Մեծարանքի երեկոյ նւիրւած իրանահայ ճարտարագէտ Վարդան Պօղոսեանին

Հինգշաբթի, Նոյեմբերի 1-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ իրանահայ ճարտարագէտ՝ Վարդան Պօղոսեանի մեծարման հանդիսութիւնը:

Վարդան Պօղոսեանը, մագիստրատուրայի աստիճանով, աւարտել է «Թեհրան» համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հանքերի ճարտարագիտութեան մասնաճիւղը, արտահանման թէքումով: Ճարտարագէտ Պօղոսեանի հիմնական մասնագիտութիւնը բաց հանքերի նախագծումն է:

Նա «Անգուրան»-ի հանքերում աշխատել է տարբեր պաշտօններում՝ փորձագէտի, հանքի պետի, տեխնիկական վարիչի, բաժնետէրի և «Քալսիմին» ընկերութեան վարիչ մարմնի նախագահութեան հանգամանքով: Նա, որպէս գլխաւոր խորհրդատու աշխատել է ցինկի, արճճի, պղնձի, ցեմենտի և ոսկու հանքերի արտահանման ու շահագործման նախագծերում և նախագծել ողջ երկրում տարածւած յայտնի հանքավայրերում և տասնեակ զանազան ընկերութիւններում: 2005 թւին գնահատանքի է արժանացել, որպէս վաստակաւոր Աւագ ճարտարագէտ Իրանի հանքերի ճարտարագիտութեան ոլորտում:

Մեծարանքի երեկոն իրենց ներկայութեամբ պատւել էին Իրանի եւ իրանահայ համայնքի ճարտարագիտութեան ականաւոր դէմքեր: Ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Նախ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Ճ.Ճ.Մ.-ի նախագահ՝ ճրտգ. Վարուժան Եդգարեանը, ապա ընթերցւեց ճրտգ. Վարդան Պօղոսեանի ամփոփ կենսագրականը: Ծրագիրը վարում էր Նոյ Նազարեանը:

Վահագն Դաւթեանի «Հայ ժողովրդին» ասմունքով հանդէս եկաւ ճրտգ. Մեղրի Բուդաղեանը: Ջութակի կատարումներով ելոյթ ունեցաւ Փիւնիկ Խուդավերդեանը իսկ քնարի կատարումներով՝ Մերեդիթ Մովսիսեանը:

Ելոյթներով հանդէս եկան ճրտ. Հոսէյն Ռէզային և ճրտ. Ֆարզան Ռաֆիհան, որոնք պատմեցին ճրտգ. Վարդան Պօղոսեանի հետ ունեցած իրենց համագործակցութեան անցեալից: Աւարտին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Ս. Սարգսեանը նախ քաջալերեց ճրտգ. Վարտան Պօղոսեանին, շնորհաւորելով իր գնահատելի աշխատանքների համար, որով ծառայել է իր ծննդավայր Իրանին, ինչու չէ նաև իր ծառայութիւնն է բերել իր պատմական հայրենինքին՝ Հայաստանին: Ապա դիմելով Հ.Ճ.Ճ. Միութեան անդամներին, շնորհակալութիւն յայտնեց իրենց, որ պարբերաբար նման ծրագրեր են կազմակերպում և մեր հասարակութեան ներկայացնում են այն անձինք, որոնք անցեալ տասնեակ տարիների ընթացքին լուռ ու մունջ աշխատել են և իրենց ներդրումն են բերել Իրանին, մեր գաղութին և այդ ձևով իրենց քաղաքացիական պարտականութիւնը լաւագոյն կերպով կատարել:

Միջոցառման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ գնահատագիր յանձնւեց Վարդան Պօղոսեանին, ապա նա իր շնորհակալական խօսքն ուղղեց Սրբազան Հօրը, կազմակերպիչներին և մասնակիցներին:

Միջոցառումը նախաձեռնւել էր «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրինութեան և Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութեան վարչութեան կողմից։