեց նաև աշխարհի, Հայաստանի, Արցախի, տարածաշրջանի և Իրանի խաղաղութեան համար առաւել ևս Իրանի պետական այրերին մաղթեց իմաստութիւն և յաջողութիւն:

Ս. հաղորդութիւնից անմիջապէս յետոյ տեղի ունեցաւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Յորդանան գետում մկրտութիւնը խորհրդանշող՝ Ջրօրհնէքի արարողութիւնը, որից յետոյ, Ս. Միւռոնով օրհնւած ջուրը բաժանւեց հաւատացեալներին:

Նոյն օրը, թէ պատարագից յետոյ և թէ երեկոյեան, Թեհրանի ազգային առաջնորդարանի դահլիճում, թեմակալ առաջնորդը և ազգային իշխանութեան ներկայացուցիչներն ընդունեցին շնորհաւորանքներ: