Շուշիի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնից թեհրանահայ աշակերտները վերադարձել են յաղթանակած

2018 թւի յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ-ի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում անցկացւեց ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած էր «Արցախեան շարժման» 30-ամեակին:

Փառատօնին մասնակցել են 120 աշակերտներ 8 երկրից՝ Հայաստանից, Արցախից, Իրանից, Վրաստանից (Ջաւախքից), Լիբանանից, Ուկրայինայից, Բելոռուսիայից եւ ԱՄՆ-ից: Ամէն տարի զգալիօրէն աւելանում են մասնակիցների թիւը:

Այս տարի եւս Թեմական խորհրդի եւ Սրբազան Հօր հովանաւորութեամբ, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի, Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած Մշակութային փառատօնի ասմունքի բաժնում լաւագոյններից 16 աշակերտներ, իրենց մասնակցութիւնը ունեցան այս հրաշալի փառատօնին:

Յուլիսի 29-ին մասնակիցները իրենց ծնողների, Կրթական խորհրդի ներկայացուցիչների եւ պատասխանատուների հետ ներկայ եղան Ս. Սարգիս եկեղեցում եւ օրհնութիւն ստացան Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի միջոցով: Սրբազան Հայրը եւ արժ. Տ. Արիստակէս Շահմիրեանը յաջողութիւն մաղթեցին ճանապարհորդներին՝ նրանց աղօթագիրք նւիրելով:

Յուլիսի 31-ին մասնակից աշակերտներ՝ Գեղանի Դերբիդեանը, Մարտին Աղանեանը, Զեփիւռ Նազարեանը, Թենի Աղաբաբեանը, Ամարաս Լազարին, Մինէ Նազարեանը, Ալին Քեշիշեանը, Քեւին Նազարեանը, Սէրլի Ղեւոնդեանը, Լիա Դարուսին, Ամարաս Նազարեանը, Նոյ Նազարեանը, Ժուհանս Ծատուրեանը, Սելիա Սարգսեանը, Անի Յովհաննիսեանը եւ իրենց պատասխանատուներ՝ Ֆրէդ Աբրահամեանի, Քաթրին Նազարեանի եւ Քարմէն Ղահրամանեանի ուղեկցութեամբ, ներկայ գտնւեցին մրցոյթի բացման արարողութեանը, որը մեծ շուքով կատարւեց Շուշիի Խաչատուր Աբովեանի անւան միջնակարգ դպրոցում՝ Արցախի Գերաշնորհ Սրբազան Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի աղօթքով եւ հայրական խորհուրդներով:

Ասմունքի փառատօնին ներկայ էին Սփիւռքի Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ներկայացուցիչները, յարգարժան իրաւարար կազմը, մշակութային յանձնախմբի նախագահն ու մեծարգոյ բարերար՝ պրն. Ալէք Բաղդասարեանը, որոնք իրենց ելոյթներով ու բարեմաղթանքներով ոգեւորեցին ներկաներին:
Մրցոյթը կազմակերպւել էր երեք տարիքային սահմանումով, որը երկու օր տեւողութեամբ յաջողութեամբ աւարտւեց:

Շուշիի կազմակերպիչ յանձնախումբը ծրագրել էր շրջագայութիւններ դէպի՝ Գանձասար, Տիգրանակերտ, Հունոտի կիրճ (զոնտիկներ) եւ Ստեփանակերտ, ընդորում խմբերը մեծ ոգեւորութեամբ լուսանկարւեցին «Տատիկ Պապիկ»-ի յուշարձանի առջեւ:

Օգոստոսի 2-ի երեկոյեան կատարւեց Ասմունքի փառատօնի փակման ծրագիրը: Բոլորը մեծ խանդավառութեամբ ունկնդրեցին Շուշիի հիասքանչ երգչախմբի ելոյթը եւ անւանի երգիչների հաճելի երգերը: Ապա տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը: Թեհրանահայ աշակերտները իրենց փայլուն կատարումներով արժանացան գնահատանքի: Երկրորդ տարիքային խմբից առաջին հանդիսացաւ Անի Յովհաննիսեանը, իսկ երրորդ տարիքային խմբում երկրորդ տեղը գրաւեց Սելիա Սարգսեանը: Բոլոր մասնակիցները եւս արժանացան պատւոգրերի:

Ըստ աւանդոյթի՝ վերջին գիշեր վառեցին խարոյկ, բոլորը ունեցան երջանիկ եւ անմոռանալի պահեր, ճաշակելով հայրենիքի բոյրը եւ գտան նոր ընկերներ:

Օգոստոսի 3–ի առաւօտեան նախքան մեկնումը հիւրանոցի կից փոքրիկ պարտէզում տեղի ունեցաւ ծառատնկման արարողութիւնը, որը կատարւեց բանասիրական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Արծրուն Աւագեանի եւ փառատօնին մասնակիցների միջոցով:

Ժամը 10:00–ին անձնակազմը մեծ յուզմունքով բարի երթ մաղթեց մասնակցողներին՝ հրաժեշտի խօսքերով ճանապարհեցին բոլորին, նոր հանդիպումների յոյսով եւ ակնկալիքով: