Բնագիտական ( ֆիզիկա, մաթեմատիկա) Համահայկական 4-րդ օլիմպիադա

2018 թւի յուլիսի 12-ին Աղւերանում մեկնարկեց Բնագիտական Համահայկական 4-րդ օլիմպիադան, որին մասնակցել էին Սփիւռքի 4 երկրների՝ Իրանի, Քուվէյթի, Ռուսաստանի, Վրաստանի՝ թւով 17, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախ-ի՝ Ստեփանակերտի եւ Լաչինի՝ թւով 35, 14-18 տարեկան 52 դպրոցականներ:

Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհուրդը Բնագիտական Համահայկական 4-րդ օլիմպիադային մասնակցութիւն բերելու նպատակով, նախաձեռնեց աշխատանքներ: Այսպիսով, միջնակարգ դպրոցներից ընտրւեցին թւով 5 աշակերտ-աշակերտուհիներ՝ Մենուա Իսկանդարեանը, Սաթենիկ Շահիջանեանը, Մինէ Նազարեանը, Ադենա Հայրապետեանը, Անայիս Աբնուսը, Թեհրանի հայոց «Նայիրի-Սողոմոնեան», «Յ. Թովմասեան», «Մ. Մանուկեան» եւ «Մարիամ» հաստատութեան աղջկանց բաժնի միջնակարգ դպրոցներից: Օլիմպիադային նախապատրաստւելու, ինչպէս նաեւ նրանց գիտելիքները հայերէն լեզւով զարգացնելու նպատակով, սոյն աշակերտների համար նախատեսւեց դասընթացներ՝ հայոց ազգային «Ռոստոմ» դպրոցում: Նրանց դասաւանդեցին Նարբէ Աբուլեանը՝ մաթեմատիկա եւ Էմին Բաբայեանը՝ Ֆիզիկա առարկաները:

Մասնակից աշակերտ-աշակերտուհիները եւ իրենց պատասխանատու՝ Հերմինէ Նազարբէգեանը, ստանալով Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի աղօթքը, օրհնութիւնը եւ հայրական խրատները, երեքշաբթի՝ յուլիսի 10-ին, մեծ խանդավառութեամբ մեկնեցին Հայաստանի Կոտայքի մարզի լեռնային հանգստավայր՝ Աղւերան, մասնակցելու Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնած Բնագիտական Համահայկական 4-րդ օլիմպիադային:

Թեհրանի մասնակիցները մրցոյթից մէկ օր առաջ, չորեքշաբթի՝ յուլիսի 11-ի կէսօրին, լինելով Աղւերանի հրաշագեղ բնութեան գրկում գտնւող հիւրանոցում, առիթն ունեցան հանգստանալու, զւարճանալու եւ աւելի լիցքաւորւելու:

Հինգշաբթի՝ յուլիսի 12-ի երեկոյեան, հիւրանոցում տեղաւորւեցին մրցակից միւս խմբերն ու պատասխանատուները: Որից յետոյ բոլոր աշակերտները մասնակցեցին կազմակերպւած ուրախ ժամանցին եւ ծանօթացման խմբական խաղին:

Ուրբաթ, յուլիսի 13-ի առաւօտեան, տեղի ունեցաւ մաթեմատիկայի մրցոյթը, որին մասնակցեցին մեր խմբի բոլոր աշակերտները: Հարկ է նշել, որ Կրթական խորհրդի առաջարկով եւ կազմակերպիչների համագործակցութեամբ, քննութեան հարցերի հետ մեր մասնակիցներին տրամադրւեց նաեւ խորհրդիս կողմից պարսկերէն լեզւով թարգմանւած հարցերի օրինակը:

Իսկ կէսօրից յետոյ, ըստ ծրագրի՝ բոլոր մասնակիցները բաժանւելով 10 խմբերի, մասնակցեցին ինտելեկտուալ Վիկտորինա խաղին, որտեղ մրցեցին ընդհանուր գիտելիքների բնագաւառում: Սոյն մրցոյթում յաղթող ճանաչւած խմբի մաս էր կազմում մեր խմբից ՝ Մինէ Նազարեանը:

Նոյն օրը երեկոյեան տեղի ունեցաւ հայկական ազգային պարի ուսուցում, որի ընթացքում մասնակիցները ծանօթացան ազգային երեք պարերի հետ եւ մտերմիկ մթնոլորտում փորձեցին իւրացնել այդ պարերի շարժումները:

Շաբաթ ՝ յուլիսի 14- ի առաւօտեան տեղի ունեցաւ ֆիզիկայի մրցոյթը, որին եւս մասնակցեցին մեր խմբի բոլոր աշակերտները: Նրանց տրամադրւեց նաեւ հարցերի պարսկերէն լեզւով թարգմանւած օրինակը:

Կէսօրից յետոյ տեղի ունեցաւ «Օլիմպիադան իմ աչքերով» վերնագրով ներկայացման նախապատրաստական աշխատանքները: Նրանք, ովքեր ցանկութիւն ունէին օլիմպիադայի փակման արարողութեան ընթացքում ներկայանալ երգով, պարով կամ ասմունքով, միացան խմբին եւ տեղի ունեցան փորձեր ու համադրումներ:

Երեկոյեան ըստ ծրագրի տեղի ունեցաւ ազատ ժամանց, միաժամանակ շարունակւեցին ներկայացման փորձերը:

Կիրակի՝ յուլիսի 15-ին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի առիթով, շրջայց էր կազմակերպւել Սարդարապատի յուշահամալիր:

Մասնակիցները լինելով Սարդարապատի յուշարձանի մօտ, ինչպէս նաեւ համալիրի թանգարանում, ամրացրին իրենց կապը հայրենիքի եւ նախնիների հետ: Այդ պահերն աւելի յուզիչ ու տպաւորիչ դարձան, երբ մեր խումբը թանգարանում հնչեցրեց Սարդարապատ երգը:
Գնալով Երեւան եւ ճաշելուց յետոյ, շարունակւեց շրջայցը Երեւանի Կասկադ համալիր, որի բարձրունքից խմբով ներքեւ իջնելով ուրախ եւ անմոռանալի պահեր ապրեցին բոլորը:
Վերադառնալով Աղւերան եւ ընթրելուց յետոյ, տեղի ունեցաւ բոլորի համար սպասւած յաղթողների անունների յայտարարման պահը: Հարկ է նշել, որ Հայաստանի եւ Արցախի մասնակիցների համար նախատեսւած էր առանձին մրցանակներ, իսկ Սփիւռքի մասնակիցների համար առանձին:

Նախ շնորհակալագրեր ստացան Վիկտորինայում յաղթող ճանաչւած հինգ մասնակիցներ՝ այդ թւում Մինէ Նազարեանը:

Ապա հնչեցրին մրցանակակիրների անունները: Մեծ ուրախութեամբ Սփիւռքի երկրների մասնակիցների միջեւ մեր խումբն ունեցաւ հետեւեալ նւաճումները՝

Երրորդ կարգի դիպլոմի արժանացաւ՝ Ադենա Հայրապետեանը,
Երկրորդ կարգի դիպլոմի արժանացաւ՝ Մենուա Իսկանդարեանը,
Եւ վերջապէս Սփիւռքում առաջին ճանաչւեց եւ առաջին կարգի դիպլոմի արժանացաւ՝ Սաթենիկ Շահիջանեանը:

Բոլոր աշակերտները ստացան Բնագիտական Համահայկական 4-րդ օլիմպիադային մասնակցելու վկայագիր:

Դրանից յետոյ տեղի ունեցան գեղարւեստական ներկայացումներ, որի ընթացքում մեր խմբից հանդէս եկան մեր բոլոր աշակերտուհիները:

Միասնական ասմունքով հանդէս եկան՝ Անայիս Աբնուսը, Ադենա Հայրապետեանը եւ Մինէ Նազարեանը:

Ասմունքով եւ մենապարով առանձին հանդէս եկաւ՝ Անայիս Աբնուսը:

Ասմունքով առանձին հանդէս եկաւ՝ Մինէ Նազարեանը:

Երգով հանդէս եկան՝ Սաթենիկ Շահիջանեանը, Մինէ Նազարեանը եւ Անայիս Աբնուսը:
Իսկ վերջում մի խումբ մասնակիցների միջոցով ներկայացւեց օր առաջ սովորած պարերը: Պարողների խմբում էին՝ Անայիս Աբնուսը եւ Սաթենիկ Շահիջանեանը:

Մեր մասնակիցներին մաղթում ենք նորանոր վերելքներ ու յաջողութիւններ՝ կեանքի եւ ուսման ոլորտում:

Երկուշաբթի, յուլիսի 16-ի առաւօտեան, մասնակիցները թողեցին Աղւերանն ու Հայաստանը, իրենց սրտում վառ պահած հայրենիքի հանդէպ մեծ սէրն ու մտքում ամրագրած անմոռանալի յուշերն ու լաւ տպաւորութիւնները:

Այսպիսով աւարտւեց բնագիտական՝ մաթեմատիկայի եւ ֆիզիկայի իմացութեան բնագաւառում մրցելու առիթով՝ հայրենիքի եւ Սփիւռքի հայ դպրոցականների միջեւ միասնականութիւն եւ ծանօթութիւն ստեղծելու հրաշալի մի նախաձեռնութիւն: