Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդը Գնահատում է Աշակերտներին

Կրթական խորհրդի առաքելութիւններից է եղել միշտ հետևել աշակերտների նախասիրութիւնների և հետաքրքրութիւնների զարգացմանն թէ՛ գիտական, և թէ՛ մշակութային ասպարէզներում:

Այդ նպատակով տարիներ շարունակ Կրթական Խորհրդի Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւում են դպրոցական փառատօններ և մրցոյթներ, ի յայտ բերելով տաղանդաւոր աշակերտների:

Կրթական խորհուրդն ընդառաջելով Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի, Կրթութեան և Գիտութեան նախարարութիւնների միջոցով կազմակերպւած մրցոյթներին շուրջ 20 աշակերտներ իրենց պատասխանատու ուսուցիչների հետ մեկնեցին Հայաստան և Արցախ, մասնակցելու չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադային և Շուշիի Ասմունքի փառատօնին:

Նաև Հայոց Ազգային դպրոցների աշակերտները մասնակացեցին «Սարդարապատից Արցախ» թեմայով շարադրութեան, նկարչութեան և «Ազատ Արցախ, Մայիս յաղթանակների ամիս» խորագրով մանկապատանեկան մրցոյթներին: Այս 2 անւանակարգերում, շուրջ 15 աշակերտներ արժանացան պատւոգրերի և շնորհակալագրերի:

Սոյն առիթով, նոյեմբերի 29-ին, Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ և ներկայութեամբ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանի, «Թունեան» տարրական դպրոցի սրահում, տեղի ունեցաւ պատւոգրերի, շնորհակալագրերի և նւէրների յանձնում աշակերտներին և իրենց պատասխանատուներ՝ տկն Քարմէն Ղահրամանեանսին, տկն. Քաթրին Նազարեանին, պրն. Ֆրէդ Աբրահամեանին, տկն. Հերմինէ Նազարբէգեանին, որպէս փորձավար, ուսուցչուհի՝ օրդ. Շարիս Մելքոմ Աբգարին, դասախօսներ՝ պրն. Նարբէ Աբուլեանին և պրն. Էմին Բաբայեանին:

Միջոցառմանն իր շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անէթ Բաղդասարեանը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում արտասանութեամբ և նւագարաններով իրենց փայլուն կատարումներն ունեցան աշակերտները:

Ծրագրի հաղորդաւարն էր՝ պրն. Արտոյտ Զոհրաբեանը:

Ձեռնարկին ներկայ էին նաև Կրթական Խորհրդի Մշակութային յանձնախմբի անդամներ, աշակերտներին նախապատրաստական աշխատանքներում օժանդակող անձինք, ազգային դպրոցների փոխտեսուչներ, ծնողներ, աշակերտներ և այլոք:

Միջոցառման վերջում Սրբազան հայրն իր հայրական օրհնանքն ու խօսքն ուղղեց ներկաների մասնաւորապէս իր խօսքում շնորհաւորեց աշակերտներին և ծնողներին, գնահատեց Կրթական Խորհրդի կատարած աշխատանքը: Անդրադարձ ունեցաւ 100-ամեակին և քաջալերեց աշակերտներին մասնակցելու նմանատիպ մրցոյթներին:

Կրթական խորհուրդը ևս մէկ անգամ շնորհաւորում է մեր տաղանդաւոր աշակերտներին իրենց ձեռքբերումների և յաջողութիւնների առիթով:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ