Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուհամմեդ Ջալալ Ֆրուզնիին:
«Armenianorthodoxchurch» կայքից տեղեկանում ենք, որ մօտ երկու ժամ տևած զրոյցի ընթացքում լայնօրէն քննարկւել են Իրանի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Հայաստանի միջև գործակցութեանը, ինչպէս նաև Միջին Արևելքին ու Լիբանանին առնչւող հարցեր:
Նորին Սրբութիւնը շեշտել է Իրանի ու Հայաստանի միջև գործակցութիւնն ամրացնելու կարևորութիւնը` այն համարելով կենսական թէ' Հայաստանի և թէ' Իրանի համար:
Դեսպանն իր հերթին նշել է, որ Իրանը նոյն դրական մօտեցմամբ շարունակելու իր գործակցութիւնը և բարեկամական յարաբերութիւնները Հայաստանի հետ` յաւելելով, որ թէ' Հայաստանի, թէ' Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ Իրանի յարաբերութիւնները ռազմավարական կարևորութիւն ունեն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Միջին Արևելքին, յատկապէս` Սիրիայի ու Լիբանանի իրավիճակին: Արամ Ա-ն ողջունել է դեպի վերականգնում և վերակազմակերպում ընթացող` Սիրիայի ջանքերը, ինչպէս նաև շեշտել Սփիւռքի հայութեան համար Սիրիայի հայ համայնքի կարևորութիւնը:
Ինչ վերաբերում է Լիբանանին` Արամ Ա-ն ընդգծել է երկու հայ նախարարներ ունենալու անհրաժեշտութիւնը` որպէս հայ համայնքի իրավունք:
Այս շրջանակներում Իրանի դեսպանը ողջունել է Սիրիայի հայութեան զօրակցութիւնը սիրիական իշխանութեանը և Լիբանանի նոր կառավարութեան մէջ երկու նախարար ունենալու` հայ համայնքի իրաւունքը:
Վեհափառ հայրապետն ու դեսպանն անդրադարձել են նաև Իրանի հայութեանը: Դեսպանը մեծ յարգանքով է արտայայտւել Իրանի հայութեան մասին, մանաւանդ` երկրի հզօրացման և ծաղկման աշխատանքներում նրա գործուն մասնակցութեան մասին:
Հայրապետն իր հերթին խոր գնահատանք է յայտնել Իրանի հայութեան նկատմամբ երկրի հոգևոր առաջնորդի և պետութեան ցուցաբերած սիրալիր մօտեցման, ինչպէս նաև երկրում հայութեան վայելած լայն ազատութիւնների կապակցութեամբ: