Հոգեհանգստեան Արարողութիւն «Շարլ Ազնաւուր»-ի հոգու խաղաղութեան համար

Կիրակի 7 հոկտեմբեր 2018-ին, Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, աշխարհահռչակ արւեստագէտ՝ հանգուցեալ Շարլ Ազնաւուրի հոգու խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այդ առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Յաւարտ Ս. պատարագի եւ հոգեհանգստեան արարողութիւնից առաջ, թեմակալ առաջնորդն իր քարոզի ընթացքում մեծարելով Շարլ Ազնաւուրի մարդկային եւ աշխարհահռչակ արժանիքները, ընդգծեց՝ «նա արժանացաւ ոչ միայն որպէս աշխարհահռչակ արւեստագէտ, բանաստեղծ ու երգիչ, այլ իր արւեստը ծառայեցրեց մարդկութեան հոգեւոր ու մտաւոր զարգացման համար»:

Սրբազան հայրը նաև նշեց. «Շարլ Ազնաւուրն իր կեանքի ամէն մի հանգրւանին, ինչ որ բան տւեց մարդկութեանը, իր ազգին ու իր հայրենիքին: Արւեստագէտը ծառայում է արւեստին, իսկ երբ նաեւ արւեստի կողքին ծառայում է նաեւ մարդկութեան եւ իր հայրենիքին, կրկնակիօրէն իմաստաւորւած կեանք է ունենում: Հանգուցեալ Շարլ Ազնաւորի կեանքը այդպէս եղաւ: Նա իր ստեղծագործութիւններից ամենագեղեցիկը եւ ամենաներշնչողը նւիրաբերեց Հայոց Ցեղասպանութեանը զոհ գնացած նահատակներին»:

Ապա Սրբազան հայրն անդրադառնալով Շարլ Ազնաւուրի մարդասիրական զգացմունքին, կարեւորեց նրա ցուցաբերած նպաստը, 1988 թւականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի օրերին և շեշտեց՝ «նրա հոգում տեղ ունէր ամէն մի հայ եւ Շարլը իր երգով ոչ միայն ինքն իրեն յաւերժացրեց, այլ նաեւ յաւերժացրեց իր ժողովուրդին: Նա եղաւ համայն հայութեան դեսպանն աշխարհով մէկ»: