Միջոցառում՝ Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով

Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի Իրանում կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով Չորեքշաբթի հոկտեմբերի 10-ի երեկոյեան, Թեհրանի ասորիների «Սեթարէ Աշուր» դահլիճում կազմակերպւել էր սոյն առիթով իւրայատուկ միջոցառում:

Միջոցառումը մեկնարկւեց Իրանի պետական հիմնով: Որպէս հաղորդավար հանդէս եկաւ՝ ասորիների միութեան հանրութեան հետ կապի տնօրէն պրն. Ռամոն Իւսէֆի Ջամքին, ապա ելոյթներ ունեցան Իրանի ասորիների արեւելեան եկեղեցու հոգեւոր գլխաւոր առաջնորդ՝ եպ. Բէնեամինը, Թեհրանում ասորիների միութեան նախագահ՝ պրն. Ալբերթ Քոչուին, Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցով հիմնարկի նախագահ՝ Սաիդ Թաղաւին, Ի.Ի. Խորհրդարանում ասորիների պատգամաւոր՝ Իւնաթան Բէթքոլիան, ով իրենց առաքելութեան իրականացման ճանապարհին զոհւած կարգապահական ուժերի յիշատակը մեծարելու նպատակով յայտարարեց մէկ րոպէ ոտընկայս լռութիւն:

Եզրափակիչ խօսքը արտայայտւեց Մեծ Թեհրանի կարգապահական ուժերի հրամանատար դերզօրավար՝ Հոսէյն Ռահիմին:

Ելոյթներում կարեւորութեամբ անդրադաձ կատարւեց կրօնական փոքրամասնութիւնների բոլոր միջոցառումների ապահովման հարցով կարգապահական ուժերի անվերապահ համագործակցութիւնների մասին: Նաև վեր հանւեց Թեհրանում կարգապահական ուժերի զանազան միաւորումների իրականացրած ապահովական քայլերի եւ քաղաքում գողութիւնները եւ մաքսանենգութիւնները նւազագոյնին իջեցնելու ջանքերը:

Միջոցառմանը Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւր առաջնորդների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին կարգապահական ուժերի հրամանատարին եւ զանազան միաւորների ղեկավարներին, որոնք յատկապէս առնչակից են կրօնական փոքրամասնութիւնների հարցերին:

Հանդիսութեանը ներկայ էին Ի.Ի. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ժորժիկ Աբրահամեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «ԱԼԻՔ»հաստատութեան, ազգային կառոյցների ներկայացուցիչները եւ Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը: