Մասնակից Աշակերտների Տպաւորութիւնները Շուշիի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնից

2018 թւի յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը, Շուշիում տեղի ունեցաւ ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, նւիրւած «Արցախեան շարժման» 30-ամեակին:

Թեհրանի Հայոց Թեմի հայկական դպրոցներից 16 աշակերտներ, իրենց մասնակցութիւնը ունեցան սոյն փառատօնին:

Ստորև ներկայացնում ենք սոյն աշակերտ-ուհիների տպաւորութիւնները, որ ունեցել են այս հրաշալի փառատօնից:

Մարտին Աղանեան՝
Այս տարի Արցախի շարժման 30 -ամեակն է: Ես յաջողեցի մասնակցել Շուշիի ասմունքի փառատօնին: Ես շատ լաւ ընկերներ գտայ եւ նրանց հետ անմոռանալի պահեր անցկացրեցի եւ միասին վայելեցինք, այցելեցինք Արցախի մի քանի տեսարժան վայրեր: Այս տարի առաջին անգամ էր, որ ես մասնակցում էի փառատօնին:

Թենի Աղաբաբայեան՝
Այս տարի Շուշիի ասմունքի փառատօնին վայելեցինք հաճելի պահեր, այցելելով Ստեփանակերտի տարբեր տեսարժան վայրեր: Այցելեցինք նաեւ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ օրհնւեցինք եւ լցւեցինք Սուրբ Հոգով …

Անի Յովհաննիսեան՝
«Հողի ուժը» այն բառակապակցութիւնն է, որ ես շատ էի լսում մեր տանը, բայց չէի հասկանում ինչ է նշանակում այն:
Եւ ահա հասաւ իմ երազանքների օրը, երբ ես ընկերներիս հետ մեկնեցի Շուշի՝ Արցախ: Այնտեղ էր, որ զգացի հայրենի հողի մագնիսական՝ կախարդական ուժը: Այն հողի, որտեղ հոսել է իր քաջ զաւակների եւ մարտիկների արիւնը …
Եւ ահա, թէ ո՞րն էր «Հողի ուժը»:

Ամարաս Լազարի՝
Հաճելի էր երկրորդ անգամւայ համար Ղարաբաղում գտնւելը, ասմունքի փառատօնին մասնակցելը եւ նոր յուշեր ու ընկերներ ձեռք բերելը: Յոյսով հնարաւորութիւն կը լինի նորից գնալ եւ մասնակցել այդ մրցոյթին՝ անցկացնել կեանքի ամենալաւ օրերը:

Լիա Դարուսի՝
Իւրաքանչիւր մասնակից իւրովի է ընկալում մասնակցութիւնը այս փառատօնին, բայց առաջնահերթութիւնը մեր ներկայութիւնն էր, որպէս սփիւռքահայ, իբրեւ պատգամաւոր: Պարզօրէն անցկացրել ենք հիանալի օրեր մեր իրական տան մէջ: Եւ դա է, որ անմոռանալի է դարձնում Շուշիի ասմունքի 7-րդ փառատօնը …

Նոյ Նազարեան՝
Ասմունքելը միշտ ինձ հաճոյք է պատճառել ու եղել է իմ նախասիրութիւններից մէկը: Բայց Արցախ աշխարհում ասմունքելը առաւել ուժ եւ աւիւն է բաշխում հոգուս ու մարմնիս …
Կարծէք թէ Շուշւայ բերդաքաղաքի արծիւները սլացքի թեւեր են տալիս ինձ ու թւում է թէ ճախրում եմ պապենական հայրենիքիս ջինջ երկնքում…

Ալին Քեշիշեան՝
Շուշիի ասմունքի 7-րդ փառատօնի առթիւ, որպէս մասնակից առաջին անգամն էր, որ ճամբորդում էի Ղարաբաղ: Հիանալի էր այնտեղ լինելը, կազմակերպւածութիւնը, միացութիւնը եւ մթնոլորտը: Նոր մարդկանց հետ ծանօթանալը եւ նրանց հետ ընկերանալը պատճառ դարձաւ որպէսզի յաւերժանան այս տարւայ փառատօնի յուշերը:

Ամարաս Նազարեան՝
Թէկուզ կարճ, բայց վայելեցինք մեր պատմական արծւաբոյն աշխարհի հիասքանչ բնութիւնը:
Ճիշտ է, որ մենք հաւաքւել էինք երկրագնդի տարբեր մայրցամաքներից, բայց բոլորիս սրտի խորքում կար մի հոգեհարազատ անուն՝ Արցախ աշխարհ:

Զեփիւռ Նազարեան՝
Մենք աշխարհի տարբեր երկրների սփիւռքահայերս հաւաքւելով Արցախ աշխարհի սրտում՝ Շուշիում, մեզ զգացինք մի հսկայ ազգ: Շուշիի ասմունքի փառատօնը հիանալի առիթ էր մեզ համար մասնակցելու ու նաեւ ծանօթանալու եւ վայելելու Շուշիի հրաշք բնութիւնը, զարմանալ նրա եզակի վանքերի ու ճարտարապետութեան հմայքից:
Այս ամենի համար շնորհակալ ենք նեղութիւն կրողներին՝ փառատօնի կազմակերպիչներին:

Սելիա Սարգսեան՝
Այս տարի եւս բախտ ունեցայ մասնակցելու ասմունքի Համահայկական փառատօնին:
Այս տարի կրկին հանդիպեցի այն մարդկանց, որոնց հետ ծանօթացել էի տարիներ առաջ, հաճելի էր: Տեսայ թէ նրանք ինչպէ՜ս են գովաբանում իրանահայերի վարւելակերպը, բարեհամբոյր մօտեցումը եւ ամենակարեւորը հայրենասիրութիւնը:
Ուրախութեամբ կարող եմ խոստովանել, որ ամէն անգամ հայրենի հողում գտնւելիս նոր զգացմունքներ եմ ապրում: Այդ իսկ պատճառով իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդին, Մշակութային փառատօնի յանձնախմբի յարգելի պատասխանատուներին եւ սիրելի ուսուցչուհիներին, որ կրկին մեզ առիթ տւեցին բարձրանալ այդ հոյակապ բեմը: Գտնել նոր ընկերներ եւ շնչել մեր հայրենի երկրի օդը:

Գեղանի Դարաբիդեան՝
Փառատօնը գեղեցիկ բնոյթ ունի, ոչ միայն մրցակցութեան, այլ նաեւ համախմբելով տարբեր երկրների հայ աշակերտներին, առիթ է հանդիսանում նոր ծանօթութիւնների եւ ինչպէս նաեւ ցոյց է տալիս նրանց հայրենասիրութիւնը, ոգեւորութիւնը, սէրը, յարգանքը եւ նւիրւածութիւնը դէպի հայրենիք:
Ողջունում եմ կազմակերպիչներին, մասնակիցներին ու շնորհակալութիւն եմ յայտնում նրանց, այս գեղեցիկ առիթը ընձեռելու համար:

Անայիս Աբնուսեան՝
Սրտանց պիտի ուրախութիւնս արտայայտեմ, որ մէկ անգամ եւս առիթ ունեցայ մասնակցելու Շուշիի ասմունքի փառատօնին:
Որքան անգամ էլ գնաս Արցախ՝ Շուշի, նոյնքան նորութիւնների կը հանդիպես:
Ասմունքի փառատօնի բոլոր մասնակիցները ոգեւորւած էին: