«Արտակ Մանուկեան» Ազգային Թանգարանի 10-ամեակի Տօնակատարութիւն

«Արտակ Մանուկեան» Ազգային Թանգարանի կառուցման 10-ամեակի առիթով, հինգշաբթի նոյեմբերի 29-ին, թանգարանի տարածքում կազմակերպւել էր միջոցառում:

Ծրագրի սկզբին, թանգարանի աշխատանքների մասին բացատրութիւններ փոխանցեց թանգարանի ներկայ վարիչ՝ տկն. Ալիս Շահմուրադեանը, կարեւորելով թանգարանի դերը հայ ժողովրդին եւ ի մասնաւորի իրանահայութեան ներդրումները իրանցիներին եւ այլ երկրներից ժամանած զբօսաշրջիկներին ծանօթացնելու առումով: Նա ընդգծեց, որ թանգարանում բազմիցս են կազմակերպւել մասնագիտական դասախօսութիւններ, համագումարներ եւ հանդիպումներ ու նշեց, որ թանգարանը հիւրընկալում է բազմաթիւ զբօսաշրջիկների:

Այնուհետև, Թանգարանների միջազգային կենտրոնի (ԻԿՈՄ)-ի Իրանի մասնաճիւղի մշակութային հարցերով պատասխանատու՝ պրն. Սալեհիփուրը, նախ ողջունելով թանգարանի 10-ամեակը, կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի մշակոյթի, արւեստի, ճարտարապետութեան եւ մի խօսքով պատմութեան մէջ իրանահայ համայնքի դերակատարութեան մասին: Նա ընդգծեց, որ նոյն այս վայրում տասնամեակներ առաջ, ուր կոչւում էր «Հայկազեան» դպրոց, առաջին անգամ իրականացաւ թատերական ներկայացում: Նա շեշտեց նաև, որ թանգարանը ընդհանուր առմամբ համարւում է գիտա-հետազօտական կենտրոն, ուր կապ ենք հաստատում մեր պատմական անցեալի հետ եւ անցեալի հետ կապը ենթահող է լաւ ապագայի համար:

«Վերջին տարիներին, Իրանի ԻԿՈՄ-ը լաւ կապեր է ունեցել իրանահայութեան հետ եւ միջազգային ԻԿՈՄ-ի կողմից Իրան հրաւիրւած հիւրերը անգամներ այցելել են «Արտակ Մանուկեան» թանգարանը, եւ մեզ համար այս թանգարանը պարծանք է»- եզրակացրեց պրն. Սալեհիփուրը:

Հանդիսութիւնը շարունակւեց գեղարւեստական կատարումով, ջութակահար՝ Կարէն Իսաղուլեանը ելոյթով:

Միջոցառմանը Թ. Հ. Թ. Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ գնահատագիր յանձնւեց Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի պատասխանատու՝ տկն. Շերլի Աւետեանին, ով թանգարանի հիմնադրման օրւանից, 6 անընդմէջ տարիներ, որպէս տնօրէն աշխատել է և իր մասնագիտական աշխատանքներով նեցուկ հանդիսացել թանգարանին: Ապա եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Սրբազան Հայրը, անդրադառնալով թանգարանի կազմաւորման եւ ձեւաւորման ընթացքի մասին: Թեմակալ առաջնորդը գնահատեց Շերլի Աւետեանին եւ բոլոր նրանց, որոնց հաւաքական ջանքերի արդիւնքում թանգարանը ներկայ կարգավիճակի է բերւել:

Թեմակալ առաջնորդը անդրադառնալով թանգարանների գոյութեան կարեւորութեան մասին նշեց, որ ցանկացած թանգարան տւեալ ժողովրդի վաւերական պատմութեան ամենաիրական սկզբնաղբիւրն է: Սրբազան Հայրը յետդարձ հայեացք նետելով եւ ժամանակին հայահոծ քաղաքամասի այդ տարածքին եւ գործող դպրոցներին, որոնք այլեւս բանուկ չեն, կարեւորեց «Վաչէ Յովսէփեան» համալիրի դրական շահագործումը, յոյս յայտնելով, որ թանգարանը է՛լ աւելի համալրւի գոյքերով:

Միջոցառմանը ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, Իրանի ԻԿՈՄ-ի ներկայացուցիչ՝ Սէյէդ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Վերջում կտրւեց օրւայ առիթով պատրաստւած տորթը: